Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվա իր այցը որակել է արդիական երկու երկրների հարաբերությունների դինամիկայի համատեքստում եւ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ քաղաքական արդյունավետ երկխոսությամբ։
«Կարծում եմ, որ այս այցը երկկողմ համագործակցության հարցերի քննարկման, ինչպես նաև մի շարք արդիական հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակման լավ հնարավորություն է։ Ցանկանում եմ նշել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը շարունակելու մեր երկկողմ հարաբերությունների և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի շուրջ արդյունավետ քաղաքական երկխոսությունը»,- ասել է Միրզոյանը ռուս պաշտոնակցի Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների մեկնարկից առաջ։
Երեւանը Մոսկվայի բնական դաշնակիցն է. Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոստովանել է, որ անցած տարին հայ-ռուսական հարաբերությունների համար հեշտ չի եղել։
«Մենք այսօր անկեղծորեն, այն մթնոլորտի ոգով, որը պահպանում են մեր ղեկավարները՝ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկելու ենք օրակարգային բոլոր հարցերը, որոնք կարևոր են ձեզ համար, կարևոր Ռուսաստանի Դաշնության համար», — ասել է Լավրովը։
Նա բոլոր խնդիրները կառուցողական մթնոլորտում քննարկելու համոզմունք է հայտնել։ «Մենք միշտ գնահատել ենք եւ շարունակում ենք գնահատել հայ ժողովրդի հետ եղբայրական կապերը, Հայաստանի հետ, որը մեր բնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է»,- ասել է Լավրովը։
Երեւանը հաշվի է առնում Մոսկվայի շահերը եւ ակնկալում է նույնը
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը միջազգային հարթակներում փորձում է հաշվի առնել Ռուսաստանի շահերը։ «Եվս մեկ կարեւոր ցուցիչ է միջազգային հարթակներում համագործակցությունը։ Մենք միշտ փորձում ենք ըմբռնումով մոտենալ Ռուսաստանի շահերին, կա ցանկությունը եւ ընկալում, որ ռուսական կողմը միջազգային հարթակներում ինչ-որ առումով պետք է հաշվի առնի Հայաստանի Հանրապետության շահերը։ Միջազգային հարթակներում մեր հարաբերությունների համագործակցություն կա եւ մենք նպատակամղված ենք շարունակել այդ ավանդույթը»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը հիշեցրել է «Խաղաղության խաչմերուկ»- ը
Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել Հարավային Կովկասի հաղորդակցության բոլոր ուղիները։
«Ուրախ եմ հաստատել բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու Հայաստանի տեսլականը, որի իրականացումը նախատեսված է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում»,- ասել է նա։




