
«Սիրո թեմայի նման անվերջ թեմա է առողջապահությունը, բայց ես մի քաղաքական հարց կտամ Ձեզ, հարցս վերաբերում է հեծանիվին»։
Սերն ու առողջապահությունը համեմատողն ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանն է, քաղաքական հարցի հասցեատերը՝ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որը խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրվել ու հավակնում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին։ Վարչապետը հեծանիվ է վարում, Դուք՝ դահուկ․ այսպիսով փորձում եք քարոզե՞լ առողջ ապրելակերպը՝ հարցնում է Բաթոյանը․
«Ես հաճախ դժվարանում եմ Երևանում վազելու տեղ գտնել, որովհետև պրակտիկորեն չկա։ Բուսաբանական այգին է, Վարդավառի այգին է, Մարզահամերգային համալիրի շուրջն է։ Մեկ-մեկ գնում եմ Արտաշատի դաշտում եմ վազում․ Երևանից քշում եմ Սրտաշատ։ Այսինքն՝ ոչ միայն պետք է խրախուսենք, այլև ենթակառուցվաքծներ ստեղծենք, բակեր, որտեղ երեխաներին տրվում է թեկուզ ֆուտբոլ խաղալու կամ վարժություններ անելու հնարավորություն։ Ֆինանսնական ներդրում է պետք, որը վերջին տարիներին կտրուկ աճել է, բայց բավարար չէ, և մենք շատ հեռու ենք առողջ քաղաք կամ առողջ միջավայր ունենալուց»։
Նման հարցերում ժուժկալություն ցուցաբերել չի կարելի է․ սա է հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը ստանձնել հավակնող Արսեն Թորոսյանի մոտեցումն ու հայեցակարգի հիմնական շեշտադրումներից մեկը։ Դրանցից մյուսով, ըստ թեկնածուի, պետք է ամեն ինչ արվի առողջապահությունը հիվանդապահության չվերածելու համար։
«Առողջպահություն ասելով հասականում ենք ավելի շատ հիվանդապահություն, որովհետև երբ լսում ենք, թե ինչի մասին է հնարային բանավեճը, հիմնականում իրենց վերջին ստադիային հասած հիվանությունների բուժման մասին է, ոչ թե առողջությունը պահպանելու, ինչպես ասում է բուն տերմինը։ Սրանցի պետք է բխի, թե մենք ավելի շատ ինչի վրա ենք ներդրումներ անում, ավելի շատ ուզում ենք ունենալ հիվանդանոցներ, որտեղ իրենց վերջին ստադիային հասած քաղաքացիները կբուժվե՞ն, թե՞ ուզում ենք ներդրում անել այնպիսի գործիքների, միջոցների ու քաղաքականությունների վրա, որոնք թույլ կտան մեր քաղաքացիներին հնարավորինս ուշ հասնել հիվանդանոցներ, կամ ընդհանրապես չհասնել»։
Արսեն Թորոսյանի պատասխանը հօգուտ վերջինի է։ ԱԺ պատգամավորները փորձում են հասկանալ՝ ինչպես։ Կանխարգելելը հրաշալի մոտեցում է, սակայն դրա համար մասնագիտական բավարար ռեսուրսներ ու քաղաքացիների բավարար ցանկություն է պետք։ ԱԺ պատգամավոր Սեգրեյ Բագրատյանն է հարցնում․
«Վայոց ձորի բժշկական կենտրոնը չունի մանկաբույժ և չունի գինեկոլոգ։ Էլ ինչպե՞ս կանխարգելենք, եթե մանկաբույժ չկա, վաղ տարիքում հիվանդությունները չկանխորոշենք, հետո ինչպե՞ս ենք բուժելու։ Եվ չկա պարզ պատճառով՝ աշխատավարձը շատ ցածր է, չեն ցանկանում աշխատել այդտեղ»։
Կադրային խնդիրն ակնհայտ է և ոչ միայն Վայոց ձորում՝ ասում է Թորոսյանը՝ մարզային բուժհաստատություններում անձնակազմի սակավության ֆոնին հիշեցնելով մայրաքաղաքում բուժաշխատողների ավելցուկը։ Բժիշկը չի ուզում գնալ ու աշխատել մի վայրում, ուր իր համար՝ ժամանցի, երեխայի համար՝ կրթության հնարավորություններ չի գտնելու։ Ասում է՝ միայն բուժհաստատության պատերի ներսում լավ պայմաններ ապահովելը բավարար չէ։ Մյուս կողմից էլ, Թորոսյանի խոսքով, առողջապահությունը միայն առողջապահության ոլորտը համակարգողների գործը չէ․
«Հենց ԿԳՄՍ նախարարությունը առողջության պահպանման գործում ավելի մեծ պարտականություն ունի քան հենց առողջապահության նախարարությունը․ փոքրուց առողջ լինելը, ֆիզկուլտուրան, վնասակար սովորությունների դեմ պայքարը, առողջ ապրելակերպի ծրագիրը, սպորտային հասանելիությունը․․․կամ ՏԻՄ-երը՝ դաշտեր, սպորտի, վազելու հնարավորություններ․․․ սրա մասին է առողջությունն ու առողջապահությունը»։
Եթե հնարավոր լինի արդյունավետ կառավարել ու կանխարգելել ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը, օրինակ՝ սրտանոթային, շաքարային, թոքային հիվանդությունները կամ քաղցկեղը, հնարավոր կլինի նաև խնայել ՀՆԱ-ի 6.4 տոկոսը՝ ասում է Թորոսյանը։ Եվ պետք է սկսել առողջության առաջնային պահպանման օղակներից։ Այդ դեպքում ի՞նչ մոտեցում կա բուժամբուլատորիաների վերամիավորման և օպտիմալացման մասին նախագծի վերաբերյալ՝ հարցնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
— Հիմա գրեթե բոլոր բուժամբուլատորիաներում համատեղվում է տնօրենի և բժշկի պաշտոնը, և դա լավ օրից չէ, որ թույլ է տրվել ժամանակին: Քանի որ ունեցել ենք կադրերի և նաև ֆինանսական միջոցների սղություն, թույլատրվել է միայն այդ մակարդակում համատեղել բուժական գործունեությունը տնտեսական-կառավարչական գործունեության հետ: Օրինակ՝ հիվանդանոցի տնօրենը չի կարող վիրահատություն անել, ի տարբերություն բժշկական ամբուլատորիայի տնօրենի, որը կարող է բուժել որպես թերապևտ, ընտանեկան բժիշկ: Այս բարեփոխման իմաստներից մեկը նաև այդ գործառույթները տարանջատելն է,- ասում է Թորոսյանը։
— Աշխատաբքների ծանրաբեռնվածությունը որ տարանջատում եք, շատ լավ է, բայց մարզում ու գյուղաբնակ համայքներում չենք կարողացել մեկ ընտանեկան բժիշկ երիտասարդ կադր համալրել։ Պատկերացնում եք էդ համատեղող տնօրենը դառնան մենակ տնօրեն, էդ բուժամբուլատորան ամբողջությամբ ձախողելու է, ընդեղ աշխատում են մեկ կամ լավագույն դեպքում երկու բժիշկ, որոնց տարիքը 65+ է,- հակադարձում է Արման Ղազարյանը։
Մարդը, որը կորոշի զբաղվել կազմակերպչական հարցերով, կդիմի ու կդառնա տնօրեն, ինքն էլ կփորձի կազմակերպել նոր բուժաշխատողների ներգրավման գործընթացը՝ ասում է Թորոսյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ Առողջապահական հարցերով մշտական հանձնաժողովի նոր նախագահ ընտրելու անհրաժեշտությունն առաջացել է նախկին նախահագ Նարեկ Զեյնալյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո։ Վերջինս այդ քայլին գնաց վարչապեի խնդրանքով։ Ընտրվելու և նույն խնդրանքը ստանալու պարագայում նույն կե՞րպ կվարվեք՝ հարցնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը․
«Եթե նման իրավիճակ լինի, որ իմ մանդատը վայր դնելը անհրաժեշտ լինի մեր թիմին, ես մի վայրկյան չեմ մտածի դա անելու վերաբերյալ»։




