ԿարևորՏնտեսական

Ոչխարաբուծությունը ծախսատար չէ, բայց Արագածոտնում անկում է ապրում

Արագածոտնի մարզի Արտենի համայնքում ոչխարաբուծությունը անկում է ապրում: Գյուղում միայն 3 ընտանիք է զբաղվում մանր եղջերավոր կենդանիներով: Գարնանը հոտը սար է բարձրանում, իջնում՝ տարվա վերջին: Ոչխարաբույծներն ասում են, որ մանր եղջերավոր կենդանիներ պահելը ձեռնտու է, քանի որ քիչ ծախս է պահանջում, բայց շատերը հրաժարվել են ոչխար պահելուց:

Մանր եղջերավոր կենդանիներին գյուղերում կարող ենք հանդիպել միայն ձմռան ամիսներին, քանի որ ապրիլից հոտը բարձրանում է սար ու իջնում դեկտեմբերի վերջին: Լեռնային ու բարձր լեռնային արոտավայրերը նպաստավոր են մանր եղջերավոր կենդանիներ պահելու համար: Ոչխարները մինչև ձյուն գալն արածում են դաշտերում՝ ասում է Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ Շանթ Պողոսյանը։

«Դաշտից բերեցի, խոյեր ու մաքիներ են, թվով՝ 45 գլուխ, մեր տեղական սորտերն են՝ կարմիրն է ու բալբասը: Շատ դիմացկուն են մեր պայմաններին և քիչ ծախս են պահանջում: Օրինակ՝ խոտն արածում են մինչև ծնելը: Կարող է դաշտում ծնի, հետո 20 օր պահենք տանն ու նորից թողնենք՝ գնա դաշտ»:

Շանթ Պողոսյանը գրեթե 5 տարի զբաղվում է ոչխարաբուծությամբ: Ասում է՝ գործը սիրով է անում. Սկզբում՝ մեկ ոչխար են նվիրել, պահել է ու սկսել բազմացնել: Հոտի մեծ մասը վաճառել է: Եկամուտը հիմնականում գառների վաճառքից է, կաթից ու բրդից եկամուտ չունի: Գառները կենդանի քաշով են վաճառում՝1 կգ-ը1700 դրամ, որի 60 տոկոսն է կազմում մաքուր քաշը:

«Մեր ոչխարները մի անգամ են ծնում, մոտավորապես փետրվարի 10-ին ու վերջ, ինքը կթվում է: Սովորաբար ոչխարապահության արդյունավետությունը կաթի ու գառի մեջ է, բայց կարող ենք չկթել ու տարվա մեջ 2 անգամ գառ ստանալ: Այդ դեպքում մի ոչխարի տարեկան եկամուտը կլինի 100 հազար դրամ»:

Հիմա ոչխարների հղիության շրջանն է, 45 գլխից 27-ը շուտով ծնելու է: Արտենիում միայն 3 ընտանիք է ոչխար պահում, մնացածն աստիճանաբար նվազեցրել են գլխաքանակն ու լրիվ վերացրել: Ոչխարաբույծները ձմռանն ավելի ուշադիր են մաքիների նկատմամբ, ձյան դեպքում արոտ չեն տանում, որպեսզի ծնելիության անկում չլինի:

«Եթե ձյան շերտը բարձր եղավ և հպվեց ոչխարի որովայնին, կրծքին, ուրեմն չպետք է դուրս գնա, թե չէ կկորցնի գառներին, հղիությունը կընդհատվի: Այդ դեպքում որովայնը սառում է և ոչխարը շուտ ազատվում է գառից, որպեսզի կարողանա բարձրանալ: Երբ գառից ազատվում է, ձնից բարձրանում է ու փրկվում»:

Ամռանը հոտը սարերում պահելու համար հովվին մեկ գլխի դիմաց 1000 դրամ է վճարում: Ասում է՝ իրենք չեն կթում ոչխարներին, սարերում հովիվն է կթում ու կաթը մշակում: Ոչխարներին օրը մեկ անգամ են կթում՝ կես լիտրից մինչև 1լ կաթ են ստանում, իսկ բուրդն ամբողջությամբ այրում են, մինչդեռ տարիներ առաջ ոչխարի բուրդը վաճառել են:

«Մինչև ապրիլ ամիսը գառն է կաթն ուտում: Երկուսուկես ամսական գառները չեն կթվում, երբ բարձրանում են սար, այնտեղ են կթվում, իսկ բուրդը թափում ենք: 1000 հատով խուզում են, հնարավոր է 10 ոչխարի բուրդը պահեն, մնացածը վառում, թափում են»:

Շանթն ասում է, որ գորգագործության մեջ հատուկ տոհմային ցեղատեսակների ոչխարների բուրդն է օգտագործվում: Իր ոչխարները տոհմային չեն, մսաբրդատու, ճարպապոչավոր խառնացեղ խմբի կենդանիներ են, որոնք հարմարված են լեռնային պայմաններին:

Մանր եղջերավոր կենդանիների մստավությունն ու կաթնատվությունը բարձրացնելու համար տնտեսվարողներին առաջարկվում է տոհմային ոչխարներ ու այծեր ձեռք բերել, դրանց արժեքի 50 տոկոսը փոխհատուցելու է կառավարությունը: Մեկ գլուխ տոհմային կենդանու արժեքը սահմնանվել է 300 հազարից մինչև 450 հազար դրամ:

Մեկնաբանում է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության բաժնի մասնագետ Մուշեղ Ղազարյանը․

«Եթե տեղում բուծված տոհմային կենդանի եք գնում, ապա փոխհատուցման առավելագույն չափը կլինի 150 հազար դրամ, որովհետև միջին շուկայական գինը հաշվարկվել է 300 հազար դրամ, բայց դա չի նշանակում, որ պարտադիր 300 հազար դրամով գնվի կենդանին: Կարող եք 200 հազար դրամով կամ 100 հազար դրամով գնել և ստանալ դրա 50 տոկոս, իսկ ներկրելու դեպքում մինչև 450 հազար դրամի 50 տոկոսն է հատուցվում, այսինքն՝ 225 հազար դրամ»:

Ծրագրի պարտադիր պայման է, որ շահառուն լինի անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, ունենա բարվոք վարկային ու հարկային պատմություն, իսկ ձեռք բերվող մանր եղջերավոր կենդանիները՝ հավաստագրեր. տոհմային ցեղատեսակի վկայականներ ու քարտեր:

Կարդացեք նաև

Back to top button