ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Պայմանագիր վստահությա՞ն, թե՞ անվստահության մասին․ ռուս-իրանական համաձայնագիրը՝ փորձագետների ուշադրության կենտրոնում

Հունվարի 17–ին Մոսկվայում կնքված ռուս–իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը առաջիկա 20 տարվա համար է։ Մոսկվան ու Թեհրանը, ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել են նաև, որ եթե կողմերից մեկը ագրեսիայի ենթարկվի, մյուսը ոչ մի օգնություն չի ցուցաբերի ագրեսորին։ Նախագահներ Պուտինն ու Փեզեշքիանը մտադիր են նաև ամրապնդել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում, ընդլայնել գործակցությունը երկու երկրների հետախուզական ծառայությունների միջև։ Փորձագետները ստորագրված փաստաթուղթն ավելի շատ անվստահության դրսևորում են համարում։

Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցության 20 ամյա նոր, 47 կետից բաղկացած փաստաթուղթը այն մասին է, որ երկու երկրներն իրար չխանգարեն, եթե դրանցից մեկը ռազմական գործողություն սկսի երրորդ երկրի դեմ, համոզված է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Նա կարծում է, որ Մոսկվա-Թեհրան նոր համաձայնագիրը ամենևին չի կարգավորում երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունները։

«Ընդամենը այս փաստաթղթով կարգավորվում է, որ իրենք ռազմական գործողությունների ժամանակ կամ, ասենք, որեւէ այլ իրողությունների ժամանակ միմյանց չեն խանգարելու։ Սա իրականում սրա մասին է։ Տեսեք, ուրեմն հետևյալն է։ Օրինակի համար՝ ավանդաբար Հայաստանի Հանրապետությունը համարվում է Ռուսաստանի ազդեցության գոտի, և այստեղ գործունեություն ծավալելու է, ըստ էության, Ռուսաստանը, և երբ որ տարածաշրջանում որևէ ռազմական գործողություն լինի, ըստ էության, ստացվում է, որ այստեղ պետք է Իրանը լինի Ռուսաստանի կողմը, այլ ոչ թե օրինակ, ԱՄՆ-ի կողմը, կամ չգիտեմ ընդհանրապես ինքը որևէ կողմ չբռնի»։

Մոսկվա-Թեհրան համաձայանգրի ստորագրումից հետո Իրանի նախագահը պարզաբանեց, որ տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը։ Նա ասաց, որ ինքն ու Իրանի հոգևոր առաջնորդը կարծում են, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների միջև, պայմանավորվածությունների միջոցով։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ուշադրություն է հրավիրում պայմանավորվածությունների այն դրույթին, ըստ որի երկու երկրները չպետք է խանգարեն միմյանց ռազմական գործողություների ժամանակ, բայց պետք է նպաստեն քարոզչական դաշտում։

«Այնտեղ կա մի կետ, որը շատ ավելի պարզ և հստակ է դարձնում այս ամենը, այս իրողությունները։ Խոսքը գնում է քարոզչության մասին, որ երկու պետությունները միմյանց հետ միասին պետք է իրականացնեն քարոզչություն»։

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը համոզված է, որ փաստաթուղթն առավելապես Մոսկվայի շահերն է սպասարկելու։

«Ռազմավարական համաձայնագրերը այն ժամանակ են աշխատում, երբ համընթաց  են լինում ռազմավարական շահերը, երբ համընթաց  են լինում ազգային անվտանգության շահերը: Ռուսաստանը, երբ իրեն պետք է, անհրաժեշտ է, անում է ի վնաս նաև Իրանին քայլեր։ Սա, ավելի շուտ, ես կասեի՝ կարող է համաձայնագրերի տրցակը մի քիչ ավելի հաստացնի։ Ռուսաստանը հիմա պետք է Թրամփի հետ ուկրաինական հարցը քննարկի կամ ուրիշ մի բան։ Հիմա փաստաթուղթը Ռուսաստանի շահերին է ծառայելու, որովհետև ինքը կարող է որպես խաղաքարտ օգտագործել Իրանի հետ հարաբերությունը, շահարկի այն ԱՄՆ հետ»։

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ավարտ և ապրանքաշրջանառության ծավալների ավելացում։ Թեհրանն ու Մոսկվան նոր համաձայնագրի շրջանակներում մտադիր են համագործակցել էներգիայի արտադրության, փոխանցման և արտահանման ոլորտում, նախատեսվում է նաև նոր տեխնոլոգիաների փոխանցում վերականգնվող էներգիայի ոլորտում։ Հայտարարվեց նաև Հյուսիս-Հարավ միջանցք գազատարը Ադրբեջանով անցկացնելու մասին։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն, անդրադառնալով Մոսկվայի ու Թեհրանի միջև ստորագրված փաստաթղթին, Տելեգրամում գրում է, որ բավականին տարողունակ համաձայնագիրը նուրբ տողատակեր է պարունակում։ Նրա կարծիքով՝ պայմանագիրը թերևս «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին է: Վերլուծելով փաստաթղթի ստորագրումից  հետո Ռուսաստանի և Իրանի նախագահների  հայտարարությունները, վերլուծաբանը տարակուսում է՝ Իրանն ու Ռուսաստանը միմյանց ավելի շատ վստահու՞մ են, թե՞ ունեն անվստահություն:

Ստորագրված փաստաթուղթը պաշտոնապես չի հրապարակվում, և երկու երկրների բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ արդեն կարծիք են հայտնում, որ համաձայանագրում գլխավոր կետերից մեկը Իրանի ու Ռուսաստանի միջև սպառազինության փոխադարձ մատակարարումն է։ The Times-ի տվյալներով, մինչ Իրանի նախագահի Ռուսաստան մեկնելը Մոսկվա է ժամանաել Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Լարիջանին, որը կարող էր քննարկել Իրանի միջուկային ծրագրի զարգացման հարցում ՌԴ –ից օգություն ստանալու  հնարավորությունը։

Կարդացեք նաև

Back to top button