
Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման եռակողմ՝ Երևան-Մոսկվա-Բաքու բանակցություններում երբեք չի քննարկվել արտատարածքային միջանցքների հարցը՝ նախօրեին ասել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը և պնդել, թե պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ կողմերն ինքնիշխանություն և իրավազորություն ունեն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։
Փորձագետները պաշտոնական Մոսկվայի այս և նախորդ հայտարարությունների միջև հակասություններն են տեսնում ու փորձում հասկանալ, թե ինչով է պայմանավորված դիրքորոշման փոփոխությունը։
Մոսկվան ստուգում է Երևանի տրամադրությունները՝ կարծում է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ վերլուծելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի նախօրին արած հայտարարությունները։ Մարիա Զախարովան, մասնավորապես, հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» մասին Հայաստանի «էմոցիոնալ բացասական ռեակցիան տարակուսանք է հարուցում»:
«Իմ մոտ տպավորություն է, որ հատկապես վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունը փորձում է շոշափել Հայաստանի իշխանությունների կողմից հավանական զիջումների մակարդակը, աստիճանը, հասկանալ, թե ճնշման դեպքում ինչպիսի զիջումների է հնարավոր հասնել։ Որոշակի ժամանակահատված առաջ ակնհայտ էր, որ Ռուսաստանի Դաշնությունը, ըստ էության, թեպետ չէր հայտարարում միջանցքի հնարավորության մասին, սակայն դրան դեմ էլ չէր արտահայտվում։ Տպավորություն կար, որ Ռուսաստանն այսպես թե այնպես խնդիր է դրել այդ ճանապարհը վերահսկել, ինչպիսի կարգավիճակ էլ որ այն ունենա»,- ասում է Պողոսյանը։
Համառուսաստանյան պետական հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում Դմիտրի Կիսիլյովը խոսել էր, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին՝ մեջբերելով Ալիևի հայտարարությունները։ Դրանից հետո Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել էր արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի հայտագիր էր հանձնվել՝ հաղորդման ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ արհեստականորեն գեներացված խոսույթներ հնչեցնելու համար։
Անդրադառնալով այս միջադեպին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նախ տարակուսել էր, որ խոսքը լրագրողի դիտարկումների մասին է, ապա հավելել․

«Եռակողմ խմբում երբեք խոսք չի եղել Հայաստանում ինչ-որ արտատարածքային միջանցքների մասին։ Հակառակը՝ պայմանավորվածություն կար, որ կողմերն ինքնիշխանություն և իրավազորություն ունեն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ»։
Մոսկվայում հասկացել են, որ միջանցքային տրամաբանությունը կարմիր գիծ է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար՝ ասում է Արա Պողոսյանը՝ հիշեցնելով, որ միջանցք ստեղծելու մոտեցումը պնդում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Այս պայմաններում Մոսկվան պետք է «կողմնորոշվի»։
«Ռուսաստանի համար այսպես թե այնպես ռազմավարական որոշում կայացնելու ժամանակն էր մոտենում, հատկապես եթե հաշվի առնենք արդեն մակրո մակարդակում հայ-արևմտյան հարաբերությունները։ Սրանք վկայում են, որ Ռուսաստանը աստիճանաբար դուրս է մնում կամ դուրս է մնալու տարածաշրջանային գործընթացներից, առնվազն Հայաստանի շուրջ ընթացող գործընթացներից և Ռուսաստանը այսպես, թե այնպես պետք է կայացներ ռազմավարական որոշում՝ հակադրվում է Հայաստանին և Իրանին միանալով թուրք-ադրբեջանական տանդեմին թե՞ ընդհակառակը՝ գնում է համագործակցային քաղաքականության։ Այս պահին իմ մոտ տպավորություն է, որ Ռուսաստանը գնալու է կամ փորձելու է գնալ համագործակցային քաղաքականության ճանապարհով, որպեսզի վերջնականապես չկորցնի իր ազդեցությունը տարածաշրջանում»։
Կիսիլյովը Ռուսասատանի դեպանի՝ ՀՀ ԱԳՆ կանչվելուց հետո նշել է, թե չի հասկանում կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել իր հայ եղբայրներին։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը նույնպես կարծում է, որ 44-օրյա պատերազմից հետո լուրջ ճնշում է բանեցվել Հայաստանի դեմ, այսպես կոչված միջանցքի հարցը լուծվելու համար, սակայն ջանքերն ապարդյուն են եղել։
«Ադրբեջանառուսական կողմը հույս ուներ, որ Հայաստանը ջարդված, կոտրված լինելով 44-օրյա պատերազմից կհամաձայնվի այդ միջանցքին։ Իրենք հավանաբար չէին կանխատեսել, որ Հայաստանը կդիմադրի այդ հարցում և անակնկալի եկան, տարբեր ձևերով փորձեցին, Հայաստանի դեմ նախ հոգեբանական ճնշում եղավ, 2021 թվականի ագրեսիան էր Ադրբեջանի կողմից՝ սեպտեմբերյան ու նաև դրան նախորդած ու հաջորդած ագրեսիաները։ Հիմնականը սեպտեմբերյան ագրեսիան էր, ուղղվածությունն էլ հիմնականում Սյունիքի հատվածներն էին և հույս ունեին, որ Հայաստանը կգնա և կստորագրի»,-ասում է Վարդանյանը։
Արցախի հայաթափումը ևս Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակ ուներ՝ կարծում է քաղաքագետը։ Իսկ առաջիկա զարգացումներն, ըստ զրուցակցիս, պայմանավորված կլինեն ԱՄՆ նախագահ Թրամփի որոշումներով ու քայլերով։




