
Երևանի Մամիկոնյանց 42/1-ի բնակիչները արդեն 2 տարուց ի վեր սպասում են, մինչև կառուցված ու բնակեցման լիովին պատրաստ շենքում ապրելու թույլտվություն ստանան։ Բողոքը մի քանի հասցեատեր ունի, բայց վերջնական պատասխան՝ դեռ ոչ։ Կուտակված հարցերի պատասխանները քաղաքացիները փորձում են ստանալ քաղաքապետարանից։ Վերջինից «Ռադիոլուրին» փոխանցել են մանրամասներ, թե ի վերջո երբ է նախանշվում խնդրի լուծումը։
Մամիկոնյանց 42/1-ի բնակիչները չեն կարողանում ապրել արդեն ստացած ու անգամ կահավորած իրենց բնակարաններում։ Շենքն 95-98 տոկոսով պատրաստ է բնակեցման, սակայն բնակիչները մինչ օրս հստակ պատասխան չունեն՝ ինչո՞ւ են զրկված իրենց բնակարաններում ապրելու հնարավորությունից:
Այս հարցը շենքի բնակիչները բարձրացնում են Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ քաղաքային իշխանությունից պատասխան ստանալու ակնկալիքով: Նրանք պնդում են՝ արդեն մի քանի տարի կառուցապատողն ավարտական ակտ չի տալիս տարբեր պատճառաբանություններով, ըստ քաղաքացիների՝ խաբելով։ Նրանք պատմում են, որ բնակարան գնելիս իրենց վստահեցրել են՝ շինարարությունը կավարտվի 2022-ի նոյեմբերին։

«Կառուցապատողը հարկերը վճարում է, բանկն իր տոկոսները ստանում է, վաճառող ընկերությունը գումարը աշխատում է, տուժում ենք մենք՝ բնակիչներս։ Քաղաքապետարանն է շինթույլտվություն տվել, ու ես, որպես Երևանի քաղաքացի, մտածում եմ, որ այս շենքը քաղաքի բալանսի վրա նստում է, գույքահարկ ենք վճարելու և այլն։ Այսինքն, եթե շինթույլտվություն տվել են, իմ մտածելով, շինավարտի մասին է պետք է մտածել։ Որ ամեն մեկին շինթույլտվություն տան ու կիսատ թողնեն, այս քաղաքի վիճակն ինչ է լինելու»։
Սյուզան Գյումջյանը Սիրիայից է եկել ու այս պահին բնակվում է բարեկամուհու տանը, բայց արդեն կանգնել է խնդրի առաջ․ այդ տանից պետք է դուրս գա, բայց վարձով ապրելու հնարավորություն չունի, իսկ իր ձեռք բերած բնակարանի շենքն էլ, պարզ չէ, թե երբ պետք է հանձնեն շահագործման։
«Եթե մի քանի ամիս էլ անցնի, ու չկարողանամ այդ տանն ապրել, ստիպված պետք է վարձով ապրեմ։ Վարկը շատ ծանր է, եթե վրան էլ ավելանա վարձ, ես արդեն խնդիր կունենամ բանկի հետ, իմ հայս խաբում է ինձ»։
Լաուրա Դանիելյանը մեղադրում է ոչ միայն կառուցապատողին, այլև վաճառքն իրականացրած ընկերությանը։
«Բոլորս բնակարան ենք ձեռք բերել անծանոթ կառուցապատողից՝ հիմնվելով «Բարս» անշարժ գույքի գործակալության խոսքերի, երաշխիքների, անվան, հեղինակության վրա: Փաստացի, բոլորս այստեղ հանդիսանում ենք նաև «Բարս» անշարժ գույքի գործակալության տուժածները՝ հանձին տնօրենի, չեմ զլանա ասել, քանի որ նույն հարցը բոլորիս կողմից հնչել է, քանի որ շենքի պատմությունը բոլորս գիտենք, որ մի ժամանակ այդտեղ կառուցապատում է ընթացել, հետո կանգնել է, և այլն, բայց ձեռք ենք բերել բնակարանը 22 թվականին, և ասում էր, որ պետք է փետրվար-մարտ ամիսներին շենքը հանձնվի: Հասել ենք 25 թիվ, արդեն հունվար ամիս՝ երեք տարի»,-ընդգծեց Լաուրա Դանիելյանը:

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ նախորդ տարի կառուցապատողն օգոստոսի 28-ին դիմել է ժամկետը մինչև նոյեմբեր-դեկտեմբեր երկարաձգելու խնդրանքով։ Բայց շինարարության ավարտը նախատեսված էր դեռ 2022 թվականի նոյեմբեր ամսին, ու ավարտական ակտը դեռ պետք է տրվեր այդ ժամանակ։ Այս տարի կառուցապատողը կրկին դիմել է քաղաքապետարան՝ ժամկետի երկարացման համար։ Օրենքով սահմանված կարգով նրանց տրվել է 3 ամիս։
Ալիկ Վարդազարյանը հիշեցնում է՝ քանի որ սա բազմաբնակարան շենք է, ավարտական ակտի տրամադրումը և շենքի շահագործման թույլտվությունը տարանջատված են։ Չի բացառվում, որ բնակիչները սպասեն ևս 6 ամիս։
«Ավարտական ակտ ստանալուց հետո պետք է պարտադիր ստանան շահագործման թույլտվություն, սա կտևի վեց ամիս։ Այսինքն՝ եթե երեք ամսում հասցնում են ավարտական ակտը ստանալ, որից հետո պետք է 6 ամիս ժամկետ տրվի, որպեսզի ստանան շահագործման թույլտվություն, հետևաբար՝ 9 ամիս»։
Կառուցապատողը «Մամիկ» ընկերությունն է, շենքի սեփականատերը՝ Արմեն Հակոբյանը՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին: Վերջինս բնակիչների հետ մի շարք հանդիպումների ժամանակ խնդիրը կապում էր «Վեոլիա ջրի» հետ։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Արմեն Հակոբյանը հավաստիացրեց, որ այդ խնդիրն էլ է լուծվել, և իրենք արդեն օնլայն դիմում են մուտք արել քաղաքապետարան՝ սպասելով ընթացքին։
«Մեր պատճառով է եղել՝ ինչ եղել է, ոչ մեկը մեղավորություն չունի, դիմել ենք քաղաքապետարան, մինչ այդ էլ դիմած ենք եղել, թերի են եղել մեր փաստաթղթերը, քաղաքապետարանը մեզ ասել է՝ ինչ անենք։ Հիմա գործընթացի մեջ է, ու շենքը որևէ խնդիր չունի, քանի որ 90 տոկոսով ավարտված է»։

Արմեն Հակոբյանը չհստակեցրեց, թե ինչո՞ւ են բնակիչներին հավաստիացրել, որ շենքի ավարտը նախատեսված է 2022 թ-ին։ Այս խնդրին 98 բնակարանի բնակիչ է բախվում, շենքը 18 հարկանի է:
Խնդրի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև «Բարս» անշարժ գույքի գործակալությունը՝ ի պատասխան նորակառույց շենքերի բնակիչների հարցադրումների ու բողոքների։ Հայտարարության մեջ նշված է, որ «Բարս»-ը, ինչպես ցանկացած անշարժ գույքի գործակալություն, իրականացնում է վաճառքի միջնորդական ծառայություններ՝ հիմնվելով պետական մարմինների կողմից կառուցապատողին տրամադրված փաստաթղթերի վրա և չի՛ կարող պատասխանատվություն կրել շինաշխատանքների և շինժամկետների խախտման համար։ Դա պետական մարմինների գործառույթն է։ Անշարժ գույքի գործակալությունները չունեն լիազորություններ՝ ազդելու պետական մարմինների կողմից տրամադրվող կամ չտրամադրվող փաստաթղթերի վրա»,- ասված է հայտարարության մեջ։




