ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ադրբեջանը զոհերին դարձնում է հանցագործներ․ Ռուբեն Վարդանյանի դատը՝ աշխարհի ուշադրության կենտրոնում

Բաքվում այսօր սկսվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Ավելի քան 470 օր պատանդառված Ռուբեն Վարդանյանը դատից մեկ օր առաջ ուղերձ է հղել, որն ընտանիքին է փոխանցվել հեռախոսազանգով։ Վարդանյանի անունից տարածվող հայտարարության մեջ կա կոչ՝ ուղղված միջազգային հանրությանը։

«Իմ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել»՝ ասել է Վարդանյանը՝ պնդելով, որ իրեն ու փաստաբանին Բաքվում ճնշել են, ստիպել հետին թվով փաստաթղթեր ստորագրել, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ։ Ալիևյան խայտառակ արդարադատության մասին են ահազանգում նաև միջազգային իրավապաշտպանները։  

Քրեական գործի 422 հատոր՝ ադրբեջաներենով․ Բաքվում սկսվել է Ռուբեն Վարդանյանի դատը, որի մասին գրում են միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցները, դրա շինծու լինելու մասին՝ ահազանգում միջազգային ամենատարբեր կազմակերպություններ, հայտնի անձինք ու քաղաքական գործիչներ։

Սա դատավարություն չէ, սա Ալիևի խամաճիկային բեմադրութունն է՝ հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում մեկնարկող դատավարության մասին։ Օկամպոն սա բնորոշել է որպես կատարված հանցագործությունների կոծկում՝ շեշտելով, որ Ալիևը ցեղասպանություն կամ առնվազն մարդկության դեմ հանցանք է գործել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նախ սովի մատնելով, հետո՝ վախի մեջ պահելով և ստիպելով լքել իրենց պապենական հողը, հիմա էլ՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին բանտարկելով։

Նա տեղի ունեցողը համեմատել է նաև 1915 թվականի դեպքերի ու Ստալինի գործողությունների հետ. «Դա այն է, ինչ Ստալինը 30-ականներին անում էր Ռուսաստանում։ Խորհրդային միությունում նա կեղծ դատավարություններն օգտագործում էր իր հանցագործությունները կոծկելու համար։ Նա սպանում էր իր թշնամիներին։ Ալիևն օգտագործում է որոշ դատավարություններ՝ ցեղասպանությունը կոծկելու համար»։  

Խնդրի վրա միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրել նաև գերմանական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ՝ պահանջելով, որ քաղաքական դրդապատճառներ ունեցող ցուցադրական  դատավարությունը վերահսկվի նաև Գերմանիայի կողմից:

Գյոթինգենում գործող «Վտանգված ժողովուրդների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Սառա Ռայնկեն հայտարարել է՝ մեղադրյալները քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված 8 առաջնորդներ:

«Նրանց բանտարկելով և դատարանում քրեական պատասխանատվության ենթարկելով՝ Ադրբեջանը զոհերին վերածում է հանցագործների և կոծկում սեփական հանցագործությունն Արցախի դեմ»։

Գերմանական իրավապաշտպան կազմակերպությունները Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի հետ տարածած համատեղ հայտարարությամբ ընդգծել են Բաքվում մեկնարկած դատավարությունների քաղաքական շարժառիթներն ու հորդորել գերմանական պատկան կառույցներին՝ աչալրջությամբ հետևել դրանց, իսկ դաշնային կառավարությունից պահանջել են գործնական քայլեր իրականացնել՝ նրանց ազատ արձակման ուղղությամբ։

«Զրկել են ջրից ու զուգարանի թղթից․ ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում». թեմային անդրադարձել է նաև BBC-ն՝ հիշեցնելով, որ ադրբեջանցի քննիչները Վարդանյանին մեղադրանք են առաջադրել ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված կազմակերպությունների ստեղծման և Ադրբեջան ապօրինի ժամանելու մեջ։

Ադրբեջանի բանտերում կա առնվազն 23 հայ բանտարկյալ, որոնցից ութը կալանավորվել են, ինչպես Վարդանյանը, 2023-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը լիակատար վերահսկողություն ձեռք բերեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Եվս 15-ը ռազմագերիներ են և քաղաքացիական անձինք։ Նրանց մեջ ամենահայտնին Վարդանյանն է՝ մեծահարուստ գործարար և բարերար, թեև նա Ղարաբաղում իշխանության ղեկին էր ընդամենը չորս ամիս՝ 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի փետրվարի վերջ։

Թեման բուռն է նաև Հայաստանում։ Արցախի ԿԳՄ նախկին նախարար Նարինե Աղաբալյանը Ռուբեն Վարդանյանի անունից նախօրեին տարածված հայտարարությունը համարում է իրավիճակի՝ տագնապալի լինելու ապացույցը։

«Դա կոչ էր բոլորիս. թե՛ հայ հանրությանը՝ սթափության և համարժեք քայլեր ձեռնարկելու, և թե՛ միջազգային հանրությանը՝ արդարադատությունը պաշտպանելու առումով»։   

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ևս խոսել է անհրաժեշտ քայլերից․ «Սա լրացուցիչ հիմքեր է տալիս մեզ, հատկապես՝ իրավական և տեղեկատվական հիմքեր, որ ալիևյան ռեժիմի հանդեպ ճնշումները պետք է մեծանան»։

«Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին»․ այս կոչով  է միջազգային կազմակերպություններին ինստագրամյան իր էջում դիմել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բոլոր պատանդները մեղադրվում են այն բանի համար, որ գործել են ի շահ Արցախի անկախության և հայկականության՝ հայտարարել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը։

«Բաքվի քաղաքական ղեկավարության կողմից ուղղորդվող՝ մարդու հիմնարար իրավունքներին, գերիների մասին միջազգայնորեն ընդունված նորմերին հակասող այս վարքագծի հերթական ցուցիչն այսօրվա բացառապես քաղաքական նպատակներ հետապնդող դատավարությունն է»։

Հայ գերիների ազատ արձակման պահանջով մի շարք կազմակերպություններ էլ հանրային ակցիայով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ էին։ «Միացե՛ք, հանուն մեր հայրենակիցների ազատության և հայ ժողովրդի հավաքական արժանապատվության» կոչով ակցիան շարունակվել է արտգործնախարարության մոտ։ Ակցիայի մասնակիցները Հայաստանի իշխանություններից և միջազգային կառույցներից պահանջել են քայլեր ձեռնարկել՝ ազատելու հայ գերիներին և երաշխավորելու նրանց իրավունքների պաշտպանությունը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան. «Հասկանում ենք, որ գործ ունենք բռնապետական, ավտորիտար և մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված պետության հետ, որին այս հարցում համոզելը  կամ  պարտադրելը, այս պահի դրությամբ, տեսնում ենք,  արդյունավետությամբ չի «պսակվում»։ Բայց դա որևէ կերպ չի կարող նշանակել, որ պետք է անգործության տրվենք և ոչինչ չանենք, այլ հակառակը՝ պետք է  թե՛ իրավապաշտպան համայնքը, թե՛ ՀՀ իշխանությունները , թե՛ միջազգային կազմակերպությունները, թե հասարակական կազմակերպությունները իրենց անելիքն անեն»։   
Հայ գերիների դատավարությունների հարցում հետևողական ու վճռական լինելու հայտարարություն-կոչով Արցախի նախկին օրենսդիրներն էլ են դիմել Հայաստանի իշխանությանը։ Սա, սակայն, միանշանակ արձագանք չէր ստացել հենց դրանում ներկայացվող անձանց կողմից։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիքը» հայտարարել է, որ գերիների վերաբերյալ տեքստին և իրենց անունից խոսելու համաձայնություն չի տվել։ Մինչդեռ, ըստ ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանի, «Միասնական հայրենիք» խմբակցության 2 պատգամավոր է մասնակցել հայտարարության տեքստի քննարկմանը, այն դեպքում՝ երբ մյուս խմբակցություններից մեկական պատգամավոր է եղել։

Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձ։ Գերեվարվածների շարքում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Ըստ Ռուբեն Վարդանյանի պաշտպանական թիմի՝ նրան առաջադրել են մեղադրանքների նոր  հսկա փաթեթ, որով Արցախի նախկին պետնախարարին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։ «Ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է»՝ ներկայացված է Ռուբեն Վարդանյանի անունից իր ընտանիքին փոխանցված հայտարարության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button