
«Տունը քանի՞ պատուհան ուներ, քանի՞ դուռ», «Դռները դեպի նե՞րս էին բացվում, թե՞ դուրս», «Ինչո՞ւ չեք զեկուցել, որ սպան թմրանյութեր է օգտագործում»․ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում հարցաքննվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների դասակի հրամանատար Տիգրան Մանասարյանը:
Նա առանցքային վկա է․ դեպքից անմիջապես հետո հարցազրույց էր տվել ու հայտնել, որ զորանոցում բենզին չի եղել։ Հիմա հերքում է իր ասածը «Լարված էի, չէի հասկանում՝ ինչ էի խոսում» հիմնավորմամբ․
— Նշեցիք դրսում կար նաև ավտոկայանատեղի, իսկ ավտոկայանատեղիում վառելիքի համար․․․
— Տեղ կար, այո, նախատեսված։
— Բենզին էլ էր՞ պահվում։
— Հա, պահվում էր։

2 օրից կլրանա ողբերգական դեպքի 2 տարին․ 2023-ի հունվարի 19-ին ինժեներասակրավորային վաշտի շինությունում բռնկված հրդեհի հետևանքով զոհվեց 15 շարքային զինծառայող, 3-ի վիճակը գնահատվեց ծանր։ Խոսքը երկու սենյականոց տան մասին էր, որի մի սենյակում տեղավորվել են 22 զինվորներ, մյուս սենյակը ծառայել է որպես զինանոց։ Զինծառայողները հրդեհի ժամանակ չեն կարողացել տնից անմիջապես դուրս գալ, ըստ երևույթին փորձել են պատուհաններից դուրս գալ, սակայն ճաղավանդակները խանգարել են:
Առաջին վարկածն այն էր, որ վառարանը վառելու համար օգտագործվել է բենզին․ իրավիճակն առաջինը ներկայացվեց Կառավարության նիստի ընթացքում՝ վարչապետի կողմից․
«Հինգ լիտրանոց տարրայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ: Բնականաբար, այրվել է ոչ միայն վառարանը, այլ նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, էլի նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ այդ հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»:
Հարցաքննվող վկան՝ Տիգրան Մանասարյանը, 2021-ին նշանակվել է Վարդենիսի զորամասի դասակի հրամանատարի պաշտոնում։ Իր փոխանցած տեղեկություններով դեպքի օրը առավոտյան եղել է ծառայության, երեկոյան հերթափոխը փոխանցել է զինակից սպային՝ կապիտան Եղիշե Հակոբյանին, որի ուղղակի մասնակցությամբ, ըստ նախնական տվյալների, բռնկվել է հրդեհը։

Տիգրան Մանասարյանը մի քանի ամիս ապրել է Եղիշե Հակոբյանի հետ, ասում է՝ վերջինին տեսել է թմրանյութեր օգտագործելիս՝ խամրած գիտակցությամբ։ Որևէ մեկին այդ մասին չի զեկուցել։
«Եթե պլանը կարանք համարենք թմրամիջոց, հա։ Մի տուն ենք իրար հետ ապրել 3-4 ամիս։ Հոտը զգացել եմ, իրան էլ որ տեսնում էի՝ հիմնականում անջատված էր լինում։ Տեսել եմ և չեմ բարձրաձայնել, որ թմրանյութ է օգտագործել»։
Թմրանյութի հետ սեր ուներ, բայց գրագետ, կիրթ, բանիմաց սպա էր՝ ասում է Մանասարյանը։ Զոհվածների ծնողներին այս արտահայտությունը բարկացնում է։
Կապիտանից բացի ևս չորս մեղադրյալ կա, նրանք բարձրաստիճան զինվորականներ են, որոնք պատասխանատու էին զորամասի անվտանգության ու հակահրդեհային պաշտպանության համար։
Մեղադրյալներն ու վկաները, ըստ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանի, իրարամերժ ցուցմունքներ են տվել։ Նա ավելի վաղ հայտնել էր, որ ըստ Եղիշե Հակոբյանի՝ վառարանը վառելու պահին իր մոտ են գտնվել նաև Լևոն Խառատյանն ու Ռադիկ Մխիթարյանը։
«Սա այն դեպքում, երբ միջդատական փուլում Եղիշե Հակոբյանը ոչ միայն այդ մասին լռել է, այլև վարույթ իրականացնող մարմնի կողմից չեն ձեռնարկվել քայլեր, որ այս տվյալները հասանելի դառնան վարույթ իրականացնող մարմնին»։
Իրարամերժության շղթան շարունակելով վկա Տիգրան Մանասարյանն ասում է՝ եթե Եղիշե Հակոբյանի հետ նույնիսկ մեկ հոգի եղած լիներ, հրդեհը հնարավոր կլիներ մարել։
«Զինծառայողներն է՞լ էին թմրանյութ օգտագործում», «վառելիքի առուվաճառք լինո՞ւմ էր», «ո՞վ էր պատասխանատու հակահրդեհային միջոցառումների համար»․ հարցերն ուղղեցին հանրային մեղադրողը, զինծառայողների ծնողները, մյուս մեղադրյալները։
3 ժամ հարցաքննություններից հետո նկարահանող սարքերն անջատվեցին․ մեղադրյալ Եղիշե Հակոբյանն ասաց՝ ուզում է ցուցմունք տալ, բայց՝ ոչ տեսախցիկի առաջ։




