
Բրիտանական դեսպանատան նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Փադինգթոնը Պերուում» ֆիլմի փակ ցուցադրությունը։
Միջոցառման «հերոսը» Միացյալ Թագավորության մշակութային խորհրդանիշ Փադինքթոն անունով արջուկն էր, որի նոր արկածների մասին պատմող ֆիլմն իր շուրջն էր հավաքել դեսպանների, պաշտոնատար անձանց, բիզնես համայնքի ներկայացուցիչների և այլ հեղինակավոր հյուրերի։

Պրեմիերայի մեկնարկն ազդարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Ջոն Գալագերը։ Ողջունելով հանդիսատեսին՝ նա իր ուրախությունը հայտնեց ֆիլմի հայաստանյան պրեմիերայի առիթով։
«Փադինգթոնը Միացյալ Թագավորության ներկայացուցիչն է և խորհրդանշում է երկրի հյուրընկալ ոգին և այն կապը, որ երկիրը կարողանում է ստեղծել մարդկանց միջև»,- ասաց դեսպանը։

Ֆիլմը Փադինգթոն արջուկի՝ հայրենի Պերու վերադառնալու, իր մշակույթի հետ կրկին վերամիավորվելու մասին է։ Դեսպանը, խոսելով ֆիլմի ուղերձների մասին, առանձնացրեց դրանցից կարևորը՝ շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պաշտպանության խնդիրը, որն արդիական է նաև Հայաստանում։ Նա հավելեց նաև, որ 2026 թվականին Հայաստանում տեղի է ունենալու կենսաբազմազանության թեմայով միջազգային կոնֆերանս, որը միտված կլինի կարևորելու այս խնդիրը։
Ֆիլմի պրեմիերային ներկա էին նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ, ինչը խոսում էր բրիտանա-հայկական հարաբերությունների հիմքում դրված համամարդկային արժեքների մասին։

Ֆիլմը նախատեսված է տարիքային բոլոր խմբերի համար։ Այն ուսուցողական է և շոշափում է մի շարք կարևոր թեմաներ՝ արմատներին վերադառնալու, ընտանիքի, ընկերության, բարության, շրջակա միջավայրի պաշտպանության կարևորության և այլն։
Փադինգթոն արջուկը ստեղծվել է բրիտանացի հեղինակ Մայքլ Բոնդի կողմից՝ 1958 թվականին և տարիներ ի վեր բրիտանական մշակույթի սիրված խորհրդանիշներից մեկն է։ Փադինքթոնը հայտնի է իր բարությամբ, քաղաքավարությամբ և արկածախնդրությամբ, ինչը նրան դարձրել է սիրված կերպար բոլոր տարիքի մարդկանց համար։




