
Գազայի հատվածում կիրակի օրը հրադադար կհաստատվի, ինչպես նախատեսված է, չնայած բանակցողների համար վերջին պահին «կախ ընկած ծայրերը» կապելու անհրաժեշտություն առաջացավ, այսօր ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Իսրայելը հետաձգել է ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագրի վավերացման նիստը՝ մեղադրելով զինյալ խմբավորմանը։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները նաև հարվածներ են հասցրել Գազային, որի պատճառով հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց 77 մարդ է զոհվել:
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Իզզատ էլ-Ռեշիկը հայտարարել է, որ խմբավորումը հավատարիմ է մնում հրադադարի համաձայնագրին:
«Զարմանալի չէ, որ գործընթացում և բանակցություններում, որոնք դժվար և ծանր են եղել, կարող են «կախ ընկած ծայրեր» մնալ։ Մենք կապել ենք այդ «ազատ ծայրը», — ասել է Բլինկենը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում:
Ինչպես Reuters-ն է գրում, ամերիկացի պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, ասել է, որ վերջին տարաձայնությունը կապված է եղել որոշ պատանդների ինքնության հետ, որոնց ցանկանում են ազատ արձակել:
Նախագահ Ջո Բայդենի բանագնաց Բրեթ ՄակԳուրքը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Դոհայում Եգիպտոսի և Կատարի միջնորդների հետ աշխատել են խնդրի լուծման ուղղությամբ, որը պետք է շուտով պարզվի, ասել է պաշտոնյան:
Իսրայելի կառավարության խոսնակը լրագրողներին ասել է, որ իսրայելցի բանակցողները Դոհայում են՝ լուծում գտնելու համար:
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդուլ Ռահման ալ Թանին հունվարի 15-ին հայտարարել էր, որ Դոհայի, Վաշինգտոնի և Կահիրեի միջնորդական ջանքերի արդյունքում Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում պատանդներին ազատ արձակելու և հրադադարի հարցում:
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից։ Առաջին փուլում, որը կտևի 42 օր, ՀԱՄԱՍ-ը կազատի 33 իսրայելցի պատանդների՝ Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։




