ԼուրերԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հանցագործությունները նվազել են, ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության դեպքերը աճել

Նախ՝ շրջայց Պարեկային ծառայության և oպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում։ Ներքին գործերի նախարարության աշխատանքներն ամփոփելու վայրը պատահական չի ընտրվել։ Համալիրը վերջերս է շահագործման հանձնվել, իսկ նախարարության ենթակառուցվածքների վերջնական ձևավորումը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կարծիքով, տարվա գլխավոր ձեռքբերումն էր։

«Տարվա ամենակարևոր ձեռքբերումն ինձ համար այն է, որ ի վերջո ավարտվել է ՆԳՆ ձևավորման աշխատանքները, ի վերջո ձևավորվել է այն ժողովրդավարական ինստիտուտը, որը նախարարության մանդատի շրջանակնում գործող բոլոր գործառույթների համար երաշխավորելու է ավելի բարձր հանրային հաշվետվողականություն խորհրդարանի և դրանով իսկ մեր ժողովրդի առջև»։ 

2024-ը բուռն աշխատանքային էր՝ ասում է նախարարը․ վիզաների ազատականացման մեկնարկ, ՆԳՆ միասնական կրթահամալիրի կառուցման օրենսդրական հիմքեր, հանրային անվտանգության բարձրացում և հանցագործությունների թվի նվազում։ Արված աշխատանքը նախարարը պայմանականորեն երկու մասի է բաժանում՝ ինստիտուցիոնալ-հեռանկարային և օպերատիվ։ Առաջինի դեպքում գլխավոր ձեռքբերումը քրեական և համայնքային ոստիկանության ներդրումն է։

«2024-ին ի լրում պարեկային ծառայության, 2 ուղղություն է գործարկվել՝ քրեական ոստիկանություն և համայնքային ոստիկանություն, առաջինը պատասխանատու է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման օպերատիվ աշխատանքի իրականացման համար, համայնքային ոստիկանությունը կենտրոնանալու է ոչ մեծ և միջին ծանրության հանացագործությունների բացահայտման կանխարգելման վրա»

Տարվա ընթացքում շուրջ 4000 հանցագործություն է բացահայտել պարեկային ոստիկանությունը, իսկ 2025-ին արդեն, նախարարի խոսքով, տեսանելի արդյունքներ կունենա ամիսներ առաջ ընդունված «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը․

«Որը պիտի հատկապես հասարակական կարգի անվտանգության, հավաքների ազատության իրավունքի երաշխավորման տեսանկյունից արդեն նոր մեթոդաբանությամբ հանդես բերի ոստիկանությանը հասարակության հետ շփվելիս»։ 

Հայաստանում այս օրենքով առաջին անգամ կգործի ուժային միջոցների գործադրման ստանդարտ, այս ուղղությամբ աշխատանքները բարդ ու ծավալուն են՝ ասում է նախարարը, բայց կառավարությունը հետքայլ չի անելու։ 2024-ին ոստիկանական բռնությունների կամ անհամաչափ ուժ կիրառելու մասին խոսույթի պակաս չկար, նախարարն անդրադառնում է հունիսյան դեպքերին, երբ ԱԺ շենքի մոտ բազմաթիվ քաղաքացիներ մարմնական տարբեր վիրավորումներ ստացան ոստիկանական նռնակներից։ Այս պահին Քննչական կոմիտեում քրեական վարույթներ կան, իսկ նախարարությունում՝ ծառայողական քննություններ, քանի դեռ դրանք չեն ավարտվել, Արփինե Սարգսյանը որևէ մեկնաբանություն չի տալիս, բայց նկատում է․

«Մեր հանրային խոսույթում հարկադրանքի միջոցի գործադրում և բռնություն բառերը հաճախ ընկալվում են լիակատար հոմանիշներ, բայց հարկադրական միջոց կիրառելը պետություններին բնորոշ լեգիտիմ գործիքակազմ է, որովհետև եթե պետությունն իր քաղաքացիների նկատմամբ ստանձնում է պատասխանատվություն, որ օրինակ պայմանականորեն Արփինե Սարգսյանը ՀՀ քաղաքացի է, պետությունը ֆիքսում է, որ ես քեզ հետ ունեմ կայուն կապ, ես պաշտպանում եմ քո իրավունքները, և դրանց ոտանահարումը այլոց կողմից և այլոց իրավունքներն եմ պաշտպանում քո կողմից հնարավոր ոտնահարումներից»։ 

Համակարգային այս ձեռքբերումներին չեն զիջում նախարարի ձևակերպմամբ՝ օպերտաիվ ձեռքբերումները․

«2024-ի գրանցված հանցագործությունների վիճակագրական տվյալների ամփոփումը թույլ է տալիս պարզել, որ Հայաստանը ունի գրանցված հանավորության թվի նվազում 1․1 տոկոսով։ Սա նշանակում է, որ եղել է հետևողական աշխատանք թե ոստիկանության, թե իավապահ համակարգի կողմից»։ 

Ընդ որում՝ կատարված հանցագործությունների մեծ մասը՝ շուրջ 81․4 տոկոսը, բաժին է ընկնում միջին ծանրության հանցագործություններին, ինչը ենթադրում է, որ հանրային անվտանգությունը բարձրացել է։ Բայց վատ նորություններ էլ կան՝ ասում է նախարարը։ Հանցագործության ավանդական մեթոդներն իրենց տեղը զիջել են ժամանակակից միջոցներին, իսկ վերջիններն ավելի վտանգավոր են ու դժվար է բացահայտելը։ Արփինե Սարգսյանն անդրադառնում է դրանցից երկուսին՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն և կիբեռհանցագործություններ․

«Պիտի փաստեմ, որ ապօրինի թմրաշրջանառության դեպքերի նվազում ունենք, և ունենք բավական մեծ հայտնաբերումներ, որոնք իրականացվել են թե ոստիկանության կողմից, և թե իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչների կողմից»։

Ապօրինի թմրաշրջանառության նվազման պատճառը նախարարության՝ հանցագործներին հայտնաբերելու մեթոդաբանության փոփոխությունն է։ Եթե նախկինում ոստիկաններն ավելի շատ կենտրոնացած էին թմրանյութ օգտագործողներին հայտնաբերու վրա, ապա այժմ աշխատում են մեծ խմբաքանակների ոչնչացման ուղղությամբ, ինչի հետևանքով անհատներին թմրանյութ կամ ընդհանրապես չի հասնում, կամ անհամեմատ փոքր ծավալներով է հասնում։

«Որովհետև պետությունը ավելի մեծ խմբաքանակներով կարողանում է հենց սահմանին կամ սահմանից մի փոքր այն կողմ՝ չեզոք գոտում, որի օրինակը ևս ունեցել ենք, առգրավվել և չստիպել ամբողջ ռեսուրսը կենտրոնացնել արդեն հետևանքի վրա, ոչ թե բուն պրոցեսի վրա»։ 

Հայաստանում ՏՏ ոլորտն ավելի արագ է զարգանում, քան իրավապահ համակարգը։ Նախարարը սրանով է բացատրում կիբերհանցագործությունների սրընթաց աճը։ Հանցագործության այս տեսակն ավելի դժվար բացահայտվող ու անդրազգային է՝ ասում է Արփինե Սարգսյանը․

«Առաջիկայում Եվրոպոլում կնշանակենք կապի սպա, որի հիմնական գործունեության ուղղությունները նաև կիբերհանցագործությունները կլինեն, ունենք գործընկերություն նաև ԱՄՆ-ի հետ այս պահի դրությամբ։ Գործընկերները հավանություն են տվել նաև մեր՝ կիբերլաբորատորիա կառուցելու առաջարկին, հուսով եմ 2025-ին արդեն կկարողանանք այս լաբորատորիան ունենալ մեր համակարգում և համացանցային տիրույթում ավելի արագ ու արդյունավետ գործել»։

2024-ն առանձնացել է նաև ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության դեպքերի աճով։ Ոստիկանությունը բացահայտել և առգրավել է 1600 միավոր զենք, ինչը 10,7 տոկոսով ավելի է 2023-ի ցուցանիշից։

Կարդացեք նաև

Back to top button