
Հունվարի 17–ին Բաքվի զինվորական դատարանում մեկնարկում է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Նրանց առաջադրված մեղադրանքներով առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։ Այս զարգացումներին զուգահեռ մեծ քաղաքական օրակարգում է միջազգային ատյաններում հայցերի փոխադարձ հետքաշման հարցը։ Խաղաղության նախապայմաններից մեկը Բաքվի համար այդ հարցը օրակարգային էր։ Վերջերս նաև Հայաստանի վարչապետը ընդունելի համարեց այդ քայլը՝ կայուն և երկարատև խաղաղության համար առաջարկված 12 կետերում ներառելով նաև այդ առաջարկը։ Հարցի առնչությամբ, սակայն, մոտեցումները Հայաստանում միանշանակ չեն։
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն քողարկված նպատակներ է տեսնում Բաքվի նախաձեռնած կեղծ և ցուցադրական դատավարություններում։ X-ի իր միկրոբլոգում Օկամպոն գրել է, որ Ադրբեջանի կեղծ մեղադրանքները քող են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները կոծկելու համար։
Գործնականում Ադրբեջանը դեռ միջազգային հարթակներում չի օգտագործել իր կեղծ դատավարությունների արդյունքները, բայց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը ենթադրում է, թե կոնկրետ ի՞նչ քաղաքական նպատակների կարող են ծառայել դրանք։
«Հիմնական մեղադրանքը՝ ահաբեկչությունը, ահաբեկչության ֆինանսավորումը և այլն, ըստ էության, ԼՂ բոլոր անձանց դարձնում են ահաբեկիչ՝ դրանով բարոյազրկելով պայքարի, դիմադրության իմաստը։ Ըստ էության, ցույց տալով, որ հայերի բողոքները խտրականության, ատելության, այլ խախտումների վերաբերյալ շինծու են, ընդամենը ահաբեկիչ են։ Այսինքն, քրեական դաշտ բերելով, ոչ թե միջազգային իրավունքի կամ, ասենք, բարոյական ինչ-որ դաշտ բերելով, դրանով նաև ընդհանուր առմամբ զրկելով անգամ ապագայում որևէ խոսույթից կամ որևէ հնարավորությունից խոսալու կարգավիճակի մասին, վերադարձի մասին և այլն, ասելով, որ այս անձինք ընդամենը հանցագործներ էին և մենք պատժել ենք իրենց, ըստ էության»։
Նոր նախանշվող այս միտումները հատկապես վտանգավոր են խաղաղության օրակարգի շրջանակներում միջազգային ատյաններում բոլոր հայցերից հրաժարվելու քննարկումների համատեքստում։ Միջազգային իրավունքի մասնագետներն ասում են՝ դա խնդիրներ է առաջացնելու հետագայում անգամ անհատական հայցեր ներկայացնելու համար, քանի որ դատարաններ դիմելու ժամկետները կարող են սպառված լինել։ Ավելի կոնկրետ չեն կարող ասել, քանի որ միջպետական հայցերից հրաժարվելու նախադեպեր իրավական միջազգային ատյաններում դեռ չեն եղել։ Այս առումով հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հունվարի 14-ին հայտարարություն են տարածել, պահանջելով ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից։
ՀՀ–ն Ադրբեջանի դեմ 4 հայց ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, 1 հայց՝ Միջազգային քրեական դատարանում։ Դրանք պարունակում են Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի քաղաքացիների ու զինվորականների դեմ իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև որպես մարդկության դեմ հանցագործություն դասակարգված ոճրագործությունների հստակ և անհերքելի ապացույցներ։ Տարիներ շարունակ հայելային քաղաքականություն որդեգրած Ադրբեջանը նույնպես հայցեր ունի Հայաստանի դեմ, սակայն, մասնագետները պնդում են, որ ներկայացրած ապացույցներով Հայաստանը ավելի ամուր դիրքերում է, քանի որ, օրինակ, Հայաստանի տարածքում հարձակումների, խոշտանգումների և մարմինների խեղումների դեպքում նկարահանված տեսանյութեր կան հենց հանցագործների կողմից։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը հարցը դիտարկում է երկու՝ իրավունքների և խաղաղության տիրույթում ու նաև շեշտում է՝ Ադրբեջանի հետ շփումների փորձից ելնելով, պետք չէ հրաժարվել անվտանգության և արդարության գործիքակազմերից․
«Կա իրական հնարավորություն համարժեք գնահատական տալու Ադրբեջանի գործողություններին միջազգային դատարանների կողմից։ Այդ հնարավորությունից հրաժարվելը նշանակում է շատ-շատ թուլացնել ցանկացած հնարավորություն ապահովելու վերադարձ, ապահովելու իրավունքների վերականգնում։ Ես չեմ ուզում ստեղծվի տպավորություն, որ երբ ընդունվի դրական դատական ակտ, դրա արդյունքում հնարավոր կլինի հստակորեն ապահովել վերադարձ կամ վերականգնելու թեկուզ նյութական իրավունքները։ Ոչ մի երաշխիք չկա, որ դա ինքն իրենով կապահովվի այդ արդյունքը, բայց դա կլինի կարևոր նախադրյալ, որպեսզի ստեղծվի նման հնարավորություն։ Պետք է հասկանանք, որ խաղաղության պայմանագրերը երաշխիք չեն տալիս ոչ իրավունքների հետագա վերականգնման համար, ոչ էլ հենց բուն խաղաղության համար։ Այո, դա թուղթ է, որը ստեղծում է պարտավորություններ, բայց Ադրբեջանը քիչ միջազգային պայմանագիր չի խախտել մինչ օրս»։
Արա Խզմալյանի համար միաժամանակ ակնհայտ է, որ Ադրբեջանի վարքագիծը տեսանելիորեն փոխվել է հատկապես Հայաստանի կողմից «Հռոմի կանոնադրության» վավերացումից ի վեր․
«Մենք իրավիճակի փոփոխություն տեսել ենք Ադրբեջանի կողմից ճանաչվող տարածքների մասով, համենայն դեպս։ Այսինքն՝ Ադրբեջանը ավելի զուսպ է դարձել, ու պատճառներից մեկը, վստահաբար, հենց այդ վավերացումն է»։
Ինչ վերաբերում է հունվարի 17–ին Բաքվի զինվորական դատարանում մեկնարկող դատին, ապա այն առաջինն է ԼՂ գերեվարված բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ, բայց առաջինը չէ ծանր մեղադրանքների առումով, նշում է իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։ Նախորդ դատավարություններից ենթադրելի է, թե ինչ ընթացք կարող է ստանալ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։
«Հատկապես 2020 թվից հետո մի քանի խումբ անձինք դատվել են և բոլորը ստացել են գրեթե առավելագույն պատժաչափերը, որ իրենց օրենսդրությունը թույլ է տալիս։ Ահաբեկչության մեջ մեղադրանքները Ադրբեջանը կիրառել է գրեթե բոլորի նկատմամբ, ոչ միայն այս 15-16-ի, որ այս պահին կանգնում են դատարանի առջև։ Այս դեպքում, կարծում եմ, որ առավելագույնը կրկին կստանան։ Կարող է արագ լինել, հնարավոր է՝ ոչ։ Համենայն դեպս, նախորդիվ բավականին արագ էին դատավարությունները տեղի ունենում՝ երկու–երեք նիստով 20 տարվա ազատազրկման էին մարդկանց դատապարտում առանց պաշտպանության կողմի, որևէ վկա լսելով կամ ինչ-որ այլ ապացույց հետազոտելով։ Նույն սցենարը կարող ենք ակնկալել այս դեպքում, երբ արդյունավետ կամ իրական պաշտպանության որևէ մեխանիզմ չկա։ Որևէ միջազգային կամ ներպետական իրավապաշտպան մշտադիրակում այդ դատերին չի լինելու։ Խախտումները արձանագրելու համար կամ գոնե ցույց տալու ընդհանուր հանրությանը, որ տեղի են ունեցել խախտումներ, ըստ էության, շատ դժվար է լինելու։ Փակ է»։
Արդեն հայտնի է՝ չի բացառվում, որ գործի որոշ հատվածներ լսվեն փակ դռների հետևում։ Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը շուրջ 25 հազար էջ է, ամբողջը՝ ադրբեջաներեն:
Ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են այն պատճառաբանությամբ, որ առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Ռեժիմը, միևնույն ժամանակ, հրաժարվել է Վարդանյանին և նրա փաստաբանին տրամադրել այսպես կոչված «ապացույցների» պատճենները։ Նրանց թույլատրվում է նյութերին ծանոթանալ առանց պատշաճ թարգմանության, սահմանափակ ժամկետներում և առանց որևէ նշում կատարելու հնարավորության:




