
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքային հանդիպմանը:
Համալիրը կառուցվում է պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Բեկոր Փափազյանը և այլք:
Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի և Թումո լաբերի կրթական ծրագրերի մանրամասները։ Կողմերն անդրադարձել են ինժեներական և ձեռնարկատիրական կրթության ոլորտում ԵՄ և Թումո համագործակցությանը, ինչպես նաև 2025 թվականի պլաններին։
«Անկասկած, այս նորարարական նախաձեռնությունն ու միջավայրը շատ կարևոր են: Կարծում եմ՝ ինժեներական կրթության նոր կենտրոնի հիմնումը նախ և առաջ ուղղված է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացմանը»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ կարևոր է «Թումո տուփ» ծրագրի իրագործումը. դպրոցների հարևանությամբ «Թումո տուփերի» տեղակայումը զարգացման նոր հնարավորություն է, որը միաժամանակ նոր հմտությունների ձեռքբերման ու վերապատրաստման բարենպաստ միջավայր է ուսուցիչների և սովորողների համար:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է որակյալ կրթական ծառայությունների հասանելիությունը՝ ներառյալ ոչ ֆորմալ կրթությունը, ինչպիսին իրականացնում է Թումո կենտրոնը Հայաստանի տարբեր բնակավայրերում: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ շատ կարևոր է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի սիներգիան, քանի որ դրանք միասին ստեղծում են կրթության որակի բարելավման միջավայր:
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, կարևորելով նախաձեռնությունը, նշել է՝ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու մարդկային կապիտալի զարգացումը խթանող նախաձեռնություններին, որոնք կարևոր նախադրյալ են Հայաստանում կայուն տնտեսական առաջընթացի ապահովման համար:
ԿԳՄՍ նախարարն ու ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը նաև շրջայց են կատարել կրթական կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացվող ծրագրերին:




