
Օգնության կարիք ունի ոչ միայն բռնության ենթարկվողը, այլև բռնարարը․ սա կառավարության ներկայացուցիչների կարծիքն է, որոնք այսօր քննարկել ու հաստատել են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը: Այսպիսով, բռնություն գործադրած անձին հոգեբանական, սոցիալական աջակցություն կտրամադրվի, փորձ կարվի վերականգնելու առողջությունն ու օգնելու վնասակար սովորություններից ազատվելու հարցում։ Նախագծի մանրամասները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն է ներկայացնում․
«Ծրագիրը ՀՀ-ում իրականացվելու է առաջին անգամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծրագիրը կիրականացնի դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպության միջոցով։ Տվյալ կազմակերպությունը առնվազն պետք է ունենա լիազոր մարմնի կողմից հատուկ վերապատրաստում անցած մեկական սոցիալական աշխատող-հոգեբան և իրավաբան։ Կազմակերպությունը ծրագիրը պետք է իրականացնի մոդուլների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը կարող է իրականացվել առանձին կամ մի քանի մոդուլի համադրմամբ, և յուրաքանչյուր դեպքում մոդուլները բռնարարք գործած անձի համար կիրառվելու են, հաշվի առնելով գնահատված կարիքը, տարիքը, սեռը, առողջական վիճակը»։
Այսպես, կառավարությունը սահմանում է նվազագույն քանակ․ անհատական հանդիպումները պետք է լինեն շաբաթը երկու անգամ, առնվազն 40 րոպեով, իսկ խմբային հանդիպումների դեպքում հանդիպումների տևողությունը չի կարող 80 րոպեից պակաս լինել։ Ռեաբիլիտացման ծրագրով անցնելը կլինի կամընտրական, դատարանի որոշման դեպքում՝ պարտադիր․
«Հարկադրանքի միջոց կկիրառվի միայն , երբ կկայացվի դատարանի կողմից որոշում, իսկ նախազգուշացում՝ երբ անձը առաջին անգամ կիրակնացնի բռնարարք, և ՆԳՆ–ն կիրականանցի նախազգուշացում ու բացատրական աշխատանք կուղղորդի բռնարարք գործադրած մարդուն՝ անցնելու ռեաբիլիտացիոն ծրագիր»։
Հիշեցնենք՝ «Հայաստանի Հանրապետությունում ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության մասին» օրենքն ընդունվել է 2017-ին և ուժի մեջ է մտել 2018-ին, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից գործող 23 հոդվածներից 13-ը ենթարկվել են փոփոխության։ Ներկայում օրենքը կոչվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենք։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ բռնարարը թիրախավորվում է աջակցության շեշտադրմամբ․
«Եթե նախկինում խոսում էին ընդամենը ընտանեկան բռնության զոհին պաշտպանելու կամ հետագայում գործիքակազմի ուժեղացման մասին, հիմա արդեն խոսում ենք բռնարարի վերասոցիալականացման մասին, նրա հոգեբանական փոփոխության կազմակերպման մասին։ Նախկինում նման խոսույթ՝ բռնարարին որևէ կերպ վերաբերվել կամ որևէ կերպ աշխատանք տանել կարող է խելագարության դաշտի պնդում լիներ, բայց պետությունը հիմա թիրախավորում է թե՛ զոհին, թե՛ բռնարարին, որովհետև սա է հարցին վերաբերվելու միակ ինստիտուցիոնալ ճանապարհը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ծրագիրը սոցիալ-հոգեբանական փոփոխությունների է հանգեցնելու․
«Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է, և անհրաժեշտորեն պիտի փոխվի։ Ընտանեկան կամ կենցաղի պատերի անձեռնմխելիությունը գործում է այնքան, քանի դեռ այնտեղ չեն ոտնահարվում հանրության շահերը: Իսկ ցանկացած պատերից ներս ցանկացած տեսակի բռնություն ուղիղ առնչվում է հանրության շահերին։ Հանցավոր մղումները շատ դեպքերում ձևավորվում են ընտանեկան՝ կենցաղային բռնության պայմաններում, երբ բռնությունը դառնում է կուլտուրա, իսկ երբ բռնությունը տանը կուլտուրա է, տնից դուրս է գալիս բակ, բակից՝ թաղ, թաղից՝ դպրոց, դպրոցից՝ հանրություն և այսպես շարունակ: Ես հիշում եմ՝ ինչ քննարկումներ կային, երբ որ բռնության հետ կապված օրենքներ էին ընդունվում: Մեզ թվում էր՝ ինչ-որ վատ բան ենք անում, մեր ավանդույթները քանդում ենք: Բայց բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է։ Եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը։ Ո՞վ է ասել, որ դա լավ բան է»։
Ըստ ոստիկանության տվյալների՝ 2023 թ. տրվել է 424 նախազգուշացում, իսկ 2024 թ.-ին՝ 574 նախազգուշացում: Ըստ դատական դեպարտամենտի տվյալների՝ 2023 թ.-ին կայացվել է 14 պաշտպանական որոշում, իսկ 2024 թ. 6 ամիսներին՝ 13 պաշտպանական որոշում: Ռեաբիլիտացման ծրագիրը ուժի մեջ կմտնի 2026-ին։ Անհրաժեշտ կլինի ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող առնվազն երկու կենտրոնի առկայություն, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի մինչև 7 000 000 դրամ։




