ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Պետք չէ անհանգստանալ «ԻՊ»-ի դեմ պայքարի կոալիցիային միանալու փաստից․ փորձագետ

«Իսլամական պետության» դեմ պայքարի գլոբալ կոալիցիային Հայաստանի միանալը չպետք է անհանգստություն առաջացնի՝ գտնում են փորձագետներից շատերը։ Նրանցից ոմանք էլ հստակեցնում են, որ այդպիսի կոալիցիա, ըստ էության, գոյություն չունի, քանի որ «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ վաղուց է հայտարարել իր հաջողության մասին։ Իսկ դա նշանակում է, որ այդ ահաբեկչական խմբավորումն, ըստ էության, այլևս գոյություն չունի։

Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին նոր փաստաթղթում Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման մասին դրույթը ևս քննարկումների առանցքում է։ Փորձագետները նշում են, որ դրանով ԱՄՆ-ը կարևորում է «Մինջին միջանցքի» գաղափարը։

Պատմական, բալանսավորված արտաքին քաղաքականության առաջին հանգրվան, կարևոր, շրջադարձային, բայց նաև մտահոգիչ ու վտանգավոր․ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին նոր փաստաթուղթը ստորագրումից վայրկյաններ անց ստացավ այսպիսի տարաբնույթ որակումներ։ Խնդրահարույց դիտարկվեց թերևս այն ձևակերպումը, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետության» դեմ պայքարի գլոբալ կոալիցիային։

Արդյո՞ք սա Հայաստանի հարևան Իրանի դեմ ուղղված քայլ չէ։ Այս մտահոգությունը փաստաթղթի ստորագրումից մի քանի ժամ անց փարատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆեյսբուքում գրելով, որ բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին և Իրանի հետ հարաբերություններն առարկայական են ավելի քան երբևէ:

Ըստ վարչապետի, այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը համագործակցության ամենահուսալի բազան է և հարաբերությունների կայունության երաշխիքը:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքում հորդորում է չանհանգստանալ վերոնշյալ ձևակերպումից․

«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային: Մի հատ էլ կրոնական ազատության ալյանսի 2020թ. Միացանք, ու բացարձակապես ոչինչ դրան չտվեցինք ու չստացանք: Միևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել»:

«Իսլամական պետության» դեմ պայքարի գլոբալ կոալիցիան, որին միացել է Հայաստանը, իրականում այս պահին գոյություն չունի, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը․

«Էստեղ ուղղակի Հայաստանը միանում է ինչ-որ կոալիցիայի, որը մեծ հաշվով, ընդհանրապես գոյություն չունի, որովհետև ԱՄՆ պաշտոնապես հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» իրենց կողմից ոչնչացվել է 2018 թ-ին, այսինքն, 7 տարի առաջ ոչնչացված միավորման դեմ միանալ այսօր միայն մի դեպքում կարող է իմաստ ունենալ, եթե այդ կոալիցիան կարող է կիրառվել կամ վերակենդանանալ, մի ուրիշ տեսքով։ Այսինքն, մեծ հաշվով, սա ուղղակի անվտանգային գործիք է, որը տեսականորեն կարելի է ակտիվացնել արդեն նոր նպատակների համար»։

Ամեն դեպքում, «Իսլամական պետության» դեմ պայքարի գլոբալ կոալիցիային միանալով, Հայաստանն, ըստ քաղաքագետի, որոշակի պարտավորություններ է ստանձնում՝ մասնակցել հնարավոր ահաբեկչական գործողությունների դեմ պայքարին։ Ժամանակին Հայաստանը, ընդգրկված չլինելով որևէ կոալիցիայում, որոշակի առաքելությամբ արդեն եղել է մի շարք թեժ կետերում․

«Ընդհանրապես, Ամերիկայի Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի շրջանակներում և ոչ միայն տարբեր ռազմական գործողություններ է իրականացրել, և այդտեղ Հայաստանը, օրինակ, ևս, որոշ դեպքերում մասնակցել է թե՛ Աֆղանստանում, թե՛ Կոսովոյում, թե՛ Իրաքում։ Այո, խաղաղապահ առաքելության շրջանակներում է Հայաստանը մասնակցել, բայց ,ամեն դեպքում, եկեք մյուս տեսանկյունից դիտարկենք․ գոնե իրաքյան և աֆղանստանյան դեպքում դա կոչվել է խաղաղապահ, իսկ իրականում դա եղել է օկուպացիոն առաքելություն։ Եվ այդ ժամանակ էլ,ի դեպ, բանավեճ եղել է այս թեմայով»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ հարցնում է՝ արդյո՞ք «Իսլամական պետության» դեմ գլոբալ կոալիցիային Հայաստանի միանալն է եղել վաշինգտոնյան փաստաթղթի ստորագրության պայմանը։

«Ինչու՞ է Հայաստանի միանալու մասին հայտարարվում Վաշինգտոնում ստորագրության արարողությանը, ընդ որում, առաջինն այդ մասին փաստորեն հայտնում է Էնթոնի Բլինքենը: Ի՞նչ է ենթադրում միանալը: Ինչպե՞ս է այն արտահայտվելու:

Այստեղ բուն խնդիրն, անշուշտ, միանալը չէ: Այդ որոշումը, բնականաբար, անհրաժեշտությունների հարց է, որոնք կարող են լինել շաղկապված: Եթե որոշումը անհրաժեշտ է եղել լոկ պետքարտուղարությունից ստորագրում ստանալու համար, ապա դա մի հարց է, եթե պետք է եղել այս շրջափուլում Հայաստանի շուրջ անվտանգային ռիսկերի կառավարման հարցում գործուն որևէ աջակցություն ստանալու համար, դա ուրիշ հարց է»:

Վաշինգտոնում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության դրույթներում շեշտվում է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա։

Նաև շեշտվում է, որ Միացյալ Նահանգները նպատակադրվում է շարունակել խրախուսել Հայաստանի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը:

Փաստաթղթի ստորագրումից հետո Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, շտապել է հայտարարել․

«Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միանգամայն ճիշտ և իմաստուն պատասխան է Ադրբեջանի կողմից ձևակերպված միակողմանի պնդումներին ու պահանջներին։ Այն, որ Հայաստանը ներկայացրել է խաղաղության լուրջ նախագիծ, բացահայտում է ագրեսորին, որին կարելի է գտնել Ադրբեջանում»։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ստորագրված փաստաթուղթը մանրամասն դիտարկելու կողմնակից է։ Ֆեյսբուքում նա գրում է․

«Արևմտամետների համար՝ փրկօղակ, ռուսամետների համար՝ կործանվող նավակ․․․ Երեկվանից այս ողջ վիրտուալ տիրույթը դա է, ու չկա, որ մեկն ասի՝ այդ փաստաթղթում ի՞նչ է գրված․․․ Վերջ ի վերջո, որո՞նք են մեր սահմանները, չստացվի այնպես, որ ասեն՝ մենք չգիտենք, թե որտեղից են սկսվում ձեր սահմանները, որտեղ են ավարտվում դրանք։ Դրա դառը փորձն ունենք արդեն։ Մի քանի օրից ամբողջապես փոխվելու է ԱՄՆ արտաքին քաղաքականության կուրսը, հատկապես Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և ռուս-ուկրաիանական պատերազմում․․․ Հունվար և փետրվար ամիսները շարունակում եմ համարել ծայր աստիճան վտանգավոր, ռազմական ագրեսայի հավանականությունը՝ մեծ․․․»։

Շատ փորձագետներ հիշեցնում են, որ ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը, որը հեռանում է մի քանի օրից, բավականին բարձր մակարդակով բազմիցս խոսել է, որ իր համար առաջնահերթություն է «Միջին միջանցքի» կառուցումը, ընդ որում, շեշտելով, որ խոսքը Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղու մասին է: Ապաշրջափակման թեման հայ-ամերիկյան նոր ստորագրված փաստաթղթում արդյո՞ք հենց այդ «միջին միջանցքի» մասին է։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը հիշեցնում է, որ այն Իրանով ու Ռուսաստանով անցնող ճանապարհի այլընտրանք է համարվում․

«Եթե Հայաստանը կարողանա այս թեման շահարկել այնպես, որ դա Հայաստանի շահերը առաջ տանի, սա մի բան է, իսկ դա ենթադրում է առաջին հերթին անվտանգության ապահովում, բացառել Ադրբեջանի որևէ նկրտում Հայաստանի տարածքի նկատմամբ և բացառել արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքում։ Սա մի տարբերակ։ Իսկ եթե չի կարողանալու, ապա Ադրբեջանի օրակարգը ավելի շատ է առաջ գնալու, որովհետև Ադրբեջանը հենց այդ «միջին միջանցքի» տրամաբանության մեջ է տեղավորում  իր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Եթե ստորագրված փաստաթուղթը ի շահ Հայաստանի օգտագործվի, մեծ օգուտներ կբերի երկրին, շեշտում է փորձագետը։

Կարդացեք նաև

Back to top button