ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Թանկարժեք մետաղների, խաղալիքների շուկայում վերահսկողությունը կխստացվի․ ՇՎՏՄ վերազինել է փորձաքննության սեփական լաբորատորիան

2024 թվականին շուկայի վերահսկողական տեսչական մարմինն 895 ստուգում է իրականացրել, հայտնաբերելով 620 խախտումն։ Դրանց հիմքով տեսչական մարմինը 341 մլն դրամի տուգանք է կիրառել։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այս տարվանից սեփական սարքավորումներով է իրականացնում բենզինի, դիզելային վառելիքի և թանկարժեք մետաղների փորձաքննությունը։ Խաղալիքների փորձաքննության սարքավորումներն էլ արդեն գնվել են, հավաստագրման փուլում են՝ ասել է կառույցի ղեկավարը։

Անցած տարի ամենաշատ խախտումները Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն արձանագրել է թանկարժեք մետաղների ոլորտում։ Այստեղ գործունեություն ծավալող տնտեսվարողներից ոչ մեկի մոտ ստուգաչափված չափման միջոցներ չեն եղել՝ տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց կառույցի ղեկավար Արմեն Կոտոլյանը։ 2024 թվականից տեսչական մարմինը բենզինի, դիզելային վառելիքի և թանկարժեք մետաղների ստուգումներն իրականացնում է սեփական սարքավորումներով։

Նախկինում այն կամ չէր իրականացվում, կամ լիազորվում էր այլ ընկերությունների։ 2024-ին կառույցն իրականացրել է 129 ստուգում։ Ոսկուց պատրաստված զարդերի 355 փորձանմուշից 37-ը չեն համապատասխանել հարգադրոշմին։

«Հարգադրոշմում իրականացնող երկու տնտեսվարողի գործունեություն կասեցվել է»։

Տեսչական մարմինն այս տարի գազալցակայաններում 18, բենզինի, դիզելային վառելիքի 8 և ԱԳԼՃԿ-ներում թերլիցքավորման 5 դեպք է արձանագրել։

«2024 թվականին 10 տնտեսվարողների մոտ վառելիքաբաշխիչ աշտարակների վրա մեկ ամսով փակցրել ենք՝ «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» 14 ցուցանակ՝ քաղաքացիներին իրազեկելու համար»։   

Քաղաքացիների կողմից շատ են դժգոհությունները Երևանի և մարզերի մեթան գազալցակայանների լիցքավորման տարբերություններից։ Արմեն Կոտոլյանը նշեց՝ ոչ թե Երևանում են թերի լիցքավորում, այլ երկու մարզերում, որոնց անունները չցանկացավ նշել, ստուգումներն արձանագրել են գերլիցքավորման դեպքեր։

«Տեսչական մարմնի գրություններ հիման վրա ՊԵԿ-ը ևս իրականացրել է որոշ գործառույթներ, և կան տնտեսվարողներ, ովքեր արդեն տուգանվել են ահռելի գումարներ՝ 200 մլն դրամ և ավել գումարներ կազմող»։

ՀՀ-ում գործող ծխախոտ արտադրող 6 և ներմուծող 5 ընկերությունների ստուգումներով արձանագրել են, որ դրանք հունվարի մեկից հետո շրջանառության մեջ են դրել ծխախոտային արտադրատեսակներ, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին։

«Իրականացված ստուգումների արդյունքներով բոլոր տնտեսվարող սուբյեկտների մոտ կազմվել են ստուգման ակտեր և կիրառվել է վարչական տուգանք»։

Տեսչական մարմինն արձանագրել է նաև ծխախոտի բաց վաճառքի դեպքեր։ Այս տարի խոշորացույցի տակ են պահելու նաև այս ուղղությունը։ Օրենսդրական փոփոխություններով պայմանավորված ավելի խիստ կլինեն, ասում է։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թիրախավորված մյուս ոլորտի՝ խաղալիքների շուկայում իրականացված 83 ստուգումներով 60 խախտում է արձանագրվել։ Խախտումների հիմքով նշանակվել է 24 մլն դրամի տուգանք։ Տեսչական մարմինը նաև պայմանավորվածություններ և վերահսկողական որոշ գործառույթներ ունի Հայաստանում ամենաշատ տարածում գտած հարթակների հետ։

«Բոլոր այն ապրանքները, որոնք որ տեղադրված են այդ հարթակներում, անպայման պետք է ուղեկցվեն ԵԱՏՄ տեխկանոնակարգին համապատասխան փաստաթղթղերով։ Հակառակ դեպքում այն վաճառելու իրավունք չեն ունենա»։

Խաղալիքների փորձաքննության սարքավորումները տեսչական մարմինն արդեն ձեռք է բերել, դրանք հավաստագրման փուլում են։ Տեսչական կառույցի այս նոր վերազինման արդյունքում հնարավոր կլինի ավելի շատ նմուշներ փորձաքննության ենթարկել, դրանով ավելի վերահսկելի դարձնելով շուկան։

Կարդացեք նաև

Back to top button