ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

QR կոդով սպառողները կտեսնեն՝ ինչի դեմ է պատվաստվել կենդանին, որտեղից է բերվել միսը

Խանութներում կաթնամթերքի դարակաշարերը կանաչ կամ նարնջագույն ներկելու մասին օրենքի նախագիծը դեռ առաջին ընթերցման փուլում է, բայց հասցրել է մասնագիտական շրջանակներում լայնորեն քննարկվել։ Խորհրդարանն ամիսներ առաջ նախ երկու ամսով հետաձգել է նախագծի քննարկումը, ապա երկու ամսով երկարաձգել քվեարկությունը։ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյան․

«Այլևս տեղ չունի հետաձգվելու, պետք է հիմա ոոշում կայացնենք»։

Բայց մինչև որոշում կայացնելը  պատգամավորները հարցեր ունեն։ Սերգեյ Բագրատյանն, օրինակ, հետաքրքրվում է՝ անցած ամիսներին ի՞նչ խմբագրումներ է ունեցել նախագիծը։ Էկոնոմիկայի փոխնախարար Տաթև Սարգսյանը պատասխանում է՝ բովանդակային փոփոխություններ չեն եղել, նպատակը նույնն է՝ տարբերակել կաթնայուղի փոխարինիչներ պարունակող կամ չպարունակող կաթնամթերքը․

«Առևտրի կետերում կաթնամթերքի դարակաշարերը պետք է ներկված լինեն։ Որոնք չեն պարունակում կաթնայուղի փոխարինիչներ, ներկված կլինեն կանաչ դարակաշարերով, իսկ որոնք պարունակում են կաթնայուղի փոխարինիչներ, այսինքն՝  բուսական յուղեր, պարտադիր ներկված կլինեն նարնջագույն դարակաշարով»։

Հիմնավորումը սպառողների՝ մոլորության մեջ չընկնելն է՝ ասում է փոխնախարարը։ Բացի դրանից՝ փոխարինիչ չպարունակող կաթնամթերքն ավելի թանկ է։

«Հետևաբար սպառողը պետք է վստահ լինի, որ վճարեց ավելի բարձր արժեք, ուրեմն իր կաթնամթերքը որակյալ է»։

Նախագծով առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ՝ տեղական սպանդանոցները պարտավորվում են տեսանելի վայրում փակցնել վաճառվող մսի ծագման տվյալները։  Նաև վաճառվող մսի փաթեթները պետք է QR կոդ ունենան։

«Սպառողները՝ սեղմելով դրա վրա, կարող են անգամ տեսնել, թե որ մարզից է բերվել կենդանին և ինչ հիվանդությունների դեմ է պատվաստվել կամ բուժվել»։

Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունն ու կքննարկվի լիագումար նիստերի ընթացքում։ Մեկ այլ նախագծով Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում և սննդի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ձեռնարկատերերի համար պարտադիր դարձնել ներդրված վտանգի վերլուծության հսկման կրիտիկական կետերը կամ այլ կերպ ասած (НАССР)համակարգը։ Սա նորագույն համակարգ է, որը թույլ է տալիս սննդի շղթայում գտնել վտանգի աղբյուրը և վերացնել այն։

«Գրանցման համար սննդի շղթայի օպերատորների ռեեստր վարող մարմին այսուհետ օրենքով սահմանված տեղեկատվության հետ պարտադիր պետք է ներկայացնեն նաև ներդրված վտանգի վերլուծության հսկման կրիտիկական կետերի այլ կերպ ասած (НАССР) համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը և հաստատված պլանը, ինչն ապացույց է, որ ընկերությունը պատասխանատու է սննդամթերքի անվտանգության համար»։

Որ այս ստանդարտը հանրային սննդի անվտանգության կարևոր բաղադրիչներից է, փաստել էր նաև ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը։ Տեսչական մարմինն արդեն ներկայացրել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք մատուցում են սննդի անվտանգության կառավարման համակարգերի ներդրման, գնահատման, ընթացիկ հսկողության ծառայությունները․

«Դա արդեն իսկ պարտադիր է, բայց ցավոք ընկալումը մեր տնտեսվարողների մոտ այլ է, որովհետև այդ ստանդարտը իր մեջ բավականին շատ շերտեր է պարունակում, և շատ տնտեսվարողներ նույնիսկ իրենք էլ չգիտեն, որ այդ համակարգը չունեն, և մեր նպատակն է ծանոթացնել մեր զանգվածին, թե ինչ է իրենից ներկայացնում այդ համակարգը, ինքը կառավարման համակարգ է իրենից ներկայացնում»։

Համակարգը ոչ բոլոր տնտեսվարողներն են կիրառում։ 2027-ի հունվարի մեկից սակայն այն ունենալը պարտադիր կլինի, հակառակ դեպքում տնտեսվարողները կենթարկվեն վարչական տուգանքների։ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի մեկ այլ փոփոխությամբ էլ պարտադիր կլինի ներմուծված կենդանիների ու մսամթերքի ծագման երկրի մասին տեղեկատվությունը ոչ միայն սպանդանոցներում, այլև վաճառքի կետերում հրապարակելը։ Էկոնոմիկայի փոխնախարարն ասում է՝ եթե այժմ կենդանիները տարբերակվում են ականջանշաններով, ինչը սպանդն իրականացնելուց հետո դեն է նետվում, ապա օրենքի ընդունումից հետո մսի իրացման բոլոր օղակներում պարտադիր կլինի ծագման երկրի մասին պիտակը։

«Ներկայում առկա է օրենադրական բաց, ինչը հնարավորություն չի տալիս սպառողներին տարբերակել կենդանին, որից ստացվել է մթերքը ո՞ր երկրում է բուծվել»։ 

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է չշտապել ու մանրամասն աշխատել նախագծի վրա։ Ասում է՝ կարևոր փոխոխություն է, սպառողները հաճախ չգիտեն՝ ինչ միս են գնում, բայց թերություններ էլ կան․

«Մսի ներկրողը լինում է մեկ կազմակերպություն, որը մեծածախ վաճառք է իրականացնում, և հնարավոր է 3-րդ, 4-րդ կետում նոր հասնի խանութ, հիմա օրինակ գյուղական խանութը ստացել է միսը և վաճառում է, իր ստացած փաստաթղթում ծագման երկիրը չկա,  հիմա այս տնտեսվարողը ինչպե՞ս պետք է այս խնդիրը լուծի»։

Տաթև Սարգսյանն արձագանքում է՝ շղթայի բոլոր օղակներում պիտակի առկայությունը պարտադիր կլինի, եթե այն չկա, նույնիսկ ամենահեռավոր գյուղի խանութը միս վաճառելու իրավունք չի ունենա կամ կենթարկվի վարչական պատասխանատվության։

Կարդացեք նաև

Back to top button