
Ի՞նչ ու ինչքա՞ն անվտանգ սնունդ ենք սպառել 2024-ին։ Ոլորտը վերահսկող մարմնի ղեկավարն ասում է՝ համեմատաբար անվտանգ ու քիչ արտառոց դեպքերով են ճանապարհել տարին։ Վերահսկողական միջոցառումներ են իրականացվել շուրջ 4000 ընկերություններում, խախտումներ հայտնաբերվել են 1100-ում։ Դիտարկվել են 637 տնտեսվարողներ, որոնցից 60-ի մոտ խախտումներ են արձանագրվել։ Շուրջ 2000 տնտեսվարող անասնահամաճարակային մշտադիտարկման է ենթարկվել, որը ներառում է նաև սպանդանոցային մսի վերահսկման միջոցառումները, տուգանվել են 300-ը։ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ասում է՝ տարին առատ էր քաղաքացիների կամ պետական կառույցների դիմում-բողոքների հիման վրա ոչ պլանային ստուգումներով. «Այս դեպքում իրականացրել ենք շուրջ 400 ստուգումներ, որից 200-ի դեպքում, այսինքն կեսի դեպքում, խախտումներ են արձանագրվել»։
Մոտ 182 մլն դրամի վարչական պատասխանատվության միջոցներ է նշանակվել տեսչական մարմնի կողմից, արդեն իսկ վճարվել 121 միլիոնը, որը Դանիելյանի գնահատմամբ լավ ցուցանիշ է։ Տեսչական մարմինը 130 տնտեսվարողի գործունեություն կասեցրել է, արդյունքում 64 տնտեսվարողներ խախտումները վերացրել են և շարունակել գործունեությունը.
«Կարևոր ցուցանիշ է մեզ համար սննդային թունավորման դեպքերը, 2024-ին ունեցել ենք 13 դեպք՝ 44 անձանց վերաբերյալ, բարեբախտաբար վատ, այսինքն՝ մահվան ելքեր չենք ունեցել։ Ցուցանիշը ըստ էության նախորդ տարիների համար նույանական է»։
Տեսչական մարմնի թեժ գիծը 2024-ին ահազնգել է 240 անգամ, 199-ի դեպքում զանգողների բողոքին ընթացք է տրվել։ 104 դիմում-բողոքներից էլ ընթացք է ստացել 61-ը։ Թեժ գծով բողոքների թիվը նախորդ տարիների համեմատ մեծացել է, ինչը, Դանիելյանի խոսքով, դրական ցուցիչ է։
«Դիտարկում ենք, որ տեսչական մարմնի նկատմամբ ավելացել է վստահությունը այլ հավասար պայմաններում, այսինքն խախտումների քանակը չի փոխվել, բայց մարդիկ ավելի շատ են դիմում տեսչական մարմին»։
Նախորդ տարվա ամենաաղմկոտ որոշումներից էր ոչ սպանդանոցային միսը առգրավվելու պահանջը։ Դանիելյանն ասում է՝ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո՝ նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին, շուրջ 4 տոննա միս է առգրավվել, իսկ որոշումը նպաստել է նոր սպանդանոցների բացմանը։ Այս պահին ունենք 139 սպանդանոց, այն դեպքում, երբ 2022-ին ունեինք ընդամենը 99 սպանդանոց, որից 27-ը չէր գործում․
«2024-ի ընթացքում միայն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպանդանոցային ծագման միսը կազմել է օրինակ 42 տոկոսը ամբողջ տարվա ցուցանիշի մեջ։ Կարծում ենք՝ լավ ցուցանիշ է, այս առումով հետագայում մեր վերահսկողությունը լինելու է շարունակական»։
Տարվա մարտահրավերներից էր հանրային սննդի օբյեկտների սանիտարական վերահսկողությունը։ Այստեղ դեռևս կան չլուծված խնդիրներ՝ աշխատողների բուժզննման պարտադիր պահանջ, սանիտարական նորմերի շրջանցում, ինչից թունավորումներ են առաջանում։ ՍԱՏՄ ղեկավարը նշում է՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատողների բուզննում չանցնելու պատճառով բազմաթիվ հիվանդություններ են փոխանցվում սպառողներին․
«Հանրային սննդի մասով 2025-ին թիրախավորելու ենք ՎՎՀԿԿ—(HACCP) համակարգի ներդրմանը, որը միտված է սանիտարական նորմերի պահպանման և սանիտարական նորմերի պահպանման համատեքստում սննդի ճիշտ կազմակերպմանը»։

Սննդի կառավարման ՎՎՀԿԿ (HACCP) Համակարգը հանրային սննդի կազմակերպաման հատուկ ստանդարտ է, որը կարգավորում է գործընթացի բոլոր ցիկլերը։ Նպատակն անվտանգության ապահովումն է։ Այս ստանդարտն արդեն պարտադիր է, բայց քանի որ բարդ է և բազմաշերտ, տնտեսվարողները հաճախ նույնիսկ չգիտեն, որ այդ համակարգը չունեն։ Դանիելյանն ասում է՝ այս առումով անելիքները շատ են, ՍԱՏՄ-ն առաջիկայում ավելի շատ կխոսի դրա մասին։ Անվտանգ սննդի հաջորդ խոչընդոտը օնլայն առաքումններն են։ Օրինակ՝ Յանդեքս օպերատորները, որոնք սնունդ են տեղափոխում, շուտով իրանց հավելվածներում կունենան սանիտարական պարտադիր պահանջների մասին տեղեկատվություն, բայց օնլայն առաքվող սնունդն ամբողջությամբ վերահսկելու գործիքակազմ դեռ չկա․
«Հատկապես, եթե հաշվի ենք առնում դեպքերը, երբ նույն վաճառք իրականացնողը մեզ համար անհայտ է, այսինքն որևէ օգտատետր է, որին ֆիզիկապես բացահայտել կամ նույնականացնել անհնար է կամ շատ դժվար։ Այս պարագայում մենք ակնկալում ենք, որ սպառողը ինքը գիտակցի այդպիսի սնունդ ձեռքբերելու ռիսկերը»։
Արմեն Դանիելյանի ասուլիսից ժամեր առաջ հայտնի էր դարձել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ՍԱՏՄ պաշտոնատար անձնաց կողմից կաշառք ստանալու դեպք։ Վերջինները խմբով կենդանիների արտահանման գործընթացում հայտնաբերած խախտումները չարձանագրելու դիմաց կաշառք են ստացել և կատարել պաշտոնեական կեղծիք: Դանիելյանը արձագանքում է․
«Կոռուպցիոն այս դեպքը այն դասական օրինակներից է, որ ցույց է տալիս՝ մենք ոչ թե պետք է առանձին կոռուպցիոն դեպքերի մասով աշխատանք տանենք, այլ հնարավորությունը ուղղակի բացառենք և արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել, վերջնական փուլում է այն նախագիծը, որով առաջարկում են, որ կարանտինացման կետերի գործունեությունը դառնա լիցենզավորված գործունեություն, խիստ հսկողության տակ՝ տեսաձայնագրման հնարավորությամբ, որը կբացառի նման հնարավորությունը»։
2025-ին տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես հանային սննդի օբյեկտները, անասնահամաճարակային վերահսկողությունը, մանկապարտեզներին, դպրոցներին, ծերանոցներին մատակարարվող սնունդը։ Նախատեսում են նաև վերահսկողական գործիքակազմերի թվայնացման ծավալների մեծացում և ոլորտի օրենսդրական փոփխություններ։




