Կալիֆոռնիայում հրդեհների պատճառած վնասը հասել է 250–275 մլրդ դոլարի, այս մասին X սոցցանցի իր էջում հայտնել է Միացյալ Նահանգների եղանակի մոնիթորինգի ծառայությունը։ Մոտ 180 հազար մարդ ստիպված է եղել լքել տները, հազարավոր շենքեր այրվել են։ Հրշեջները շարունակում են պայքարել այդ շրջաններում բռնկված հրդեհների դեմ: Ուղիղ մեկ շաբաթ առաջ բռնկված հրդեհի զոհերի թիվը վերջին 24 ժամում չի փոխվել՝ կրակին զոհ է գնացել 24 մարդ։ Վերջին տվյալներով՝ 23 մարդ համարվում է անհետ կորած։ Հրդեհներից մեծ վնասներ են կրել նաև հայաշատ քաղաքները։ Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանն այսօր տեսանյութ է հրապարակել, նկարագրելով ստեղծված իրավիճակը։
Հրեշտակների քաղաք Լոս–Անջելեսում մարդիկ շարունակում են տագնապով հետևել եղանակի կանխատեսումներին։ Միացյալ Նահանգների Ազգային եղանակային ծառայությունը հերթական զգուշացումն է հրապարակել՝ հունվարի 15 –ին սպասվում է ուժգին քամի ժամում մինչ 110 կմ արագությամբ։ Վերջին նման զգուշացումը հնչել էր հունվարի 7-ի հրդեհից առաջ։ Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանն այսօր տեսանյութ է տարածել, բնակիչներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները։ Նա նշել է, որ քաղաքը շարունակում է բախվել արտակարգ իրավիճակներին։ Անտառային հրդեհներն ուղեկցվում են եղանակային ծայրահեղ վատ պայմաններով:
«Ազգային օդերևութաբանական ծառայությունը տեղեկատվություն է տարածել, որ մինչև հունվարի 15-ի ցերեկն ուժեղ քամիներ կլինեն, ինչն ավելի է մեծացնում հրդեհի արագ տարածման վտանգը։ Մեր հրշեջ և ոստիկանության բաժինները լիովին համալրված են լրացուցիչ աշխատուժով և սարքավորումներով ու պատրաստ են արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի»,- նշել է Ասատրյանը:
Էլեն Ասատրյանը լոսանջելեսաբնակներին հորդորել է պատրաստ լինել մարտահրավերներին։
«Խնդրում եմ իմացեք, որ մենք լիովին մոբիլիզացված ենք և պատրաստ ենք դիմակայելու այս մարտահրավերներին: Այսօր առավոտյան մեր Արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնն արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցավ 2-րդ մակարդակին՝ ուժեղացված ռեսուրսներով և անձնակազմով: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կկարգավորենք գործողությունները»,-նշել է Գլենդելի քաղաքապետը:
Գլենդեելի որոշ փողոցներ դժվարանցանելի են դարձել տապալված ծառերի պատճառով, շատ տներ լրջորեն վնասվել են քամուց, որոշ թաղամասեր հոսանքազրկվել են։ Տարհանված բնակիչները պատսպարվում են ժամանակավոր ապաստարաններում, որոնք առաջարկում են և՛ քաղաքապետարանը, և՛ հայկական կառույցները։
«Ցավոք, մեր քաղաքը զգալի վնասներ է կրել․ կան տապալված էլեկտրահաղորդման գծեր, ընկած ծառեր և բեկորներ։ Անձնակազմերն անդադար աշխատում են էլեկտրաէներգիան հնարավորինս արագ և անվտանգ վերականգնելու համար: Եթե դուք հանդիպեք ընկած հոսանքի գծի, խնդրում ենք հեռու մնալ և անմիջապես զանգահարել 911: Հանրային աշխատանքների մեր թիմը քրտնաջան աշխատում է, մաքրելով տապալված ծառերն ու բեկորները»,-մանրամասնել է Էլեն Ասատրյանը:
Փասադենայի կրակից առավելապես տուժած թաղամասերում մեծ թվով հայեր են բնակվում։ Թե նրանցից քանիսն է կորցրել իր տունը, դեռ հայտնի չէ։ Այրվել է նաև հայկական «Սահակ-Մեսրոպ» դպրոցը։ Տեղի հայկական մյուս դպրոցները պատրաստակամություն են հայտնել ընդունելու «Սահակ-Մեսրոպ» դպրոցի աշակերտներին մինչև վերականգնման աշխատանքների ավարտը։ Տուժածները ժամանակավորապես բնակվում են հյուրանոցներում կամ հարազատների տներում։ Ի դեպ, քաղաքային իշխանությունները հաղորդագրություններով պարբերաբար իրազեկում են մարդկանց, վտանգի դեպքում ուղղորդում՝ ինչ անել։ Այսօր արդեն վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել Էնսինո և Տարզանա քաղաքներում։ Ֆեյսբուքյան օգտատերերը պարբերաբար տեղեկությունններ են հրապարակում։
«Էնսինո և Տարզանա․ սրանք այս պահին այն քաղաքներն են, որտեղ կրակը բավական արագ տարածվում է: Լրացուցիչ 60 հազար մարդ պարտադիր էվակուացիայի հրահանգ է ստացել: Եվս երկու ծանր փուլ է սպասվում շաբաթ և կիրակի օրերին»:
Lոս Անջելեսում մոլեգնող անտառային հրդեհը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենածավալուն և ռեկորդային վնաս պատճառած բնական աղետը։ Օդերևութաբանական հաշվետվություններ տրամադրող ընկերության գնահատականներով՝ հրդեհները 250-275 միլիարդ դոլարի տնտեսական վնաս են պատճառել, Կալիֆոռնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրդեհներից այրվել է առնվազն 16100 հեկտար տարածք, ավերվել է 12300 շինություն:




