
Երևանի ժամանակով երեկոյան 10-ին Հայաստանի և ԱՄՆ–ի միջև Վաշինգտոնում կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Տեղեկությունը հաստատել է Հայաստանի ԱԳՆ–ն։ Կառույցի փոխանցմամբ՝ հունվարի 14-ից 15-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վաշինգտոնում է, նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին վերլուծաբանները սկսեցին խոսել նախորդ շաբաթվանից։ Սեփական աղբյուրներին հղումներ անելով՝ նրանք նշում էին, թե համաձայնագիրը ներառելու է մի քանի առանցքային ուղղություն, այդ թվում՝ անվտանգային ոլորտը՝ Հայաստանին ինքնիշխանությունը պաշտպանելու ավելի ամուր գործիքներ տրամադրելով համար։
Հայաստանում դեռևս տեղեկություններ չկան, թե ինչ բովանդակություն կունենա Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքվելիք ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Ապագա համագործակցության մակարդակը և հնարավորությունները հասկանալու համար վերլուծաբաններին անհրաժեշտ է նախ կարդալ այն։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի ներկայացմամբ՝
«Շատ բան կախված է լինելու, թե թուղթն իրենից ինչ է ներկայացնելու։ Այսինքն՝ բովանդակային առումով այնտեղ ինչ է գրված, որովհետև կան ռազմավարական գործընկերության պայմանագրեր, որոնք տասնյակ էջեր են և ունեն բավականին լուրջ կոնտենտ, և կա, օրինակ, մեկ էջանոց թուղթ, որը ավելի շատ դեկլարատիվ բնույթի է։ Այս առումով շատ ավելի էական է, թե ինչ բովանդակություն կա դրա տակ, օրինակ, ինչպիսի համագործակցություն է հնարավոր դրանից հետո, հնարավո՞ր է արդյոք դրա արդյունքում ռազմական տեխնիկայի գնումներ իրականացնել Հայաստանի համար ԱՄՆ–ից կամ, օրինակ, մասնավոր ամերիկյան ռազմական ընկերություններ վարձակալել և այլն, և այլն, և այլն։ Այսինքն՝ ի՞նչն է փոխվում «հողի վրա» շոշափելի դրա արդյունքում։ Սա է էական»։
Հասանելի տեղեկություններն ի մի բերելով՝ վերլուծաբանները ենթադրում են, որ Համաձայնագիրը կունենա 4 հիմնական ուղղություն՝ ժողովրդավարական ինստիտուտներ, տնտեսություն, էներգետիկա և անվտանգություն։ Վերջին ուղղությամբ ենթադրվում է, որ օրակարգը կկենտրոնանա պաշտպանության ոլորտի արդիականացման ուղղությամբ համագործակցության ընդլայնման, համատեղ ուսումնական ծրագրերի և Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու ավելի ուժեղ գործիքների տրամադրման վրա:
Համաձայնագրի ստորագրումից մի քանի օր առաջ փաստաթղթի բովանդակությունից մանրամասներ չներկայացրեց նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Բայց որոշ հստակեցումներ նա արեց․ «Նախ ուզում եմ ասել, որ ռազմավարական բնույթի չենք բարձրացնում մեր համագործակցությունը։ Ռազմավարական բնույթ արդեն իսկ կա, ու մենք ունենք ռազմական երկխոսություն, որը պայմանավորվել էինք բարձրացնել ռազմավարական գործընկերության։ Քննարկվող փաստաթուղթ կամ փաստաթղթեր այս մասին, իհարկե, կան։ Ինչ կլինի դրա արդյունքը, կարող ենք սպասել, տեսնել»։
Պայմանագրից ավելի շատ մանրամասներ վերջին օրերին հաղորդում է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ ԱՄՆ–ից վերադառնալուց հետո նա իր տեղեկություններ է հրապարակել։
«Նախորդ տարի՝ հունիս ամսին, Ջեյմս Օ’Բրայենի հետ այստեղ՝ Հայաստանի ԱԳՆ–ում, ազդարարվեց երկկողմ հարաբերությունները մեկ մակարդակով բարձրացնելու մասին, դրա ամերիկյան մասը՝ փաստաթղթի ստորագրման, տեղի կունենա Վաշինգտոնում։ Ի պատիվ դեմոկրատների, նրանք հասցրեցին, փաստորեն, նաև այս ստորագրումը կազմակերպել, ինչը նախատեսված էր մինչև նախորդ տարեվերջ։ Դա ուշացավ և լավ է, որ հեռանալուց առաջ այս փաստաթուղթը հաջողությամբ կստորագրվի»։
Վերլուծաբանների համար, սակայն, սա էլ է քննարկումների թեմա։ Պայմանագիրը կնքվում է ԱՄՆ–ի գործող վարչակազմի հեռանալուց 5 օր առաջ։ Նկատի ունենալով ԱՄՆ նոր նախագահ Թրամփի կառավարման յուրահատկությունները՝ փորձագետները նաև պայմանագրի ստորագրման ժամկետն են կարևորում։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ ստորագրված փաստաթուղթը իր արժեքը չի կորցնի, բայց ամեն ինչ կախված կլինի գլոբալ զարգացումներից․
«Մեր ակնկալիքները շատ ավելի չափելի կլինեին, եթե փաստաթուղթը նոր վարչակազմի օրոք ստորագրվեր։ Դրա իրականացումն այս պայմաններում մեծապես պայմանավորված է լինելու գլոբալ և տարածաշրջանային իրողություններով։ Այս ամբողջը պետք է գնահատել միջազգային իրողությունների, նաև ԱՄՆ–ի առաջնահերթությունների համատեքստում։ Եթե Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում այստեղ ունենալ հակաիրանական քաղաքականության տեսանկյունից ուժեղ գործընկեր, ապա բնականաբար այստեղ Ադրբեջանը մրցակիցներ չունի»։
ԱՄՆ–ի հետ ռազմավարական համագործակցության ուղղությամբ ԱՄՆ–ի նոր վարչակազմի հետ այս պահին աշխատում է նաև Ադրբեջանը։
Պայմանագիրը ստորագրելուց հետո նույն աշխատանքը պետք է տանի նաև Հայաստանի գործող իշխանությունը։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է հասկանալ, որ ռազմավարական գործընկերություն չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն՝ ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել, կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները: Միջազգայնագետը համոզված է, որ ԱՄՆ-ն Հայաստանին անվտանգային երաշխիքներ ու ռազմական օգնություն չի տրամադրելու: Այս ձևաչափը, ըստ մասնագետի, չի ենթադրում Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում: Անվտանգության ոլորտում այն ենթադրում է աջակցություն խորհրդատվական ծրագրերին, զինվորականների միջև շփման միջոցառումներին, Միջազգային զինվորական կրթության և ուսուցման ծրագրի միջոցով մասնագիտական զինվորական կրթության հնարավորություններին, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարամյա պետական գործընկերության շարունակություն:
Ամեն դեպքում, ԱՄՆ–ի նոր վարչակազմի հետ սերտորեն աշխատելու հնարավորություն և ռեսուրս Հայաստանն ունի՝ համոզված է Սուրեն Սարգսյանը՝ վկայակոչելով, օրինակ, Ջոել Թեննին, որին Թրամփը նախանշանակել էր որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցերով զբաղվող պաշտոնյա։
«Ավետարանչական եկեղեցու հոգևոր հովիվ է, իր կարևոր միսիաներից մեկը այս կյանքում համարում է Հայաստանին աջակցելը, քրիստոնյաներին աջակցելը։ Պրոհայկական բավականին դիրքավորում ունեցող երիտասարդ է և շատ լուրջ և լավ կապեր ունի Թրամփի վարչակազմում, ընդ որում՝ նաև նրա նեղ շրջապատում։ Նման մարդկանց առկայությունը մեզ հույս է ներշնչում, որ մենք կարող ենք մեր ձայնը հասցնել ամենավերևի ատյաններ ԱՄՆ քաղաքական ղեկավարության, ինչը նման մարդկանց բացակայության պարագայում շատ բարդ է լինելու։ Այսինքն՝ դու մեկ քայլով կարող ես հասնել այնտեղ, որտեղ քեզ պետք է ու այսպիսի մարդիկ քիչ չեն։ Տարբեր ազդեցիկ մարդիկ, ովքեր Թրամփի շրջապատում են, առնվազն մեզ հետ ունեն ուղիղ կոնտակտ։ Հիմա կան Երևանում մարդիկ, ովքեր կարող են հեռախոսը վերցնել և զանգել մեկ–երկու մարդու, ովքեր ԱՄՆ–ում վաղը ունենալու են քարտուղարի պաշտոն կամ այլ բարձր պաշտոն անվտանգության ոլորտում։ Այս ամեն ինչը հաշվի առնելով, կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի մենք ճիշտ և գրագետ աշխատենք, չվախենանք այլ գործոններից և աշխատենք, որովհետև դա է պահանջում ՀՀ շահը»։
ԵՄ–ին Հայաստանի անդամակցելու հարցին Փաշինյանի կառավարության դրական որոշումանը սուր արձագանքած Կրեմլը, այժմ՝ Հայաստան–Միացյալ Նահանգներ պայմանագիրը համարում է «Երևանի ինքնիշխան իրավունքը»։ Միաժամանակ, Միրզոյանի՝ Վաշինգտոնում գտնվելու պահին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարարին Վաշինգտոնից հետո սպասում են Մոսկվայում։




