
Այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման համար, 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մենք Սահմանադրություն փոխելու խնդիր չունենք այն պատճառով կամ նրա համար, որ թվացյալ խնդիր կա այդտեղ»,-ասել է նախարարը։
Ըստ նրա՝ այն, որ նոր Սահմանադրության մասին խոսելն այլ երկրների հայտարարությունների հետ է կապված, անտեղի է, քանի որ նոր Սահմանադրություն ունենալու հարցը սկսել է քննարկվել ավելի վաղ՝ հեղափոխությունից հետո։
«Նույնիսկ 2019-2020 թվականներին ունեցել ենք նոր Սահմանադրության հայեցակարգ, և այդ աշխատանքները ինչ-ինչ պատճառով չեն հանգել տրամաբանական վերջնարդյունքի»,- ասել է Գալյանը։
«Ես՝ որպես նոր նախարար, կարծում եմ, որ պետք է ստանձնեմ պարտականություն և պատասխանատվություն՝ ի վերջո մշակելու նոր Սահմանադրության նախագիծ, որին հավանություն է տալու կամ չի տալու ժողովուրդը, որովհետև նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել միայն հանրաքվեի միջոցով»,- նշել է նա։




