ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը ՄՄ- ին անդամակցում է Ղրիմո՞վ, թե՞ առանց. պատասխանում է Ղազախստանի դեսպանը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«Միջուկային անվտանգության» խնդիրներին նվիրված կոնֆերանսին մասնակցող ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոզ Բոզժիգիտովն այսօր լրագրողներին փոխանցել է, որ Մաքսային միությանը անդամակցելու գործում Հայաստանին որեւէ մեկը չի խոչընդոտում, արհեստական խնդիրներ չեն առաջացվում եւ ընդհանրապես` տպավորությունը, թե ՄՄ կազմում Հայաստանին չեն սպասում՝ ճիշտ չէ: Հապաղում այս հարցում չկա, ամեն ինչ գնում է իր հունով, վստահեցրել է դեսպանը։

Ուղիղ հարցին` ուղիղ պատասխան. «Ռադիոլուրի» խնդրանքին պարզաբանել, թե ինչ սահմաններով է ՄՄ- ին անդամակցում Ռուսաստանը եւ ի՞նչ է լինելու Ղրիմի սահմանի հետ, ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոզ Բոզժիգիտովը պատասխանեց հետեւյալը.«Ես չգիտեմ դուք ինչ նկատի ունեք: Մաքսային միությունը ձեւավորվել է երեք տարի առաջ եւ Ռուսաստանն էլ է այդ կառույցին անդամակցել միջազգային ընդունված իր սահմաններով»։

Սա, ի պատասխան Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի քայլի, երբ նա խախտելով բոլոր պայմանավորվածությունները, միջազգային հանդիպման ժամանակ ընթերցել է Ադրբեջանի նախագահի բողոք-նամակն ընդդեմ Հայաստանի ՄՄ անդամակցելու գործընթացին՝ առաջ քաշելով Ղարաբաղի սահմանների հարցը: Դեսպանն իր նախագահի քայլը բացատրում է նրանով, որ միջազգային այդ կոնկրետ հանդիպման նախագահողը Նուրսուլթան Նազարբաեւն էր, ստացել էր կոնկրետ նամակ եւ չէր կարող չընթերցել այն: Ահա այդքանը։

Դեսպանն այսօր վստահեցնում էր հայ լրագրողներին` թե սխալ է այն տպավորությունը, որ Հայաստանին ուրախ չեն տեսնել այդ կառույցում։ «Ղազախստանը որեւէ պահանջ կամ դժգոհություն Հայաստանի հանդեպ չունի, Ղազախստանը ստորագրել է Հայաստսանի անդամակցության ճանապարհային քարտեզը: Ամեն ինչ ընթանում է նորմալ հունով: Ոչ մի տարաձայնություն, հակազդում եւ ձգձգում չկա։ Զուտ ընթացակագային գործընթացներ են»։

Մաքսային միությունն ընդհանուր առմամբ վերաբերում է 180 միլիոն բնակչություն ունեցող մի տարածքի: Այսինքն` ստեղծվում է մեծ շուկա առանց սահմանների, որտեղ մաքսային գանձումներ չեն իրականացվելու, ապրանքների ազատ տեղափոխում է տեղի ունենալու: Իսկ հետագայում՝ Եվրասիական միության ստեղծումից հետո կավելանա ծառայությունների, ֆինանսների եւ մարդկային ռեսուրսների ազատ տեղաշարժը, նոր միության հեռանկարները փորձեց այսպես գայթակղիչ ներկայացնել դեսպանը: Իսկ նոր միության ստեղծման էությունը բացատրեց այսպես. «Զուտ տնտեսություն է, ոչ մի քաղաքական նպատակներ եւ խնդիրներ չեն դրվում: Ուստի, եթե դա տնտեսապես շահավետ է, ուրեմն շահավետ է»,- ասաց դեսպանը։

Նա, այսօր, իմիջիայլոց հրապարակեց Ղազախստանի տնտեսական ներուժը` 200 մլրդ դոլարից ավելի ՀՆԱ, եւս 100 մլրդ  դոլարի կարգի Ոսկու եւ արժույթի պահուստային ազգային բարեկեցության ֆոնդ: Այս ամենը նա անվանեց «անվտանգության բարձիկ», որը միջազգային տնտեսական ճգնաժամի տարիներին Ղազախստանի համար ապահովեց շարունակական տնտեսական աճ։

Կարդացեք նաև

Back to top button