
Հունվարի առաջին օրերից Հայաստանը բարձրաստիճան տարբեր պատվիրակություններ է ընդունել։ Դրանց մի մասը Երևան է եկել Բաքվից կամ այնտեղ գնացել Երևանից։ Տարածաշրջան կատարած այցերն այսօր ամփոփել են թե Բրյուսելում, թե Թեհրանում։
Վերջին հինգ օրվա ընթացքում Հայաստանն ընդունել է Իրանի Իսլամական հանրապետությունից ժամանած երկու տարբեր բարձրաստիճան պատվիրակությունների։ Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղարի այցից հետո Երևանում են Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները։
Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած հանդիպումներն ընթացել են երկու ձևաչափով՝ բարեկամական խմբերի պատվիրակությունների հանդիպում և առանձին հանդիպում ԱԺ պաշտպանության ու անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովում։ Իրանից ժամանած պատվիրակության անդամները նշել են, որ արտաքին քաղաքականության մեջ ՀՀ-ն առանձնահատուկ դիրք ունի։
ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը հանդիպման ընթացքում հայտարարել է․ «Ինչպես ընդգծել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդը, մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և դեմ ենք սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին»։
Մինչև այս հանդիպումները հայ–իրանական հնարավոր համագործակցության մասին նոր տեղեկություններ շրջանառության մեջ դրեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։ «Свободная пресса»-ի իր հոդվածում ռուս քաղաքագետը գրել էր, թե Թեհրանին անհանգստացնում է Երևանի նկատմամբ Բաքվի սուր հռետորաբանությունը՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրականացման հետ։ Տարասովի տեղեկություններով՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Երևան կատարած այցի ժամանակ Հայաստանին առաջարկել է հրաժարվել ԵՄ առաքելության գործունեությունից և մտածել Իրանի հետ ռազմական պայմանագիր կնքելու ուղղությամբ։ ԵՄ դիրորդների ներկայությունից մտահոգվող Թեհրանի կարծիքով՝ սա չի համարվի տարածքում արտաքին ռազմական ուժերի առկայություն և միայն կկայունացնի իրավիճակը»։
Պաշտոնական Երևանն այս առաջարկի վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել։
Փոխարենը Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաին, ճեպազրույցում խոսելով Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի երևանյան այցի մասին, ասել է․
«Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է։ Անվտանգությունն ու կայունությունը պետք է ապահովվեն տարածաշրջանի երկրների կողմից՝ հեռու արտաքին միջամտությունից»։
Ըստ Իրանի արտգործնախարարության խոսնակի՝ այցը նպատակ ուներ ամրապնդել երկու երկրների հետ հարաբերությունները, որպեսզի վստահ լինեն, որ տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված նախորդ գործընթացները, այդ թվում՝ «3+3»-ը, շարունակվելու են։ Ըստ Բաղաիի՝ Իրանը պատրաստ է աջակցել այս գործընթացին իր բոլոր հնարավորություններով։

Ջանքեր, միջնորդություն և աջակցություն Երևանին ու Բաքվին առաջարկում է նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ Նա բացահայտել է, որ հունվարի 7-ից 11-ը երկու մայրաքաղաքներում մտքերի խորը փոխանակում է ունեցել պաշտոնյաների հետ այն մասին, թե ինչպես լավագույնս առաջ մղել խաղաղությունը, կարգավորման ջանքերը, տարածաշրջանային համագործակցությունը, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները։
Եվրոպացի պաշտոնյան X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Կարևոր է առաջ շարժվել դեպի կայուն խաղաղություն, առաջընթաց ապահովել չլուծված հարցերի շուրջ և նախապատրաստել բնակչությանը խաղաղ ապագային: Կարևոր է սպառնալիքների ընկալումը լուծելն ու նվազեցնելը, այդ թվում՝ հանրային հաշտեցման ջանքերի և խաղաղության հաստատման դրական հռետորաբանության միջոցով»։
Արդյո՞ք այս իրավիճակում Հայաստանը հայտնվում է հակամարտող այլ կողմերի միջև, և ո՞րն է այդ դեպքում Հայաստանի շահը։ Աշխարհաքաղաքական փոփոխվող պայմաններում Հայաստանը պետք է փորձի նոր դաշնակիցներ ձեռք բերել, եթե հների հետ հարաբերությունները խզվում են՝ համոզված է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Ես կարծում եմ, որ շահերի ընդհանրություններ մենք ունենք շատ պետությունների հետ, մենք միաժամանակ ընդհանուր շահեր ունենք և Միացյալ Նահանգների, և Իրանի հետ։ Ընդ որում՝ մեզ հաջողվել էր վերջին 30 տարիների ընթացքում հասել նրան, որ ԱՄՆ-ն աչք էր փակում մեր և Իրանի հարաբերությունների վրա։ Այսինքն՝ հնարավոր է, չէ՞, ինչ-որ ձևով ԱՄՆ-ին բացատրել՝ գիտե՞ս Միացյալ Նահանգներ, եթե դու ուզում ես, որ ես գնամ կոտորվեմ, կործանվեմ, վերանամ՝ խնդրեմ, բայց եթե դու ուզում ես ինչ-որ ձևով կենդանի մնամ, պետությունս կողպեքով չփակեմ գնամ, ուրեմն թող հասկանամ, թե ես ո՞նց կարող եմ իմ անվտանգության խնդիրները լուծել։ Եվ սա միայն Միացյալ Նահանգներին չի վերաբերում, Ռուսաստանին էլ, Իրանին էլ։ Գտի՛ր քո ռազմավարական դաշնակցին, հիմնավորի՛ր աշխարհին՝ ինչու է նա, և թող աշխարհը հիմնավորի քեզ, թե ինչու նա չպետք է լինի և այլն»։
Աշխարհաքաղաքական փոփոխվող պայմաններում դժվար վիճակում է հայտնվել նաև Ադրբեջանը՝ կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Աշխարհը փոփոխվում է, նոր կարգ դեռևս չի ձևավորվել, և այս պահին, այս իրավիճակում դու պետք է աշխարհաքաղաքական կողմնորոշումներ ունենաս։ Ադրբեջանը «խաղում» է մի քանի ուղղություններով․ և՛ Ռուսաստանի հետ խորքային պայմանավորվածություններ ունի, և՛ Թուրքիայի հետ, և հիմա հայտարարում է, որ Միացյալ Նահանգների ստրատեգիական դաշնակիցն է աշխատում դառնալ։ Սա վտանգավոր իրավիճակ է Ադրբեջանի համար, որովհետև երբ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ են վատանում, Իրան-Թուրքիա հարաբերություններ են վատանում, Ադրբեջանը բազմակողմանի պարտավորությունների տակ է հայտնվում, և դա մեծ սպառնալիք է մեզ համար»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անկախությունն արտաքին միջավայրը կառավարելու հմտություն է, ինքնիշխանությունը՝ ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն»:
Խորհրդարանական մեծամասնությունից պատգամավոր Ծովինար Վարդանյանը համոզված է, որ վարչապետի կողմից կայացվող ցանկացած որոշում բխում է ՀՀ պետական շահերից․
«ՀՀ վարչապետի առաջնային խնդիրը ՀՀ անվտանգության պահպանումն է։ Հետևաբար՝ ՀՀ պետական շահը սպասարկելիս, ՀՀ վարչապետը գործում է իր լիազորությունների սահմաններում»։

Իշխանական պատգամավորն այս տիրույթում է դիտարկում նաև ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու առաջարկի մասին հայտարարությունը, ինչին դեմ է խորհրդարանական ընդդիմությունը։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է՝ ՄԽ–ն Հայաստանն ու Ադրբեջանը չեն ստեղծել։
«Խումբը ստեղծվել է Արցախյան հակամարտության կարգավորման հարթակ դառնալու համար։ Արցախի հարցը կա։ 1992թ․ ԵԱՀԿ մշտական խորհուրդը որոշում է ընդունել հրավիրել խորհրդաժողովով։ Դա է իրավական թղթերում եղած բնորոշումը։ Հիմա ՄԽ լուծարման ո՞ր թուղթն է ինքը պատկերացնում, որ պետք է ՄԽ-ն ինքը լուծարի։ Բայց սկզբունքորեն չմտնենք պատմաիրավական նրբությունների մեջ, մեր կարծիքով Արցախի հարցը փակված չէ։ Արցախի հարցի տնօրինման իրավունք Նիկոլ Փաշինյանը չունի, արցախցիների ճակատագիրը տնօրինելու իրավունք Ալիևը չունի»։
Ի դեպ, բանակցային գործընթացի վերաբերող բոլոր գնահատականները ընդդիմությունը տալիս է՝ առանց փաստաթուղթը կարդալու։ Դրան ծանոթանալու ընդդիմադիրների պահանջն արտգործնախարարությունը չի բավարարել։
Այդ որոշումն, ի դեպ, ընդդիմադիրները վիճարկել են դատարանում։ Հունվարի 14-ին վարչական դատարանում տեղի կունենա պատգամավորներն ընդդեմ ԱԳՆ-ի առաջին դատական նիստը։




