ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կալիֆորնիայում հրդեհները շարունակում են մոլեգնել, իշխանությունները խոսում են վերականգնման «Լոս Անջելես-2» ծրագրի մասին

«Մեր մտքերը Կալիֆորնիայի բնակիչների հետ են»,- X-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետը՝ համերաշխություն հայտնելով անտառային հրդեհներից տուժածներին, այդ թվում՝ Լոս Անջելեսի ու Կալիֆորնիայի հայ համայնքին:

«Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Վերջին օրերին Կալիֆորնիայի Լոս Անջելեսի շրջանում մոլեգնող անտառային հրդեհներն արդեն  24 մարդու կյանք են խլել։ Տվյալը հայտնել է նահանգապետ Գևին Նյուսոմը՝ չբացառելով, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ անհետ կորածներ կան։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լոս Անջելեսի տարածքում այս  պահին հրդեհի 6 խոշոր օջախ կա, իսկ օդերևութաբաններն առաջիկա օրերին քամու ուժգնացում են կանխատեսում։

Հունվարի 7-ից մոլեգնած հրդեհները Լոս Անջելեսի շրջանում այրել են ավելի քան 16 հազար հա տարածք, ինչն ավելին է, քան Սան Ֆրանցիսկոյի մակերեսը։ Reuters-ի տվյալներով՝ կրակը ոչնչացրել է ավելի քան 12,000 շինություն, 105 հազար մարդ տարհանվել է, ևս 87 հազարը՝ նախազգուշացվել տարհանման մասին։

Հրդեհների հետևանքով առնվազն 24 մարդ է մահացել։ Մոտ երկու տասնյակ անհետ կորած կա։ Այս տվյալները կիրակի երեկոյան ներկայացրել է The Washington Post-ը։

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն ասել է, որ վնասների մասշտաբով այս տարերային աղետը կարող է ամենասարսափելին լինել ԱՄՆ-ի պատմության մեջ։ Նախնական գնահատականներով՝ վնասը գերազանցում է 135 մլրդ դոլարը։

Նահանգապետի խոսքով` Կալիֆորնիա նահանգի ղեկավարներն ու մասնագետներն արդեն սկսել են «Լոս Անջելես-2» ծրագրի մշակումը։ Ըստ Նյուսոմի՝ այժմ իշխանությունները բանակցություններ են վարում գործարարների, արհմիությունների և հասարակական կազմակերպությունների հետ Լոս Անջելեսի վերականգնման ծրագրի վերաբերյալ։

Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին խոստացել է ջանք չխնայել քաղաքը կարգի բերելու և վնասները վերականգնելու համար։

«Մենք կհաղթահարենք սա, բայց անհրաժեշտ է միասնություն և ոգի։ Համոզված եմ, որ Լոս Անջելեսն ավելի լավ քաղաք է դառնալու։ Առաջիկա օրերին դուք կտեսնեք, թե ինչպես ենք մենք պայքարելու հրդեհների դեմ»։

Լոս Անջելեսի քաղաքապետը տեղեկացրել է, որ ավելի քան 13 հազար մարդ նվիրատվություն է արել Կալիֆորնիայի վերականգնման համար։ Արդեն 6 մլն դոլար է հավաքվել։ Մասնագետները, սակայն, սա օվկիանոսի մեջ կաթիլ են համարում։ Ըստ նախնական մասնագիտական հաշվարկների՝ վնասը կարող է հասնել 150 մլրդ դոլարի։ 

Իլոն Մասկը, որ Թրամփի վարչակազմում զբաղվելու է պետական միջոցների ծախսման արդյունավետության հարցերով, կարծում է, որ Լոս Անջելեսում հրդեհների և դրանց  ծանր հետևանքի պատճառ է նաև վատ կառավարումը:

Մասկը բերել է Տեխասի օրինակը, պնդելով, թե այնտեղ էլ եղանակային նույն պայմաններն են, և առավել մեծ է անտառային ծածկը, սակայն չկան այդպիսի ուժգին հրդեհներ: Ըստ Մասկի, հրդեհները ոչ թե կլիմայական փոփոխությունների, այլ նահանգի, օկրուգի և քաղաքի մակարդակով շատ վատ կառավարման հետևանք են:

REUTERS

Կալիֆորնիայի իշխանություններին՝ անգործության համար խիստ քննադատել է նաև հունվարի 20-ին Սպիտակ տուն վերադարձող Դոնալդ Թրամփը։

«Հրդեհները դեռ մոլեգնում են Լոս Անջելեսում։ Անգործունակները գաղափար չունեն, թե ինչպես կարելի է դրանք մարել։ Հազարավոր հոյակապ տներ չկան, իսկ շատերը շուտով կփլուզվեն։ Ամենուր մահ է։ Սա մեր երկրի պատմության ամենասարսափելի աղետներից մեկն է։ Նրանք, պարզապես, չեն կարողանում հանգցնել կրակը։ Ի՞նչ է կատարվում նրանց հետ»։

Լոս Անջելեսում սպասում են, որ Թրամփն անձամբ կլինի այնտեղ ու կտեսնի կատարվածը, իսկ հեռացող նախագահ Բայդենը խոստանում է, որ դաշնային կառավարությունը 6 ամսվա ընթացքում կփոխհատուցի ամերիկացիների կորուստները։

Կորուստները քիչ չեն նաև հայ համայնքում։ Հրդեհները հատկապես վնասել են Փասադենայի այն թաղամասերը, որտեղ մեծ թվով հայեր են բնակվում։ Թե քանի հայ է կորցրել իր տունը, դեռ հայտնի չէ։ Այրվել է նաև հայկական «Սահակ-Մեսրոպ» դպրոցը։ Տեղական հայկական դպրոցները պատրաստակամություն են հայտնել ընդունել «Սահակ-Մեսրոպ» դպրոցի աշակերտներին մինչև վերականգնման աշխատանքների ավարտը։ Տուժած բնակիչները ժամանակավորապես բնակվում են հյուրանոցներում կամ հարազատների տներում։ 

Հայաշատ Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի խոսքով, քաղաքն ուղղակիրորեն հրդեհից չի տուժել, սակայն ծխի առկայությունը զգալի է։ Հունվարի 10-ին տարհանված բնակիչներին թույլատրվել է վերադառնալ իրենց տներ, և աջակցության կենտրոնի գործունեությունը դադարեցվել է։ Սակայն, քանի դեռ հրդեհները ամբողջությամբ չեն մարվել, վտանգն առկա է։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ քամիները կարող են ուժգնանալ, ինչը կարող է նպաստել հրդեհների տարածմանը։

«Լուր ենք ստացել, որ երկուշաբթի և երեքշաբթի կարող է քամիներն ուժգնանալ նույն կերպ, ինչպես անցած երեքշաբթի է եղել»։   

Գլենդելի քաղաքապետարանը պատրաստ է նման իրավիճակներին և հորդորել է բնակիչներին պատրաստ լինել հնարավոր տարհանման, ասում է Գլենդելի քաղաքապետը։

Կարդացեք նաև

Back to top button