Թուրքիայի համար քրդական հարցի վերացումը նպատակ է, որին հասնելու համար փորձ է արվում քրդերի առաջնորդ համարվող, ավելի քան 25 տարի անազատության մեջ գտնվող Օջալանի միջոցով թրքանպաստ ուղերձ հղել քրդերին, կարծում են փորձագետները, վերլուծելով վերջին շրջանում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Արևմտյան և արաբական երկրների արտաքին գործերի նախարարներն ու բարձրաստիճան դիվանագետները պատրաստվում են առաջիկա կիրակի օրը հանդիպել Սիրիայի նոր արտգործնախարարի հետ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում, որպեսզի քննարկեն իրավիճակը Սիրիայում՝ Ասադից հետո։
Թուրքիան ողջ ուժով լծվել է կնճռոտ հարցերը լուծելու գործին, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, պարզաբանելով տարածվող լուրերը, թե Անկարան բանտարկված Օջալանի միջոցով փորձում է զինաթափել տարածաշրջանի քրդերին։
Բանն այն է, որ մի քանի օր առաջ Թուրքիայի քրդամետ կուսակցությունը, որը մեծությամբ երրորդ ուժն է խորհրդարանում, այցելել է Քրդական աշխատավորական կուսակցության, կամ ինչպես ընդունված է ասել PKK-ի բանտարկված առաջնորդ Օջալանին, որը ցմահ ազատազրկման է դատապարտված և 25 տարի մեկուսացած է թուրքական Բուրսայի Իմրալը կղզու խիստ ռեժիմի բանտում։
Սա նման առաջին այցն է վերջին տասը տարում։ Այցի մասին մանրամասներ հայտնի չեն, սակայն տեղեկություններ են տարածվում, որ նախատեսվում է ևս մեկ նման այց հուվարի 15-ին։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ակնկալվում է, որ Աբդուլլահ Օջալանը ուղերձ կհղի իր կողմնակիցներին՝ զենքերը վայր դնել և դադարեցնել Թուրքիայի հետ երկարամյա զինված առճակատումը։ Ըստ Օջալանի կողմնակիցների, նման ուղերձ կարող է ամենաուշը փետրվարի կեսերին։
Կարեն Հովհաննիսյանը մեկնաբանում է նման ուղերձի հնարավորությունը․
«Էրդողանի վարած քաղաքականությունը հետևյալն է՝ որ ինքը հնարավորինս արագ չեզոքացնի քրդական հարցը Թուրքիայի համար։ Եվ այդ համատեքստում իր ձեռքի տակ եղած գործիքակազմերով փորձում է նաև ազդել այնպիսի քուրդ գործիչների վրա, ովքեր կարող են դերակատարում ունենալ և որոշակի առաջնորդություն ունենալ քրդերի շրջանում։ Դրանցից մեկը հենց Օջալանն է, և փորձ է արվում Օջալանի միջոցով կամ Օջալանի անունից հայտարարություն տարածել։ Ես վստահորեն կարող եմ ասել, որ եթե հայտարարություն տարածվի, ապա դժվար թե Օջալանը ինքը ուղերձով դիմի։ Հնարավոր է, որ միջնորդավորված հայտարարություն տարածվի։ Էրդողանի քաղաքականությունն այն է, որ մասնատի պայքարող քրդերին, և քրդական հարցը առնվազն մի քանի տարի սառեցվի»։
Նշվում է, որ Օջանալի հնարավոր ուղերձը ուղղված է լինելու Սիրիայում, Իրաքում և Եվրոպայում ապրող քրդերին, որպեսզի նրանք զենքերը վայր դնեն։
Իրանագետ Էմմա Բեգիջանյանը հիշեցնում է, որ նախկինում ևս Էրդողանին հաջողվել էր համաձայնության գալ Օջալանի հետ որոշ հարցերում, սակայն Էրդողանը դավաճանել էր քրդերի առաջնորդին, ինչից հետո կրկին բախումներ սկսվեցին քրդերի ու թուրքերի միջև։
«Թուրքիայի բուն նպատակներից մեկը, Սիրիա ներթափանցելով և Հայաթ Թահրիր ալ-Շամին և այլ ծայրահեղ խմբերին աջակցելու համար այն է, որ հանկարծ Սիրիայում չձևավորվի Իրաքի օրինակով քրդական ինքնավարություն։ Հիմա պատկերացրեք՝ 20 տարուց ավելի բանտում գտնվելով, Օջալանը, թերևս հեռացած է աշխարհից, ոչ մի բանից երևի տեղյակ չէ, մեկուսացած և հիմա կարող են իրեն պարտադրել՝ ինչ-որ հայտարարություն անի»։
Վեջին օրերին Թուրքիայի նախագահ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարում են, որ «Քրդական աշխատավորական կուսակցության» և Սիրիայում դրա մասնաճյուղերի դեմ պայքարի վերջը երևում է։
Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո թուրքական իշխանությունները սկսել են ակտիվորեն ուժեր կուտակել սահմանի երկայնքով։ Ամերիկյան The Wall Street Journal-ը գրում է, որ Թուրքիան պատրաստվում է քրդական ուժերի դեմ հարձակման։ Սրան ի պատասխան, քրդերը հայտարարում են, որ Սիրիայի քրդերը սպասում են թուրքական և օժանդակ ուժերի հարձակմանը:
Ֆիդանը նաև տեղեկացրել էր, որ Անկարան քրդերի հարցով Փարիզի հետ քննարկելու ոչինչ չունի և Սիրիայի հյուսիս-արևելքում զարգացումների հարցը մտադիր է լուծել Վաշինգտոնի հետ:
Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասում է, որ Էրդողանը շատ լավ է հասկանում, որ քրդերին իր դեմ են օգտագործում թե՛ ամերիկացիները, թե՛ իրանցիները, թե՛ ռուսները և թե՛ իսրայելացները։ Եվ հենց այդ պատճառով է, որ Թուրքիայի նախագահը փորձում է իր հարցերը քրդերի հետ լուծել իր լծակներով։
«Թուրքիան վարում է մի քաղաքականություն, ըստ որի Թուրքիայում բնակվող քրդերը ատում են Սիրիայում ապրող քրդերին, որովհետև մեծ հաշվով նրանք ասում են, որ ինչի մեջ, որ հայտնվել են՝ կենցաղային, սոցիալական ինչպիսի վատ իրավիճակում, որ գտնվում են, դրա մեղավորը հենց իրենք՝ Սիրիայի քրդերն են։ Եվ այս քաղաքականությունը նոր չէ, և ընդհանրապես, կարող եմ վստահորեն ասել, որ քրդական պետականության չստեղծումը հենց պայմանավորված է այս մասնատվածությամբ»։
Փորձագետների համոզմամբ, գուցե հաջողվի ավելի խորացնել Թուրքիայի քրդերի և Սիրիայի քրդերի միջև թշնամանքը, բայց դա չի ձերբազատի Թուրքիային քրդական հարցից։ Նրա կարծիքով, եթե առաջիկա օրերին Օջալանը կոչ անի քրդերին զինաթափվել, թուրք-քրդական հակամարտությունը մի նոր, ավելի արյունալի շրջափուլ է մտնելու։ Հենց այդ շրջափուլում էլ, ըստ Կարեն Հովհաննիսյանի, կստեղծվի քրդական պետությունը, որքան էլ դա չուզեն թուրքերի հետ իրանցիները, ռուսները, միևնույն է, ստեղծվելու է այդ պետությունը, որպեսզի ԱՄՆ-ն և Իսրայելը հաստատուն ներկայություն ունենան տարածաշրջանում քրդերի միջոցով։
Փորձագետը վստահ է, որ թուրք-քրդական հակամարտությունը թուլացնելու է Թուրքիային և Անկարայի դերակատարումը էապես իջնելու է, փոխարենը հենց քրդական պետության դերն է բարձրանալու։




