
Երևանի վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում) տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով՝ ARCA, VISA, MASTER, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է այցելել անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
Նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև Telcell ընկերության սպասարկման կետերում, ինչպես նաև transport.yerevan.am կայքում։
Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ այս պահի դրությանբ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից: Տերմինալից օգտվելու դժվարություն ունեցողները հունվարի 14-ից՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն և 20:00-ից մինչև 23:00 ընկած ժամանակահատվածում կարող են դրամարկղի աշխատակցի օգնությամբ ձեռք բերել քարտերը: Ժամային սահմանափակման նպատակը ծանրաբեռնված ժամերին ուղևորահոսքերի հետ գործընթացի համընկնելը բացառելն է:
Նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև transport.yerevan.am կայքի միջոցով՝ ARCA, VISA, MASTER բանկային քարտերը կցելով (տրանսպորտային քարտ ձեռք բերել հարկավոր չէ):
Տրանսպորտային քարտը լիցքավորումից հետո կակտիվանա մինչև 3 ժամվա ընթացքում. դա կապված է ծրագրային թարմացումների, բոլոր վալիդատորներին քարտ ձեռք բերելու, տոմսային փաթեթը կցելու, տեղեկատվությունը փոխանցելու հետ:
Փետրվարի 1-ից գործելու են միայն տրանսպորտային քարտերով, բանկային քարտերով ու Telcell wallet-ով ձեռք բերված փաթեթները:
Տերմինալների միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել միայն 90 րոպեանոց QR կոդով կարճաժամկետ տոմսեր:
Անդրադառնալով արտոնությունների փաթեթին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հավելյալ արտոնյալ խմբերի և արտոնությունների չափի վերաբերյալ առաջիկայում քննարկումներ կլինեն:
«Մեր հիմնական նպատակը պետք է լինի արտոնությունների արդար բաշխումը, որպեսզի բոլոր այն անձինք, ովքեր իրապես ունեն արտոնության կարիք, օգտվեն այդ հնարավորությունից: Տոմսային միասնական համակարգը, այո՛, անցումային բարդ գործընթաց է, մասշտաբային գործընթաց է, և այս փուլում երևանցիների նույնիսկ այդ զայրույթի միջոցով աջակցությունը մենք նկատել ենք և էականորեն մեր հավաքագրումներն ավելացել են, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մարդկանց նաև ներողություն հայցել տեխնիկական տարատեսակ խնդիրների հետ կապված, որոնք ամենօրյա ռեժիմով լուծում ենք»,- ընդգծել է քաղաքապետը:




