
Արմավիրի մարզում տավարաբուծությամբ զբաղվելն արդեն քչերին է հետաքրքրում, քանի որ տնտեսվարողներն ու անհատ գյուղացիներն անասնապահությունը տարբեր խնդիրների պատճառով համարում են անեկամտաբեր ճյուղ ու հրաժարվում են դրանից:
Մարզերում այս իրավիճակը շտկելու նպատակով կառավարությունը տավարաբուծության զարգացման ծրագիր է հաստատել, որով խրախուսվում է, մեջբերում. «անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողներին ոչ պիտանի ցածր մթերատու կենդանիները փոխարինել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներով»:
Կառավարության տավարաբուծության զարգացման ծրագրով նպատակ է դրվել խրախուսել անասնապահությունը, զարգացնել խոշոր եղջերավորների տոհմային ցեղատեսակները, միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավել մթերատվությունը՝ ավելացնել կաթի ու մսի արտադրության ծավալները:
Սա վարկային բաղադրիչով ծրագիր է, որի շրջանակում սահմանվել են ցածր տոկոսադրույքներ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության բաժնի մասնագետ Մուշեղ Ղազարյանը:

«Ֆինանսական կառույցը ձեզ վարկ է տրամադրում տարեկան 2-3 տոկոսով՝ կախված այն բանից` կներկրե՞ք խոշոր եղջերավոր կենդանի, թե կգնեք տեղում «աճեցվածը»: Եթե ներկրեք, ապա վարկի տոկոսադրույքը կլինի 3 տոկոս, իսկ եթե տեղում «աճեցվածը» գնեք՝ 2 տոկոս: Մեկ գլուխ խոշոր եղջերավորի հաշվարկային արժեքը սահմանվել է 1 մլն դրամ»:
Մեկ միլիոն դրամն առավելագույն արժեքն է. Տնտեսվարողներն անասուն կարող են ձեռք բերել նաև ավելի ցածր գնով, բայց ոչ ավելի, քան 300 գլուխ, քանի որ ծրագրով շահառուն կարող է ստանալ մինչև 300 մլն դրամ վարկ:
Արմավիրի Լուկաշին գյուղում հաշվառված է շուրջ 1000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Գևորգ Զեյնալյանն անասնապահական ֆերմա է ունեցել, որից հրաժարվել է դրա անարդյունավետության պատճառով:
«Ֆերմա ունեի, հիմա չկա, դատարկ է: Էս մի քանի տարի էլ չեմ պահում, 60-70 գլուխ ունեցել եմ՝ կով, ցուլ, ոչխար էլ եմ ունեցել, շուտ եմ վերացրել: Ձեռք չէր տալիս արդեն պահելը, կաթի լիտրը 90 դրամ էր դարձել: Հսկողություն չկար, մեկը 90 դրամով էր տանում, մյուսը՝ 100 դրամով: Ամեն մարդ մի գին էր առաջարկում»:

Բացի կաթի ցածր գնի խնդրից` Արմավիրի մարզում խոշոր եղջերավորների գլխաքանակը նվազել է նաև արոտավայրերի կրճատման պատճառով: Բաղրամյան համայնքում առանց այն էլ սակավ արոտավայրերն ավելի են պակասել: Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Հարթենյանն էլ է նկատում` տավարաբուծության զարգացման ծրագրով հիմա քչերն են հետաքրքրված:
«Որովհետև մեր Բաղրամյանի 7-8 գյուղերում արդեն ընդհանրապես արոտավայրեր չկան, անասունը արոտ գնալու տեղ չունի, դրանք Բաղրամյան, Արտամետ, Արևադաշտ, Տալվորիկ, Կողբավան, Վանանդ գյուղերն են: Հողերը խոշորացվել են, օտարվել, և դրա պատճառով անասնապահությունը գնալով քչանում է»:
Կառավարության տավարաբուծության զարգացման ծրագրով գյուղացուն առաջարկվող տոհմային ցեղատեսակները հնարավոր է ներկրել արտերկրից էլ, բայց այդպես ավելի թանկ կնստի, քան ծրագրով է առաջարկվում։

Գևորգ Զեյնալյան. «Եթե պայման լինի պահելու՝ ձեռք կտա, բայց դե փոքր հորթը շուկայում 300 հազար դրամ են ծախում: Տոհմային կենդանին էլ են թանկ ծախում, կենդանի քաշով՝ 1 կգ-ն 3000 դրամ, առ, տար, պահիր: Տոհմայինի մի հորթը մինչև 100 կգ քաշ է ունենում, իսկ կովերը 1 մլն 200 հազար դրամից ավելի են ծախում: Սերտիֆիկատով հղի երինջներ են բերում ու այդ գնով վաճառում: Դա էլ բերես, Աստված չանի, հանկարծ հիվանդանան, պարտքը կմնա մեր վրա»:
Անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողներն ասում են, որ ներկրված տոհմային անասուններին պահելու հատուկ պայմաններ են հարկավոր, և որ Արարատյան դաշտի կլիմայական պայմանները նրանց հարմար չեն: Շենավան գյուղի բնակիչ Կարեն Պողոսյան:
«Եթե հոլանդական կովը այնտեղ 10 հազար լիտր կաթ է տալիս, այստեղ 5000 լիտրը նրա սահմանային չափն է: Այս շոգի պայմաններում, թանկ կերի պայմաններում չենք կարող այդքան կերակրել, հետո միկրոկլիմայով ապահովել, որ շատ կթվի: Այն պայմանները, որոնք հոլանդացիները կենդանիների համար են ստեղծում, մենք մեզ համար չենք կարողանում ստեղծել»:
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության բաժնի մասնագետ Մուշեղ Ղազարյանի տեղեկացմամբ, ներկրվող խոշոր եղջերավորներից բացի, մեզ մոտ հնարավոր է բուծել Կովկասյան գորշի տոհմային ցեղատեսակը: Իր փորձից ելնելով` այլ պատկեր է ներկայացնում զրուցակիցս։ Բերքաշատից Սամվել Մաթևոսյանը տարիներ առաջ այս ցեղատեսակի անասնապահական ֆերմա է ունեցել, բայց վերացրել է՝ չստանալով ակնկալվող արդյունքը:

«Շուրջ 35 գլուխ կթու կով կար, վերացրի, մորթեցի: Մինչև այսօր ձեռք չի տալիս դրանով զբաղվել: Համակցված կերն ունեմ, ցորենը ցանում եմ, գարի, եգիպտացորեն ցանում եմ, խոտն ունեմ՝ առվույտ, բայց իմաստ չկա դրանով զբաղվելու: Դրանք վաճառում եմ, ավելի ձեռնտու է, քան անասուն պահեմ: Կաթի ինքնարժեքն էր շատ ցածր՝ 1 լիտրը 90 դրամից մինչև 140 դրամ էր, բայց անիմաստ էր այդքան աշխատել»:
Տավարաբուծության վարկային բաղադրիչով ծրագրից օգտվելու համար ձեռք բերվող խոշոր եղջերավոր կենդանիները պետք է ունենան տոհմային վկայականներ ու քարտեր, իսկ վարկի մարման ժամկետը մինչև 5 տարի է: Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության և նորարարությունների վարչության աշխատակիցներն ասում են, որ տավարաբուծության զարգացման ծրագիրը կշարունակվի նաև այս տարի: Զուգահեռ պետք է քննարկվեն նաեւ ծրագրի արդյունքներն ու շահառուների դիտարկումները։




