
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կրճատել աշխատաժամանակը, դարձնելով այն 7 ժամ՝ օրական 8-ի փոխարեն, պահպանելով նույն աշխատավարձը։
Օրենքի նախագիծը ներկայացված է հանրային քննարկման։ Նախարարությունը առաջարկը հիմնավորում է նրանով, որ 8-ժամյա աշխատանքի մոդելի ներդրումից հետո տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման։ Նույն աշխատանքը հնարավոր է կատարել նաև 7 ժամում։
8-ի փոխարեն օրական 7 ժամ է առաջարկում աշխատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Տարբեր զարգացած երկրների փորձն են ուսումնասիրել ու պարզել, որ աշխատաժամանակի կրճատումը ոչ մի բացասական ռիսկ չի կարող ունենալ տնտեսության վրա։ Ավելին, դա կարող է նպաստել արտադրողականության աճին և դրական ազդեցություն թողնել կյանքի որակի վրա։ Այդպիսով բալանսավորվում է անձնական կյանք-աշխատանք հարաբերակցությունը, ասում է աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։
Ըստ տնտեսագիտական հետազոտությունների, աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով, ասում է փոխնախարարը։
«Որևէ ռիսկ այդտեղ չկա։ Ավելին, տարբեր ոլորտներում դրական արդյունքներ են նկատվել։ Տարբեր վերլուծություններ կան, բայց բացասականի մասին հետաքրքիր կլինի լսել։ Հայաստանում մասնավոր հատվածում կան ոլորտներ կամ բիզնեսներ, որ արդեն իսկ գործում են 7 ժամ ռեժիմով։ Իրենք ավելի շուտ են անցել այդ գրաֆիկին։ Ու նախնական քննարկումների ժամանակ, երբ որ նախագիծը դեռ պատրաստ չէր, մարդիկ նշում էին, որ դա բացասական արդյունքների չի բերի»։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան երկու ձեռքով կողմ է նախագծին։ Կառույցի ղեկավար Էլեն Մանասերյանի խոսքով՝ աշխատանքային ճկուն ռեժիմը, 8-ից 7 աշխատանքային ժամի անցումը որևէ ռիսկ չի պարունակում։ Այս փոփոխությունը, ըստ նրա, նաև գործատուների շահերից է բխում։
«Շատ դեպքերում, այո լինում են նաև չգիտեմ, առանձնազրույցներ, լինում են առավոտյան պատրաստվելու ժամանակահատված։ Մեր աշխատանքային գործիքներն այնքան են հզորացել այսօր, որ պարտադիր չէ, որ ութ ժամ մարդը անպայման իր տեղում գամված աշխատի։ Գործիքներն են զարգացել, արտադրողականության հետ կապված խնդիրներն են շատ դեպքերում թեթևացել, ձեռքով աշխատանքը քչացել է, հատկապես այն ձեռնարկություններում, որոնք արտադրությամբ են զբաղված։ Այսինքն, այս բոլորը բերում է նրան, որ ինչու աշխատել ութ ժամ, եթե կարելի է նույն արդյունքը ստանալ նաև 7-ի դեպքում»։
Լավ մոնիթորինգի դեպքում կհայտնաբերվեն նաև աշխատանքային օրենսգրքով ամրագրված 8-ժամյա գրաֆիկը չպահպանելու շատ դեպքեր, վստահ է Մանասերյանը։
«Աշխատողներն աշխատում են շատ ավելի երկար՝ 9 կամ 12 ժամ են աշխատում։ Իսկ դա որևէ տեղ չի արձանագրվում։ Իսկ եթե չի արձանագրվում, բնականաբար և չի պահպանվում նաև աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավանորմը, որը վերաբերում է արտաժամյա աշխատանքի վճարին»։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը արտաժամյա աշխատանքի և վերջնահաշվարկ չտրամադրելու մասին ահազանգեր անցած տարի շատ է ստացել։ Ընդհանուր առմամբ՝ 8000 ահազանգ է եղել, որոնց գերակշիռ մասը՝ 3541-ը վերաբերել է աշխատանքային իրավունքների ոտնահարմանը։ Կառույցի ղեկավար Սլավիկ Սարգսյանի խոսքով՝ գնացել են ահազանգի հետքերով, բացահայտել խախտումները։
«Այո, ունեցել ենք նաև արտաժամ աշխատելու դեպքեր։ Բացահայտել ենք, որ արտաժամ է, աշխատանքի խախտում է իրականացվել տնտեսվարողի կողմից։ Վերահսկող մարմնի կողմից արձակվել է կարգադրություն՝ վճարել համապատասխան վճարը, և դա հավասարեցվում է աշխատավարձին։ Դա իր աշխատավարձն է արտաժամյա և օրենսգրքով չվճարված կամ ուշ վճարված։ Որպես տույժ, առաջին խախտման դեպքում իրականացվում է աշխատավարձի մեկ քառորդ տուգանք, եթե տարվա ընթացքում կրկնվում է՝ մեկ երկրորդ»։
Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի խոսքով՝ աշխատողների իրավունքները կպաշտպանվեն միայն վերահսկողական խիստ աշխատանքների դեպքում։ Ժամային ֆիքսված գրաֆիկի պահպանությունը թողնել գործատուների խղճին, այնքան էլ պետք չէ, ասում է նա։




