ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Նոր փուլ՝ ռուս-ուկրաինական ճգնաժամում. Թրամփն ու Եվրոպան տարբեր ուղիներ են առաջարկում

Ռուս-ուկրաինական հակամարտությունը նոր փուլ է մտնում՝ գրում է գերմանական DW պարբերականը: Անդրադառնալով վերջին զարգացումներին, պարբերականը նկատել է, որ մի կողմից՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է արագ լուծումներ և բանակցություններ Մոսկվայի հետ, մյուս կողմից՝ Եվրոպան ակնարկում է, որ պատրաստ է ինքնուրույն գործել: Այս ամենի ֆոնին Կիևն առաջարկում է արմատական քայլեր՝ դաշնակից երկրների զորքերի տեղակայում իր տարածքում: Այդ մասին, DW-ի փոխանցմամբ, Զելենսկին նախօրեին խոսել է Գերմանիայում գտնվող ՆԱՏՕ-ի «Ռամշտայն» ավիաբազայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի 29-րդ հանդիպման ժամանակ։

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին: Պուտինը ևս այդպիսի ցանկություն ունի՝ վստահեցրել է Թրամփը։

«Նա ցանկանում է հանդիպել, և մենք դա կազմակերպում ենք»,-Թրամփի խոսքն է մեջբերել գերմանական DW պարբերականը, հղում անելով ամերիկյան աղբյուրներին։ Թրամփը, սակայն, չի հստակեցրել, թե երբ կարող է տեղի ունենալ այդ հանդիպումը։

Թրամփը նշել է, որ հնարավոր է նաև եռակողմ հանդիպում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի մասնակցությամբ, թեև դա դեռ վերջնական որոշված չէ: Նա վստահեցրել է, որ բոլոր հարցերը կլուծվեն հունվարի 20-ից՝ իր երդմնակալությունից հետո:

Կրեմլը դեռ չի մեկնաբանել ԱՄՆ ընտրված նախագահի վերջին հայտարարությունը։ Սակայն դեռ նախօրեին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը վստահեցրել էր, որ միայն կողջունեն ԱՄՆ նոր նախագահի երմնակալությունից հետո հանդիպում անցկացնելու մտադրությունը, եթե այն դեռ պահպանվում է։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինը բազմիցս խոսել է երկխոսության իր պատրաստակամության և անհրաժեշտության մասին և միայն կողջունի շփումները ԱՄՆ բարձրագույն ղեկավարության հետ։

«Կրեմլը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու ոչ մի հարցում չի ստացել Դոնալդ Թրամփի թիմից»,- ըստ ռուսական աղբյուրների, ասել է Պուտինի խոսնակը։

DW-ի փոխանցմամբ՝ Թրամփի թիմում Ուկրաինայի հատուկ բանագնաց նշանակված Քիթ Քելոգը Fox News-ին տված հարցազրույցում հավաստիացրել է, որ նախագահը մտադիր չէ զիջումների գնալ Կրեմլի հետ: Ըստ նրա, Թրամփը կարող է պատերազմը կարգավորել 100 օրվա ընթացքում:

Քիթ Քելոգ․ լուսանկարը՝ REUTERS-ի

Սակայն Եվրոպան, կարծես, պատրաստվում է այլ սցենարի: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը DW-ին տված մեկնաբանությամբ հայտարարել է, որ եվրոպական երկրները պատրաստ են փոխարինել ԱՄՆ-ին Ուկրաինայի աջակցության հարցում: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը, մասնավորապես, շեշտել է.

«Եվրոպական երկրները պատրաստ են փոխարինել ԱՄՆ-ին ռուսական ագրեսիայից պաշտպանվող Ուկրաինայի աջակցության հարցում, եթե Վաշինգտոնը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո, պակաս ակտիվ լինի այս ոլորտում»։

Այս ֆոնին ուշագրավ է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ելույթը ՆԱՏՕ-ի գերմանական «Ռամշտայն» ռազմաբազայում Կիևի դաշնակիցների 29-րդ հանդիպման բացման ժամանակ: Նա առաջարկել է դաշնակից երկրների զորքեր տեղակայել Ուկրաինայում՝ որպես Ռուսաստանին խաղաղություն հարկադրելու գործիք: Զելենսկին հիշեցրել է, որ նման գաղափար արդեն հնչել է Ֆրանսիայից, և դրական արձագանքներ են եղել նաև Մեծ Բրիտանիայից: Զելենսկին մասնավորապես շեշտել է.

Վոլոդիմիր Զելենսկի․ լուսանկարը՝ REUTERS-ի

«Պուտինի նպատակները մնում են անփոփոխ. նա ցանկանում է լիովին ոչնչացնել Ուկրաինան և կոտրել մեզ բոլորիս, և ձեզ նույնպես։ Ուստի մեր նպատակն է՝ գտնել հնարավորինս շատ գործիքներ՝ Ռուսաստանին խաղաղության հարկադրելու համար։ Ես կարծում եմ, որ գործընկերների զորախմբերի այդպիսի տեղակայումը լավագույն գործիքներից մեկն է։ Եկեք ավելի գործնական լինենք դա հնարավոր դարձնելու հարցում»։

Բայդենի վարչակազմը խոստացել է մինչև վերջին օրն օգնել Զելենսկուն։ ԱՄՆ հեռացող պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խոստացել է կես միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ՝ հրթիռներ, F-16 կործանիչների համար անհրաժեշտ սարքավորումներ։ 

 «Ուկրաինայի պայքարը բոլորիս է վերաբերում: Մենք բոլորս շահագրգռված ենք ապահովելու, որ ավտոկրատները չկարողանան իրենց կայսերական հավակնությունները վեր դասել ազատ և ինքնիշխան ժողովուրդների իրավունքներից: Ուկրաինան արդար պաշտպանական պատերազմ է վարում: Եվ սա այսօրվա ամենակարևոր հարցերից մեկն է», — ընդգծել է Պենտագոնի ղեկավարը:

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ եվրոպական երկրները քննարկում են Ուկրաինա խաղաղապահ զորախումբ ուղարկելու հնարավորությունը: Թրամփը, սակայն, արդեն իսկ բացառել է ամերիկյան զորքերի մասնակցությունը հնարավոր խաղաղապահ առաքելությանը, նշելով, որ դա եվրոպացիների գործն է:

Մինչ Արևմուտքը Ուկրաինային աջակցելու խոստումներ է տալիս, ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Զելենսկին որոշել է այս տարի նախագահական ընտրություններ անցկացնել՝ հակառակ պատերազմի ժամանակ ընտրությունների անիրատեսականության մասին իր նախկին հայտարարությունների: Telegraf-ի տվյալներով, նրա հիմնական մրցակիցը կարող է դառնալ Ուկրաինայի ԶՈւ նախկին գլխավոր հրամանատար, ներկայումս Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին:

Կարդացեք նաև

Back to top button