ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի հուղարկավորությունը տեղի է ունեցել հինգշաբթի Փլեյնս քաղաքում (Ջորջիա), արարողությունը փակ է եղել, հայտնում է Associated Press-ը։
Քարթերին հուղարկավորել են Քարթերների ընտանեկան ֆերմայի տարածքում՝ կնոջ՝ Ռոզալինի կողքին։
Հինգշաբթի առավոտյան Վաշինգտոնի Մայր տաճարում տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն, որից հետո տեղական ժամանակով ժամը 15:30-ին հատուկ չվերթով Քարթերի դագաղը տեղափոխել են Ջորջիայի Ֆորտ Մուր ռազմաօդային բազա։ Զինվորական նվագախմբի ուղեկցությամբ կորտեժն ու դիակառքը շարժվել են դեպի Փլեյնսի բապտիստական եկեղեցի: Այնտեղ տեղի է ունեցել փակ, կարճ հոգեհանգստի արարողություն, որին ներկա են եղել միայն ընտանիքի անդամները և սակավաթիվ հրավիրյալներ։
Հոգեհանգստի արարողությունից հետո դեպի Քարթերների կալվածք շարժվող ավտոշարասյան երկայնքով մարդիկ հերթ են կանգնել՝ նախկին նախագահին հրաժեշտ տալու համար։




