
Տարբեր երկրների առաջնորդների հայտարարություններից դատելով` 2025–ը խոստանում է բարդ տարի լինել։ Հենց հունվարից տարբեր պետությունների ղեկավարներ նախանշեցին իրենց արտաքին քաղաքական ուղղությունները։ Դա արեց նաև Հայաստանի վարչապետը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի հայտարարությունների։ Հայ-ադրբեջանական կողմերը շարունակում են խոսել խաղաղության օրակարգի մասին, սակայն հռետորաբանությունը 2025-ի արդեն առաջին օրերին նախորդ տարվա համեմատ որոշակիորեն փոխվել է։ Վերլուծաբանները դա կապում են ոչ թե կոնկրետ երկրներում տիրող իրավիճակի կամ այդ պետությունների ղեկավարների դիրքորոշումների, այլ աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։ Որոշ դեպքերում այն գնահատվում է անկայուն և սպասողական։ Այս պայմաններում, ըստ վերլուծաբանների, խիստ անհրաժեշտ է ճիշտ դիրքավորվել։
2025 թվականն Ադրբեջանն սկսեց կոշտ հայտարարություններով, Հայաստանին ուղղված նոր մեղադրանքներով և սպառնալիքներով։ Հայ վերլուծաբանները, սակայն, հիշեցնում են՝ առնվազն վերջին երեք տարիներին այդպիսի ուղերձներ հունվարին եղել են, երբ նախանշվել են առաջիկա տարվա աշխատանքի ուղղությունները։ Հայաստանը, սակայն, չի տրվելու այս հռետորաբանությանը, պաշտոնական Երևանը կիրառելու է ոչ թե ագրեսիվ, այլ երկխոսության լեզուն, հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնց նպատակը ի՞նչ է․ իրենք ագրեսիվ տոնայնությամբ մեզ բան ասեն, մենք էլ իրենց ագրեսիվ տոնայնությամբ բան ասենք, իրենք իրենց ագրեսիվ տոնայնությունը մեծացնեն, ագրեսիվությունը այդպես մեծացնեն, մեծացնեն և տարածաշրջանում ստեղծեն պայթյուն»։
Փաշինյանի համոզմամբ՝ այդպիսի զարգացումներից խուսափելու լավագույն ճանապարհն ազգային անվտանգության տիրույթում իրական Հայաստանի կոնցեպտի կիրառումն է։ Թե ինչ է դա նշանակում, ներկայացվում է «Արևմտյան Հայաստան» և «Արևմտյան Ադրբեջան» եզրույթների համեմատությամբ։
«Երբ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, պետք է հասկանանք, որ Արևմտյան Հայաստանը Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է, ասենք՝ Արմավիրի շրջանն է, Բաղրամյանի շրջանն է, Թալինի շրջանն է, Մարալիկի տարածաշրջանն է, որովհետև իրական Հայաստանը իրական տարածաշրջանի մեջ է։ Ինչպես «Արևմտյան Ադրբեջան» չի կարող լինել Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստան էլ չի կարող լինել Արմավիրից այն կողմ։ Արևմտյան Հայաստանը Արաքս գետի մոտ ավարտվում է, և սա մեր անվտանգության կոնցեպտն է։ Սա այն բանաձևն է, որը մեզ թույլ է տալու մեր միջավայրում ապրել։ Բոլոր դեպքերում մենք պետք է չտրվենք այս տրամաբանությունից մեզ դուրս գցելու և իրական Հայաստանի խաղաղության օրակարգի կոնցեպտից մեզ դուրս դնելու Ադրբեջանի և առնվազն որոշակի շրջանակների որոշ փորձերին»։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի կարծիքով՝ Ալիևը տարվա իր ուղերձների համար հիմք է վերցնում կոնկրետ դեպքեր։ Ներկա պահի վտանգը քաղաքագետը պայմանավորում է առավելապես աշխարհաքաղաքական անկայուն վիճակով, որն այս պահին համարում է ավելի նպաստավոր Ադրբեջանի համար։
«Մի կողմից՝ Իրանի բավական խոշոր պարտությունը Սիրիայում, որն էականորեն սահմանափակել է Իրանի արտաքին քաղաքականության հնարավորությունները։ Մյուս կողմից՝ ԱՄՆ–ում նոր ադմինիստրացիայի ձևավորումը և դրա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների բավականին անհայտ լինելը։ Հատկապես մեր տարածաշրջանում ի՞նչ է իրենից ներկայացնելու Թրամփի ադմինիստրացիայի արտաքին քաղաքականությունը, բավականին անկանխատեսելի է։ Զուգահեռ կա ևս երկու չափում։ Առաջինը՝ այն, որ Ռուսաստանն է Ուկրաինայում որոշակի հաջողություններ գրանցում ինչպես բուն մարտի դաշտում, այնպես էլ՝ քաղաքական առումով․ մենք տեսնում ենք՝ ինչպիսին են նոր ադմինիստրացիայի ներկայացուցիչների հայտարարություններն Ուկրաինայի թեմատիկայով, ու դառնում է, ըստ էության, նախադեպ, որ ուժեղ պետությունը կարող է հարձակվել իր հարևան պետության վրա, դրա կտորները պոկել ու դա կարողանա «մարսել»։ Եվ վերջին չափումը՝ այն, ինչ տեղի է ունենում Իսրայելի և իր հարևանների միջև։ Հաշվի առնելով Իսրայելի ու Ադրբեջանի մտերմիկ հարաբերությունները, ես կարծում եմ՝ այնտեղ կա մի այսպիսի չափում, որ իրենք միմյանցից սովորում են»։
Քաղաքագետի կարծիքով՝ հունվարի 5-ից սկսած Ադրբեջանն էական ներդրում է փորձել ունենալ էսկալացիայի գործում ոչ միայն Ադրբեջանի նախագահի հայտարարությունների, այլև Հայաստանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ հայտարարություններով, ինչին արդեն պատասխանել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայացուցիչները, հայտարարելով, որ հունվարի 6-8-ը առաքելությունը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի հատվածում և որ «բոլոր պարեկները հայտնել են, որ իրադրությունը հանգիստ է եղել, ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել»։
Հետագա զարգացումների վերաբերյալ կանխատեսումների առումով Արեգ Քոչինյանը կարևորում է հեռախոսազրույցը Էրդողանի և Ալիևի միջև։
«Շատ կարևոր է իրականում Էրդողան–Ալիև հեռախոսազրույցը և այն, թե ինչ հայտարարություններ կհաջորդեն Անկարայից այս պահից սկսած։ Եթե նախկինում, օրինակ, Էրդողանը պարբերաբար վարչապետի մասին խոսում էր որպես խաղաղությանը նպաստող գործչի մասին, որ իրենք ողջունում են Հայաստանի գործողությունները՝ ուղղված խաղաղությանը, և կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին օգտագործել այս պատմական շանսը, ապա հիմա այս հայտարարությունից ու այս հեռախոսազրույցից հետո շատ էական կլինի, թե ինչպիսին կլինի Թուրքիայի հայտարարությունները։ Ինչպիսի՞ն կլինի այդ հայտարարությունների տրամաբանությունը, կնպաստի՞ արդյոք Թուրքիան խաղաղությանը, թե՞ կնպաստի կոնֆլիկտի շարունակությանը։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և Արևմուտքի դաշնակիցն է, ու այս առումով մենք խոսակցություն ունենք Անկարայի մասին մեր արևմտյան գործընկերների հետ»։
Վերջին օրերի հայտարարություններն, ըստ էության, գրավել են նաև Իրանի ուշադրությունը։ Թերևս պատահական չէ, որ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հունվարի 8–ին և 9–ին այցելել է նախ Բաքու, հետո՝ Երևան։ Իրանը մշտապես հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների փոփոխությանը։ Ինչպիսի՞ն կլինի Իրանի արձագանքը հնարավոր նոր էսկալացիայի դեպքում՝ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը դժվարանում է կանխատեսել․
«Դա պայմանավորված է ոչ միայն բուն մեր տարածաշրջանում ընթացող պրոցեսներով, այլ Իրանի դեմ պլանավորվող քաղաքականությամբ Իրանի՝ տարբեր տարածաշրջաններում եղած հակառակորդների կողմից։ Իրանի հնարավոր գործողությունների շրջանակն իրականորեն նվազել է։ Այս վերլուծությունն իրականացնում ենք՝ հիմք ընդունելով Իրանի որոշակի անգործությունը Մերձավոր Արևելքում, բայց մեծ հաշվով, այդ պրոցեսներն ուղիղ Իրանին սահմանակից չեն եղել, ինչը չի կարելի նշել մեր տարածաշրջանում կամ կոնկրետ նույն «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի մասով։ Սա է, որ թույլ է տալիս կանխատեսելու, որ գուցե իրանական արձագանքն այստեղ միջանցքի ծրագրի իրականացման ուժային մեթոդներին բոլորովին այլ կարող է լինել։ Այնպես որ Իրանը շարունակում է դեռևս գործոն մնալ տարածաշրջանում թուրք–ադրբեջանական հավակնությունները զսպելու տեսանկյունից»։
Քաղաքագետները ճիշտ են համարում Հայաստանի գործող իշխանության որոշումը՝ հռետորաբանության մակարդակում չգնալ իրավիճակի սրման, բայց քաղաքական և ռազմավարական առումով անհրաժեշտ են համարում դիրքերի կարծրացումը, այսինքն, «կարմիր գծերի» հստակեցումը՝ առանց զիջումների մասին լրացուցիչ քննարկումների։
Փորձագիտական դաշտում այժմ էլ գնահատումներ են անում վարչապետ Փաշինյանի ֆեյսուբուքյան վերջին գրառման շուրջ․ Փաշինյանը 12 կետով առանձնացրել է պայմանները, թե որ դեպքում տարածաշրջանում հնարավոր կլինի հաստատել երկարատև և կայուն խաղաղություն։
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է՝ անհրաժեշտ է փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, ձևավորել սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ, երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ և խաղաղության հաստատումից հետո ձևավորել համատեղ մասնագիտական և փորձագիտական հանձնաժողով, ինչպես նաև լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն ու կյանքի կոչել «Խաղաղության խաչմերուկ»–ը։




