ԿարևորՄիջազգային

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ բանագնացը հետաձգել է այցը Կիև

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում պաշտոնաթող գեներալ Քիթ Քելոգը հետաձգել է իր նախապես ծրագրված փաստահավաք այցը Կիև։

Այս մասին երկուշաբթի՝ հունվարի 6-ի ուշ երեկոյան, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Թրամփի շրջապատից չորս աղբյուրի:

Նշվում է, որ Քելլոգի այցը ոչ միայն Կիև, այլև Հռոմ և Փարիզ հետաձգվել է մինչև ընտրված նախագահի «երդմնակալության արարողությունը»։

Գործակալության աղբյուրները չեն նշել Եվրոպա ուղեւորության հետաձգման պատճառները։

«Ո՛չ Քելլոգը, ո՛չ Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչը չեն արձագանքել մեկնաբանությունների խնդրանքներին»,- հայտնում է Reuters-ը։

Քելլոգի այցը նախատեսված էր հունվարի սկզբին։ Ինչպես դեկտեմբերի 17-ին հայտնել է Reuters-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, Քիթ Քելլոգը պլանավորում էր հունվարի սկզբին այցելել մի քանի եվրոպական մայրաքաղաքներ, այդ թվում՝ Կիև։ Կիևում Քելլոգը պատրաստվում էր հանդիպել Ուկրաինայի ղեկավարության հետ։ Բացի այդ, նրա թիմը ներգրավված էր Փարիզում և Հռոմում բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ հանդիպումների նախապատրաստմամբ։ Նպատակը ոչ այնքան ակտիվ բանակցություններն են ուկրաինական պատերազմին վերջ տալու համար, որքան ԱՄՆ նոր վարչակազմի համար տեղեկատվության հավաքումը, պարզաբանել են Reuters-ի աղբյուրները։

Միացյալ Նահանգների նոր նախագահի երդմնակալությունը կկայանա 2025 թվականի հունվարի 20-ին։ Ինչպես նշել են Reuters-ի զրուցակիցները, մինչ այդ Եվրոպա այցելելու Քելլոգի մտադրությունը վկայում է այն մասին, որ Թրամփը մեծ նշանակություն է տալիս ուկրաինական պատերազմի հանգուցալուծմանը։

Կարդացեք նաև

Back to top button