ԿարևորՀասարակություն

Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ կառուցողական բանակցությունների

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը չինական CCTV հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում հայտնել է բանակցությունները վերսկսելու Թեհրանի պատրաստակամության մասին :

Արաղչին ասել է, որ բանակցությունները պետք է ուղղված լինեն «համաձայնության հասնելուն», գրում է Mehr գործակալությունը։

«Մենք պատրաստ ենք առանց հապաղելու կառուցողական բանակցությունների գնալ»,- հայտարարել է նա։

«Մեր ունեցած բանաձևը նույնն է, ինչ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի բանաձևը, որը վստահություն է ստեղծում Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ պատժամիջոցների վերացման դիմաց: Մենք պատրաստ ենք այս հիմքով բանակցել»,- հավելել է նա։

«Ավելի քան 2 տարի բարեխղճորեն բանակցեցինք 5+1 երկրների հետ և վերջապես կարողացանք հասնել համաձայնության, որը ողջ աշխարհն ընդունեց և հիացավ որպես դիվանագիտության ձեռքբերում»,- հայտարարել է արտգործնախարարը։

«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը շատ մեծ ռազմավարական սխալ էր և արժանացավ Իրանի արձագանքին։ Հետո ԱՄՆ-ն ընդլայնեց իր պատժամիջոցները»,- նշել է Արաղչին։

Նա տեղեկացրել է, որ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի եվրոպական երեք երկրների հետ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

Արաղչին նաև ասել է, որ երբ Թրամփի վարչակազմը ձևակերպի իր քաղաքականությունը, «դրա հիման վրա որոշում կկայացվի»։

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն ստորագրվել է 2015 թվականին Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամների և Գերմանիայի միջև: ԱՄՆ-ն դուրս է եկել գործարքից 2018 թվականին՝ վերսկսելով կոշտ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ։

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Իրանի հետ բանակցություններ են վարում 2021 թվականի ապրիլից՝ գործարքը վերականգնելու համար։

Երկամյա ընդմիջումից հետո Իրանի և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ են տեղի ունեցել նոյեմբերի 29-ին՝ Ժնևում։ 

Դեռևս նոյեմբերի 14-15-ին Իրան էր այցելել ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Նրա այցի նպատակը երկրի ղեկավարության հետ բանակցություններն էին և Ֆորդոյում ու Նաթանզայում իրանական միջուկային ծրագրի օբյեկտների զննումը՝ հետագայում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՀԳՀԾ համաձայնագրի իրականացման հարցով որոշում կայացնելու համար: 

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Գրոսիի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը չի ստեղծել և չի ստեղծի միջուկային զենք:

Իր հարցազրույցում Իրանի արտգործնախարարն անդրադարձել է նաև Սիրիայի խնդրին։

Ասադի կառավարության տապալումից հետո Սիրիայում տիրող անկայուն իրավիճակի մասին Արաղչին ասել է. «Մենք սպասում ենք, որ անցումային կառավարությունը կհայտարարի տարածաշրջանի և այլ երկրների հետ կապված իր քաղաքականության մասին և ձեռք բերի բավարար կայունություն, այնուհետև որոշումներ կկայացնենք՝ ելնելով նրանց վարքագծից»։

Կարդացեք նաև

Back to top button