
Ուկրաինան և Ռուսաստանը երկուշաբթի՝ դեկտեմբերի 30-ին, գերիների փոխանակում են իրականացրել, սակայն տարբեր թվեր են հաղորդել հայրենիք վերադարձածների վերաբերյալ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ում գրել է, որ իրենց հաջողվել է տուն վերադարձնել 189 ուկրաինացու։
«Նրանք ազգային գվարդիականներ են՝ «ազովցիներ», սահմանապահներ, ռազմածովային և զինված ուժերի զինծառայողներ։ Եվ նաև երկու քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել են Մարիուպոլում»,- նշել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին չի գրել, թե փոխանակմամբ որքան ռուս զինվորական է վերադարձվել։
Մինչդեռ ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ փոխանակումն իրականացվել է «150-ից 150» ձևաչափով՝ 150 ռուս զինվորականի փոխարեն Ուկրաինա է վերադարձել ուկրաինական զինված ուժերի 150 ռազմագերի։
ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ այժմ բոլոր ազատ արձակված ռուսները գտնվում են Բելառուսում, փոխանակումն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։




