
ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտել է Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը՝ նրան ծեծի ենթարկելու փաստի մասին։ ԶԼՄ- ներն ավելի վաղ հայտնել էին, որ սիրիահայ սրտաբանին ծեծել են Թալինի քաղաքապետի բարեկամները։
«Պատերազմի հետևանքով մեծ կորուստներ կրած, իրենց ծննդավայրում կայացած սիրիահայ մի խումբ բժիշկներ այսօր աշխատում են մարզային մեր հիվանդանոցներում` իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելով տեղի մասնագետներին։ Պողոս Աղոյանը նրանցից մեկն է, ով երկու ամիս առաջ մասնագիտական իր հմտության շնորհիվ կարողացավ փրկել սահմանային վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը։ Դրա համար ՀՀ առողջապահության նախարարի կողմից նա պարգևատրվեց պատվոգրով»,- ասված է ԱՆ տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հույս է հայտնել, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։




