ԿարևորՄիջազգային

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային»

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստան ժամանած լեհ և լիտվացի եվրապատգամավորների հետ միացել է Սաարբրյուկենի կամրջի վրա ընթացող «Միասնության շղթա» ակցիային։ Նախագահին ուղեկցել են նրա ընտանիքի անդամներն ու նախագահի աշխատակազմի աշխատակիցները։

Թբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է ընթանում։ Այս անգամ Ռուսթավելի պողոտայի փոխարեն ցուցարարները որոշել են կանգնել Կուր գետի կամուրջների վրա և մարդկային շղթա կազմել։

«Միասնության շղթան» երկու պահանջ ունի՝ նշանակել արտահերթ ընտրություններ և ազատ արձակել ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներին։

Ցույցերի նոր ալիքը սկսվել է նոյեմբերի 28-ին՝ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, թե իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականն օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել բյուջետային բոլոր դրամաշնորհներից։

Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին՝ նոր նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությունից հետո։

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կշարունակի մնալ երկրի նախագահի պաշտոնում, քանի որ չի ճանաչում հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և, համապատասխանաբար, դեկտեմբերի 14-ին ընտրական կոլեգիայի կողմից Կղավելաշվիլիի ընտրությունը։

Ավելի վաղ Կոբախիձեն Զուրաբիշվիլիին զգուշացրել էր քրեական պատասխանատվության մասին, եթե նա որոշի ապօրինի մնալ նախագահական նստավայրում իր լիազորությունների ավարտից հետո։

Կարդացեք նաև

Back to top button