
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացման» ծրագրի շրջանակում ձեռնամուխ է եղել եռակցողի և զոդողի մասնագիտությունների խթանմանը՝ միջին մասնագիտական կրթության ոլորտում: Ծրագրին զգալի ֆինանսավորում է տրամադրում նաև ՀՀ կառավարությունը։ Այս նպատակով կազմակերպությունը տրամադրել է անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ՝ Լոռու և Սյունիքի մարզերի 3 ուսումնական հաստատություններին՝ նպաստելով ապագա եռակցողների և զոդողների մասնագիտական հմտությունների բարելավմանը։ Սարքավորումներ ու պարագաներ են տրամադրվել նաև Վանաձորի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանին։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը միջին մասնագիտական կրթության բաղադրիչի շրջանակում նպատակ ունի խրախուսել եռակցողի և զոդողի մասնագիտությունները։ Վանաձորի, Քաջարանի և Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարաններին տրամադրվել են եռակցման սարքավորումներ, աշխատանքային արտահագուստ, էլեկտրական գործիքներ ու անվտանգության ապահովման պարագաներ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է կազմակերպության էներգետիկայի գծով փորձագետ Տիգրան Սեկոյանը։
«Մասնագիտական սարքավորումներ և գործիքներ ենք տրամադրում ենք բոլոր 3 ուսումնարաններին։ Հույս ունենք, որ շատ օգտակար կլինի։ Բացի դրանից՝ նախատեսում ենք իրականացնել վարպետության դասընթացներ յուրաքանչյուր ուսումնարանում՝ 32-ժամյա, 4 օր տևողությամբ»։
15-ամյա Ալբերտ Քոչարյանը չսիրելով է ընտրել էլեկտաեռակցողի մասնագիտությունը։ Երբ իմացել է, որ երկրում եռակցողների պահանջարկը մեծ է, փոխել է կարծիքը ապագա մասնագիտության մասին։
«Էլեկտրաեռակցող մասնագետների պակաս կա։ Մտածեցի՝ համ իմ համար լավ կլինի, համ էլ պետությանս համար կլինեմ օգտակար մարդ։ Սրա կարիքը կար։ Շատ կօգնեն նվիրաբերված սարքերը»։
Հայկ Սիմոնյանն էլ է ապագա էլեկտրաեռակցող։ 1-ին կուրսում է սովորում։ Լավ գործ է, ասում է, հեշտ, ֆիզիկական ծանրաբեռնվածություն չի պահանջում։ Նվեր սարքավորումները հասցրել է ուսումնասիրել։ Մեզ շատ օգտակար են՝ ասում է։
«Դժվար չի ֆիզիկական պլանով ու օգտակար է պետության համար։ Սա երկաթ կտրելուն, ծակ անելու համար է, սա շլիֆովկայի համար է, սա մեր հագուստներն են, սա զաժիմն է»։
Վանաձորի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Կարեն Ղարաքեշիշյանի խոսքով հիմնադրումից ի վեր՝ 15 տարիների ընթացքում՝ 200-ից ավելի կադր են պատրաստել, տարեկան միջինն ունեցել 15 շրջանավարտ՝ էլեկտրաեռակցող մասնագիտությամբ։ ՄԱԿ-ի նվիրաբերած գործիքները ճիշտ ժամանակին էին՝ ասում է։ Տարբեր կառույցներից աջակցություն ստացել են, բայց գործիքների տեսքով՝ առաջին անգամ։
«Մասնագիտական կաբինետների հետ կապված 1-ին դեպքն է, որ որևէ մասնագիտության գծով մեզ ապահովում են իրենց հնարավորության սահմաններում նյութատեխնիկական բազա։ Առաջիկայում մենք 2 մասնաշենք կվերականգնենք և պիտի ունենանք եռակցողների համապատասխան լաբորատորիա»։
Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ անտառվերականգնմանն ու անտառների վրա ճնշումը նվազեցնելուն միտված ծրագրի էներգարդյունավետության բաղադրիչի շրջանակում նախատեսում են նաև փայտ և կոշտ կենսազանգված այրող բարձր արդյունավետության վառարաններ պատրաստել։ Այժմ աջակցում են ապագա եռակցողներին և զոդողներին մասնագիտական հմտությունները զարգացնելու հարցում, հետո արդեն ձեռնամուխ կլինեն արդյունավետ վառարանների պատրաստմանը, որոնք կտրամադրվեն ծրագրի շահառու սոցիալապես անապահով ընտանիքներին։
Նախաձեռնությունն իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության և ՊԳԿ-ի կողմից։ Համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ՊԳԿ-ի, Ավստրիական զարգացման գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի և Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգի կողմից: Ծրագրին զգալի ֆինանսավորում է տրամադրել նաև Հայաստանի կառավարությունը։











