
Աշխատաշուկան կուժեղանա՝ ռազմավարական հստակ քայլերի ամրագրմամբ։ Կառավարությունը հաստատել է «Զբաղվածության 2025-2031թթ. ռազմավարական ծրագիրը»։ Փաստաթղթում այս պահին թիրախային 4 խումբ է առանձնացված՝ մարզային քաղաքներ ներառող համայնքների բնակչությունը, չսովորող, չաշխատող երիտասարդները, 30-39 տարեկան կանայք, ընտանեկան ու սոցիալական նպաստ ստացող, առանց սահմանափակումների աշխատունակ շահառուները:
Հայաստանում զբաղվածության ոլորտի հիմնախնդիրների հասցեագրում ու բարելավում, մարդկային կապիտալի զարգացում, տնտեսական կայուն և ներառական աճ, տարածքային համաչափ զարգացում ու աղքատության մակարդակի նվազում, կյանքի որակի բարձրացում, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատում․ Հայաստանի «Զբաղվածության 2025-2031թթ. ռազմավարական ծրագիրը» հաստատված է։ Փաստաթղթում այս պահին թիրախային 4 խումբ է առանձնացված՝ մարզային քաղաքներ ներառող համայնքների բնակչությունը, չսովորող, չաշխատող երիտասարդները, 30-39 տարեկան կանայք, ընտանեկան ու սոցիալական նպաստ ստացող, առանց սահմանափակումների աշխատունակ շահառուները: 2025-ին փաստաթղթում, որպես թիրախ, կներառվեն նաև հաշմանդամություն ունեցողները։
Ծրագրում ներառված է նաև ժողովրդագրական իրավիճակի վերլուծությունը։ Հայաստանում 2022 թվականին թերօգտագործվող հատվածը կազմել է աշխատանքային ռեսուրսների 15%-ը կամ 339 հազ․ մարդ։

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյան․ «Մենք ունենք մի շարք խնդիրներ, և հատկապես պոտենցիալ աշխատուժի զգալի մասն անմրցունակ է և չունի համարժեք գիտելիքի, փափուկ և մասնագիտական հմտությունների այն մակարդակը, որը անհրաժեշտ է ժամանակակից արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար»:
Պատկերը փոխելուց զատ, անհրաժեշտ է նաև ընդգծել հանրության շրջանում աշխատանքի ընկալումն ու դրա արդյունքում աշխատող քաղաքացու կարևորությունը՝ շեշտադրում է նախարարը։
Կանանց դեպքում հստակ ամրագրված է՝ աջակցել ոչ միայն, որ նրանք աշխատեն, այլև ստեղծեն իրենց բիզնեսը։ Թե ինչպես, որ ոլորտներում, սա արդեն տնտեսական ռազմավարությամբ կորոշվի։
«Մարզային քաղաքները ներառող համայնքներում ոչ գյուղատնտեսական բարձր արտադրողականություն ունեցող զբաղված 18-ից 29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճը, հմտությունների շարունակական զարգացումը և դրանց իրացման հնարավորությունների նման արտադրողական բարձրացման միջոցով, ամենակարևոր թիրախային խմբերից մեկն է»։
Ակնկալվում է, որ մինչև 2031 թվականը զբաղվածության մակարդակը մարզային քաղաքները ներառող համայնքներում կհասնի մինչև 61%–ի՝ 2022 թվականի 52%-ի փոխարեն: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծում է՝ կարևորը արդյունավետ աշխատատեղեր ստեղծելն է․

«Եթե մեր ստեղծված կամ խթանված աշխատատեղերը արդյունավետ չլինեն, մենք չենք ունենա կայուն լուծումներ։ Չենք ունենա արդյունավետ աշխատատեղերը։ Մարդու, ով ինչ-որ պահի կլինի զբաղված, տեղական չի լինի զբաղվածությունը։ Կամ մենք կսկսենք դեֆորմացնել տնտեսության կամ պետական համակարգի արդյունավետությունը։ Եվ այդ իմաստով, իհարկե, մեր կրթական ռազմավարության բովանդակությունը, ես կարծում եմ, որ սինխրոն է»։
ԿԳՄՍ նախարարն ընդգծում է՝ ռազմավարության առանձին գործողությունների մակարդակը քննարկել են․
«Կանանց ներգրավման անհրաժեշտության մասին, որտեղ բնականաբար մի շարք գործողություններ նախատեսված են, և սա համադրված է ամբողջությամբ կառավարության քաղաքականության հետ, որն ուղղված է նախադպրոցական ծառայությունների ծածկույթի մեծացմանը։ Այն մեծ ծրագրերը, որ իրականացվում են թե՛ կապիտալ բնույթի 500 մանկապարտեզների շրջանակներում, և թե՛ մսուրի ծառայությունները զարգացնելու տեսանկյունից, դրանք ամբողջությամբ համահունչ են զբաղվածության ռազմավարության ոլորտում նախատեսված համապատասխան թիրախների հետ»։

Ակնկալվում է, որ ՀՀ 20-29 տարեկան բնակչության կազմում չսովորող, չաշխատող երիտասարդների մասնաբաժինը 2031 թվականին կկազմի մինչև 19.6%՝ 2022 թվականի 35%-ի փոխարեն: Թերօգտագործվող աշխատուժը 2031 թվականին կկազմի մինչև 166.55 հազ. մարդ՝ 2022 թվականի համեմատ նվազելով ավելի քան 50%-ով և կազմելով աշխատանքային ռեսուրսների մինչև 7%-ը՝ 2022 թվականի 15%-ի փոխարեն։




