ԿարևորՔաղաքական

«Տապալված» շարժումներ և 2025-ին զարգացումների նոր խոստումներ․ ընդդիմությունը սխալներից խոսում է, մեթոդներից՝ ոչ

Քաղաքական կուսակցությունները և շարժումները տարվա ավարտին փորձում են հասկանալ, թե ինչ սխալներ են արել անցնող տարում՝ դրանք նոր տարում չկրկնելու համար։ Որ 2025-ը թեժ ներքաղաքական կյանք է խոստանում, կանխատեսելի է թեկուզ հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում սպասվող արտահերթ ընտրությունների բերումով։ Տարբեր քաղաքական միավորներ, սակայն, տարբեր կերպ են պատրաստվում հաջորդ տարվան, նրանց նպատակներն ու առաջնահերթությունները նույնպես տարբեր են։ Միանշանակ է միայն, որ ներքաղաքական կյանքը նոր ակտիվացումների փուլ է մտնելու։

Վերլուծելով տարվա ընթացքում փողոցում ծավալվող պայքարի արդյունքները՝ «Սրբազան պայքար» անունը ստացած «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հավաստիացնում է, որ նոր թափով պայքարը շարունակելու է արդեն 2025-ին, իսկ թե ինչ մեթոդներով ու ծրագրերով՝ չի բացահայտում։ Փոխարենը՝ խոսում է պայքարի ընթացքում թույլ տված սխալների մասին, որի հետևանքով շարժումն աստիճանաբար մարեց։ Ձախողման հիմնական պատասխանատվությունն իրենն է համարում։

«Մեր հիմնական խնդիրը եղել է կազմակերպչական․ չի եղել ժամանակ այդ լայն կազմակերպչական աշխատանքը կատարելու, նաև որոշակի վստահությունը, որը մենք ունեցել ենք այս կամ այն պատասխանատուների նկատմամբ, որոնք ի վերջո ինչ-որ ձևով չեն իրականացրել։ Դրանց մեջ կան քաղաքական ուժեր, կան ոչ քաղաքական ուժեր։ Ես շատ բան չեմ կարող այս մասին ասել։ Մենք ունեցել ենք որոշակի վստահություն, և կլինի քաղաքական ուժ, և կլինեն տարբեր խմբեր, որ զանազան գործողություններ կիրականացվեն այս կամ այն ճանապարհով, որոնք կբերեն արդյունքի, որոնք չեն իրականացվել վերջնարդյունքում։ Այսքանը ասեմ»։

Որպես ընդդիմության ներկայացուցիչ՝ Գալստանյանը համոզված է, որ անգամ այս պայմաններում կարողացել է իրականացնել իր կարևոր նպատակներից մեկը․

«Մարդիկ իրենց ցանկությամբ, իրենց գիտակցությամբ դուրս են եկել փողոց՝ ցույց տալով, որ այն դեպրեսիվ մեռած վիճակը, որ գոյություն ուներ՝ ասելով, որ մեր ժողովուրդը մեռած է, որ դա սխալ է։ Մենք հիմնական իմաստով այս գործն ենք կատարել, և ես ուրախ եմ դրա համար»։

Գալստանյանը չի ընդունում  մեղադրանքները՝  հայտարարելով, որ ոչ մեկի մոտ կեղծ ակնկալիք ձևավորելու ցանկություն և ակնկալիք չի ունեցել և չունի։ Մինչդեռ շարժման նախկին առաջնորդներից «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն իր համար նորություններ պարզեց շարժումից, և դրա հետ առաջացած տարաձայնությունները ընդդիմադիր շարժման պառակտման համար սկիզբ դրեցին։ Պետրոսյանը բազմիցս է ներկայացրել, թե ինչու այլևս չքայլեց շարժման առաջին շարքերում։

«Այդտեղ իմ լինելն ընդհանրապես պայմանավորված չի եղել ամեն գնով իշխանությունից մաս պոկել կամ իշխանական հարաբերություններում լինելը: Այս ձևով եթե նրանք հաջողեն, ինչը տեսականորեն անգամ հնարավոր չէ, բացառված բան է դա, մոռացեք, բայց եթե անգամ հաջողեին, ինձ համար որևէ տարբերություն չի լինի, Նիկոլ Փաշինյանը կլինի, թե իրենք կլինեն, որովհետև գիտենք՝ հենարանն ովքեր են։ Ես ամեն ինչ կտայի, որ մայիսի 9-ին շարժումը հաջողեր այն ձևով, որով մենք պատկերացնում էինք, որտեղ պլատֆորմ չէին կարող լինել նախկին նախագահները, պառլամենտական ընդդիմությունը, դաշնակցությունը և այլն, այսպես շարունակ: Իսկ այսպես՝ ընդհանրապես տարբերություն չկա»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում համարում են, որ  ներքաղաքական խմորումների համար պատեհ պահ չի ընտրված։ Կիրանցի շարժումից և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուրջ ստեղծված աղմուկի առաջին օրվանից կուսակցությունից ընդդիմությանը մեղադրել են մարդկանց հույզերի հետ խաղալու համար։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան․  

«Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահին ամբողջապես լցված է Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու գործում, սահմանազատման և սահմանագծման գործընթացը, խաղաղության գործընթացը առաջ տանելու գործում»։

2025-ի համար քաղաքական առանձին պայքարի հայտ են ներկայացրել նաև ընդդիմադիր այլ կուսակցություններ։ Մասնավորապես Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ փորձ է արվում ձևավորել նոր համագործակցություն։ Կոնկրետ այդ ընտրություններում ընդդիմադիր ուժերին միասնական գործելու առաջարկ է արել քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։   

Ընդդիմադիր որոշ կուսակցությունների հետ նա արդեն սկսել է բանակցությունները, բայց հստակ պատասխաններ դեռ չի ստացել։ Խոսքը ոչ թե դաշինքներ կազմելու մասին է, այլ ընտրական և հետընտրական սկզբունքներ հաստատելու․

«Առաջարկում ենք, այսպես կոչված, «չհարձակման պակտ» ընդդիմադիր ուժերով, որպեսզի իրար չթիրախավորենք։ Երկրորդ՝ ընդդիմադիր բոլոր ուժերը հրապարակավ պիտի հայտարարեն, որ բացառելու են որևէ համագործակցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա սատելիտների հետ։ Երրորդ՝ ընդդիմադիր բոլոր ուժերը, որոնք կմասնակցեն ընտրություններին, պիտի հայտարարեն, որ ավագանի անցնելու պարագայում բացառելու են համագործակցությունը ՔՊ-ի հետ, և կոնսոլիդացվելու են ընդդիմադիր այն ուժի թեկնածուի քաղաքապետ դարձնելու շուրջ, ով ավելի շատ քվե է ստացել։ Ես հետևողական հասնելու եմ նրան, որ ընդդիմադիր բոլոր ուժերն այս հարցերի մասին դիրքորոշում հայտնեն»։

Ներքաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում կա նաև մեկ այլ՝ արևմտամետ ուժերի թև, որոնք 2025-ի համար կարևորում են բոլորովին այլ նպատակ։ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքացիական նախաձեռնությունը։ Ընդդիմադիր դաշտի մի հատվածը նախընտրում է այս օրակարգը, որի վերջնական պատասխանը տրվելու է ԱԺ լիագումար նիստի ժամանակ, որի ժամկետը դեռ հայտնի չէ։

Կարդացեք նաև

Back to top button