ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

2023-24 թթ. պետությանը վերադարձվել է 30 միլիոն դոլարի ապօրինի գույք և դրամական միջոց

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 2023-2024 թթ Հայաստանին է փոխանցվել 7 անշարժ և մեկ շարժական գույք՝ 4 մլրդ 100 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Դրանց թվում ԱՕԿՍ-ի շենքն է, Ծաղկաձորում հանգստի համար նախատեսված և հատուկ պահպանվող տարածքը, Արմաշում գտնվող Երասխ 2 զորամասը։

Կառավարության նիստին գլխավոր դատախազն ասել է, որ կան նաև վճիռներ, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել: Արդարադատության նախարարն էլ կարծում է, որ օրենքով ներդրված գործիքն ընդհանուր առմամբ լավ է աշխատում, բայց 7-10 տարի կպահանջվի այս գործիքի կայացման ու դրա արդյունավետությունը գնահատելու համար։

2023-24 թթ. ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական ու համայնքային շահերի պաշտպանության գործառույթների շրջանակում Հայաստանին վերադարձված գույքերի և դրամական միջոցների հանրագումարը կազմել է շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլար:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացմամբ՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2023-2024 թվականներին ութ գույք վերագրվել է ՀՀ պետական կամ համայնքային սեփականությանը:

«Այս շարքում ընդգրկված են Երևանի Աբովյան 3 հասցեի ԱՕԿՍ-ի շենքը, Կողբացի փողոցի 36/3 հասցեի համալիրի 240 քմ տարածքները, Ծաղկաձորի 24,934 քմ հանգստի համար նախատեսված և հատուկ պահպանվող տարածքը, Արարատի մարզի Արմաշ գյուղում գտնվող Երասխ 2 զորամասի տարածքը»:

Պետությանն են վերադարձվել նաև Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրի երկու հողամասերը՝ 1 հա մակերեսով, ինչպես նաև Նաիրի Քասախ համայնքի Չարենցի չորրորդ փողոցի 0,08 հա մակերեսով հողատարածքը:

Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթին. այս  շրջանակում եղել են և հաշտության համաձայնություններ և դատական ակտեր, որոնցով պետությանը փոխանցվել է 7 անշարժ և 1 շարժական գույք, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 4 մլրդ դրամը:

«Դրամական միջոցների տեսքով վերականգնվել է 584 մլն դրամ»։

Աշխատանքն արդեն ինքնաշխատ մակարդակի է հասել: Այժմ կարևորվում է կառավարման համակարգային և ինստիտուցիոնալ մոտեցումների զարգացումը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ ապօրինի գույքի վերադարձից հետո կարևոր է ապահովել դրա արդյունավետ կառավարումն ու ստանդարտների սահմանումը գործերի քննության համար:

Նախարարի փոխանցմամբ՝ դատարաններում ներկայում ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու պահանջով մոտ 120 գործ է քննվում։ Ակնկալվում է, որ դրանցով ՀՀ-ին կվերադարձվի շատ ավելի մեծ քանակի գույք և դրամական միջոցներ։

«Ժամկետներ, իհարկե, ես նշել չեմ կարող, բայց ուզում եմ ասել, որ, ամեն դեպքում, պետական մարմիններն իրենց գործառույթների շրջանակներում իրականացնում են առավելագույն հնարավորը, որպեսզի գործընթացը տևի շատ ավելի կարճ»։ 

Նախարարը կարծում է, որ օրենքով ներդրված նոր գործիքը կարճ ժամանակահատվածում կարողացել է ապահովել ապօրինի գույքի վերադարձը պետությանը, որի ընդհանուր արժեքը 5 միլիարդ դրամ է։ Կան նաև 2 միլիարդ դրամը գերազանցող պահանջներով դատական ակտեր, որոնք դեռ ուժի մեջ չեն մտել և գտնվում են բողոքարկման փուլում։

Չնայած արդեն իսկ առկա արդյունքին, նախարարի գնահատմամբ, առնվազն 7-10 տարի կպահանջվի այս գործիքի կայացման ու դրա արդյունավետությունը գնահատելու համար։

Կարդացեք նաև

Back to top button