
Պաշտոնական Երևանը բազմիցս պարզաբանել է, որ ԼՂ խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի լուծարման հարցը կարող է իրականություն դառնալ «Խաղաղության պայմանագիրը» կնքելուց հետո։ Չնայած այս պնդումներին՝ Բաքուն շարունակում է հարցը օրակարգում պահել։ Այդ հայտարարություններին միացել է նաև պաշտոնական Մոսկվան, որի գնահատմամբ նոր իրողություններում ԵԱՀԿ ՄԽ-ի գոյությունն արդեն անիմաստ է։ Փորձագետները, սակայն, շուրջ երեք տասնամյակ Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային հարթակ հանդիսացած ձևաչափի լուծարման հարցում շտապողականությունն անթույլատրելի են համարում։
Վերջին ամսվա ընթացքում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման թեման քննարկվում է արդեն երկրորդ անգամ։ Դեկտեմբերի սկզբին հայտարարությունը Բաքվից էր, վերջին՝ Մոսկվայից։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ ՄԽ համանախագահների ձևաչափը լուծարելու լավագույն տարբերակն այս հարցով Երևանի ու Բաքվի համատեղ նախաձեռնությունն է։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ համանախագահների միջև շփումները դադարել են 2022թ փետրվարին՝ ոչ Մոսկվայի նախաձեռնությամբ։
«2023-ի սեպտեմբերին իրավիճակը հողի վրա արմատապես փոխվել է, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակներում կորցրել է իր արդիականությունը: Կարծում ենք, որ համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ ճանապարհը Երևանի ու Բաքվի կողմից համատեղ առաջարկն է՝ վերացնել նշված ինստիտուտները»։
ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարելու հարցին օրերս անդրադարձել էր նաև Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հասկանալի էր համարել այն մոտեցումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ապա չկա նաև կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյության իմաստ։ Այս հարցում, սակայն, ըստ Փաշինյանի՝ կարևոր են նաև Բաքվի համարժեք ընկալումները։
«Կարիք կա համոզվելու, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և Բաքվի մղումը, օրինակ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»,- «Արմենպրեսին» տված հարցազրույցում շեշտել էր Հայաստանի վարչապետը։
Ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, դարձյալ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ խմբի ձևաչափի լուծարմանը, Նիկոլ Փաշինյանը կարևորել էր իրադարձությունների հաջորդականության պահպանումը։
«Երբ խաղաղությունը կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը, կարծում եմ, իրոք կարող է հարցեր առաջացնել: Խնդիրն այստեղ ժամկետի մասին է, որովհետև իմ տրամաբանությամբ ընդհանրապես որևէ գործում պետք չէ կառքը ձիուց առաջ դնել: Հարց է, թե արդյոք արդյունավետ է և ճիշտ ճանապարհ է այդ թեման դարձնել քննարկման առարկա հիմա: Որովհետև կան հարցեր, որոնց պատասխանները մենք էլ պետք է ստանանք, որովհետև Ադրբեջանը, օրինակ, խոսում է այն մասին կամ օգտագործում է այդ փաստը ասելով, որ դա նշանակում է՝ եթե հենց հիմա Հայաստանը չի համաձայնվում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ապա Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի: Մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ՝ սրա մասին բազմիցս հայտարարել ենք»։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանի գնահատմամբ՝ հայկական կողմը կոնֆլիկտն ավարտված չի համարում, քանի դեռ Խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ։ Բացի դրանից՝ կան նաև այլ հիմնավորումներ ՄԽ-ն չլուծարելու համար։
«Իհարկե, Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ այս պահին, երբ տուրբուլենտ վիճակ է աշխարհում, ՄԽ-ի արևմտյան համանախագահներն ուղղակիորեն չեն խոսում Ռուսաստանի հետ, և այդ թեման առաջ տանելը անիմաստ է: Դրա համար հիմա ավելի շատ երկկողմ ձևաչափով են բանակցում Ադրբեջանի հետ: Դրանից Ադրբեջանն օգուտ է քաղում՝ ասելով, որ այլևս մենք երկկողմ ձևաչափով բանակցում ենք Հայաստանի հետ և կարիք չկա եռակողմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ներքո հանդիպել և բանակցել, ուզում է ասել, թե մենք երկուսով կարող ենք լեզու գտնել: Սակայն սա միայն քարոզչական բնույթ ունի։ Իրականությունն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի լուծարվել և չի լուծարվելու, քանի դեռ հակամարտությունը չի լուծվել: Եվ որոշ ժամանակ հետո նորից այդ խմբի առանցքային երեք համանախագահող երկրները հավաքվելու են և փորձելու են արցախահայության հարցով ինչ-որ նոր առաջարկներ անել»։
Եթե այսօր ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երեք երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն կարողանում մի սեղանի շուրջ նստել ու բանակցել, չի նշանակում, որ դրա անհրաժեշտությունն առաջիկայում չի առաջանա՝ կարծում են փորձագետները։ Նրանց գնահատմամբ՝ ՄԽ-ը թեև չի գործում, բայց չի սպառել իր անելիքը, այն պետք է առնվազն լուծի հաջորդ կառույցի իրավահաջորդության հարցը։




