
2025 թվականը հարկ վճարողները կդիմավորեն հարկային համակարգի հետ կապված մի քանի փոփոխություններով։ 2025 թվականից ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի հաշվանցումը կիրականացվի ներմուծման օրը ներառող հաշվետու ամսում, եթե ներմուծման համար փաստաթղթերը հարկային մարմին կներկայացվեն ու ԱԱՀ-ի գումարները կվճարվեն ներմուծման ամսում։ Հարկ վճարողները նաև անձնական հաշվային քարտ կունենան։
2018–ից հարկ վճարողները իրենց անձնական հաշվի քարտերը դիտելու հնարավորություն ունեն։ 2025–ին այս համակարգին կմիանա նաև նոր անձնական հաշվի համակարգ։ Սա գործող համակարգի ավելի պարզ ու հարմար տարբերակն է։ Հաշվի են առնվել նաև հարկ վճարողների առաջարկները, ասում է ՊԵԿ «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ-ի Նախագծերի իրականացման դեպարտամենտի ղեկավար՝ Լուսինե Այվազյանը․
«Առանձնացվել է վարչական ակտերի անձնական հաշվի քարտը հարկատեսակների համակարգից: Այն բոլոր պարտավորությունները, որոնք հարկ վճարողներին առաջադրվում են ստուգման ու վարչական ակտերով, այդ պարտավորությունները կհաշվառվեն առանձին անձնական հաշվի քարտերում: Այդ պարտավորությունների համար հարկ վճարողները պետք է վճարում կատարեն վարչական ակտերի միասնական հաշվին: Վարչական ակտերի միացյալ հաշվին նույնպես միասնական հաշիվ է, որը նույնպես սպասարկվում է ավտոմատով»:
ՊԵԿ–ից վստահեցնում են, որ ցանկացած փոփոխություն ուղղված է հարկ վճարողների աշխատանքը թեթևացնելուն։ 2025–ից արդեն ստուգման ակտերը պետք է հարկ վճարողներին պարտադիր էլեկտրոնային եղանակով ուղակվեն։ Հաշվարկներով փոխանցված գումարները կմարվեն վճարման վերջնաժամկետում՝ ինքնաշխատ եղանակով։ Մինչև այդ, հարկ վճարողը ինքը կորոշի, թե ո՞ր հարկատեսակը և ո՞ր պարտավություններն է ցանկանում ավելի շուտ մարել․
«Եթե հարկ վճարողը ներկայացնում է ճշտված հաշվարկ, այս դեպքում հարկատեսակաների անձնական հաշվառման քարտում հաշվարկվում է նոր ներկայացված ու նախորդ ներկայացված հաշվարկի տարբերությունը, իրականացվում է տույժի ու տուգանքի վերահաշվարկ։ Եթե պարտավորությունը ավելացել է, ապա ավելացված մասի նկատմամբ տույժ կհաշվարկի, եթե նվազեցրել է, նաև տույժի նվազեցում կիրականացվի»։
2025 թվականից ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի հաշվանցումը կիրականացվի ներմուծման օրը, ներառող հաշվետու ամսում, եթե ներմուծման համար փաստաթղթերը հարկային մարմին կներկայացվեն ու ԱԱՀ-ի գումարները կվճարվեն ներմուծման ամսում։ Իսկ ներկայում ներմուծման ամսում հաշվանցումներ կատարվում են, եթե նշված պահանջներն ապահովվում են մինչև ներմուծման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Նոր համակարգի ներդրումը որոշակի ժամանակավոր խնդիրներ կստեղծի․
«Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հասանելի չեն լինելու ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, տաքսի ծառայության My Tax հավելվածի ամսական հայտարարություն ներկայացնելու հնարավորություն, հայտարարարգրման համակարգը։ Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման e-invoicing և ՀԴՄ համակարգերը»։
Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը հասանելի չի լինի 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը, ուստի այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումը։




