
Եզդիները Հայաստանում ազգային փոքրամասնություն կազմող ամենամեծ համայնքն են, որոնք հայերի հետ միասին ապրում են, աշխատում ու պայքարում լավ ապագայի համար՝ պահպանելով դավանանքը, ազգային մշակույթն ու սովորույթները: Եզդի երեխաներից շատերը հիմա սովորում են տարբեր կրթական հաստատություններում, մասնագիտանում աշխատանքում: Ալմաստ Մուրադյանն ավարտել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը, հիմա ասպիրանտ է, մի շարք գիտական հոդվածների հեղինակ, միաժամանակ զբաղվում է մշակութային լրագրությամբ: Հետաքրքրությունների շրջանակը Մերձավոր Արևելքն է, կրոնն ու մշակույթը:
Ակնալճի հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը Հայաստանում դարերով կողք կողքի ապրող, իրար սատարող ազգերի համակեցության ու համերաշխության խոսուն վկան է: Ակնալճում կառուցված եզդիական Զիարատ սրբավայր ու «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակների» տաճար ուխտագնացության են գալիս եզդիներ ողջ աշխարհից։ Ալմաստ Մուրադյանի ընտանիքում սրբորեն են պահպանում եզդիական սովորույթներն ու ծիսակարգերը.

«Վերջին տարիների ամենակարևոր իրադարձություններից մեկը հենց Ակնալճի եզդիական տաճարի բացումն էր, որտեղ ամեն սեպտեմբերի 29-ին ուխտագնացության են գալիս աշխարհի բոլոր ծայրերի եզդիները: Նրանք, ովքեր չեն կարողանում գնալ Իրաք, գալիս են Հայաստան և եզդիականության կարևոր օջախներից մեկում մասնակցում ծեսերին»:
Ալմաստ Մուրադյանն ապրում է Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում, առաջին մասնագիտությամբ պատմաբան է, երկրորդով՝ մշակութային լրագրող: Գործընկերների հետ երբեմն լինում է տաճարում ու ներկայացնում միաստվածության կրոնական հիմքերը:

«Աստծուն մենք անվանում ենք Խուադե, որը երկրի վրա ներկայանում է Սուրբ Երրորդության՝ Թաուսե Մալաքի, Սուլթան Էզիդի և Շեյխ Ադիի կերպով: Շեյխ Ադին կրոնական մեծ բարեփոխումներ է կատարել: Եզդիականությունը տարբեր կրոնների համախումբ է»:
Եզդի աղջկա կրթության ոգեշնչողները նրա ուսուցիչներն ու ծնողներն են եղել: Հայրը կողմ է աղջկա ուսմանը, մայրն էլ երեխաների միջոցով իրականացրել է իր վաղեմի երազանքը:

Սուսաննա Բաքրյան. «Աղջիկս ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, մագիստրատուրան, հիմա ասպիրանտ է, զուգահեռաբար սովորել է նաև լրագրություն, իսկ մեծ տղաս՝ ֆիզկուլտուրայի ինստիտուտը ( Հայաստանի ֆիզիկակական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը), բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն է»:
Ալմաստը լրագրողի կրթությունը ստացել է հեռուստաընկերության մեդիաակադեմիայում և շարունակում է գործակցել մի քանի խմբագրությունների հետ:

«Թղթակցում եմ տարբեր մշակութային կայքերին, մշակութային հասարակությանը, որտեղ հիմնականում հեղինակային հոդվածներ եմ պատրաստում մշակույթի տարբեր ճյուղերի վերաբերյալ և փորձում եմ դրանց անդրադառնալ պատմական ակնարկով»:
Բաղրամյան գյուղում ազգությամբ եզդի քիչ ընտանիքներ են մնացել: Խորհրդային Միության փլուզումից հետո շատերը տեղափոխվեցին Եվրոպա, հաստատվեցին նաև Ռուսաստանում: Հիմա գյուղում ապրում է 20 ընտանիք, գրեթե բոլորն էլ՝ ազգակիցներ են, որոնք պահպանում ու փոխանցում են ծիսական ավանդույթները: Ալմաստ Մուրադյանը Շարֆադին կրոնի հետևորդ է:

«Հայաստանի եզդիական համայնքում մշտապես երեք տոնակատարություններ են նշվում. Սուլթան էզիդի տոնը՝ դեկտեմբերին, խդր Նաբիի տոնը՝ փետրվարին, և կլոճե սարե սալեն՝ մարտին, որը խորհրդանշում է տարվա սկիզբը»:
Եզդիներն օրեր առաջ են նշել Սուլթան էզիդի տոնը: Այդ օրը եզդիական համայնքը սեղան է բացում, այցելում են միմյանց ու հիշում ննջեցյալներին, հոգեհաց բաժանում: Եզդիներին են այցելում նաև հայերը՝ ասում է Թալին համայնքի Արտենի գյուղից Բեմալ Թամրյանը: Արտենիում ապրում է 28 եզդի ընտանիք:

«Մինչև դեկտեմբերի 20-ը երեք օր հաց ենք տնից դուրս հանում, իսկ 20-ին սեղան ենք բացում, ժողովուրդը գալիս-գնում է, իսկ ցերեկը գնում ենք գերեզմաններ: Հայերն էլ են գալիս, տարբերություն չկա, հարևաններս գալիս են, սեղան ենք դնում, հետո օրհնում են ու գնում»:
Հայերը թե՛ ուրախության, և թե՛ տխրության ժամանակ միշտ մեր կողքին են՝ ասում է Բեմալը: Ապրելով Հայաստանում եզդիական համայնքը հայերի հետ միասին՝ նշում է նաև հայկական նոր տարին, բայց ոչ Սուրբ ծնունդը, այլ՝ օրացուցային տարվա սկիզբը:

«Գնում ենք մտերիմ մարդկանց տները, ոչ թե ամբողջ գյուղի: Հարևանները գալիս են մեր տուն, մենք էլ գնում ենք հարևանների տները: Կապ չունի ազգությունը՝ հայ է, թե եզդի»:
Եզդիները ազգային նոր տարին նշում են գարնանը՝ ձու են ներկում, տարեհաց թխում: Երկու ազգերի ծիսական տոները ժամանակագրական տարբերություն ունեն, որոշակի նմանություն՝ ասում է Ալմաստ Մուրադյանը.
«Տոնն ազգային ծիսակատարությամբ է նշվում, հավկիթների ներկմամբ՝ 4 գույնով, որպես աշխարհի արարման, բնության, արևի ու պտղաբերության խորհրդանիշ: Նաև տարեմուտի գաթան ենք պատրաստում: Գաթայի մեջ կոպեկ է դրվում, հետո կիսվում է ըստ սրբերի անունների և ընտանիքի անդամների: Կոպեկն ում ընկնում է, նրան էլ ամբողջ տարին հաջողությունն ուղեկցում է»:

Հայերն ու եզդիները ճակատագրով իրար նման են՝ ուսումնասիրելով ազգերի պատմությունն ասում է Ալմաստ Մուրադյանը, երկուսն է ցեղասպանվել են: Ալմաստի նախնիները Կարսի նահանգից են գաղթել, հաստատվել Արագածոտնի մարզում, հետո եկել Արմավիր: Ալմաստի հետաքրքությունների շրջանակը Մերձավոր Արևելքն է, հնագույն Իրանը, կրոնն ու մշակույթը:
«Մասնակցել եմ մի շարք տեղական ու միջազգային գիտաժողովների և գիտական հոդվածներ ունեմ տարբեր ժողովածուներում, հատկապես՝ Արևելագիտության իստիտուտի, ԵՊՀ-ի, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Մերձավոր Արևելք», «Կինն արևելքում» ժողովածուներում: Հոդվածներում հիմնականում զրադաշտական կրոնի առանձնահատկությունների մասին եմ փորձում խոսել, որը որոշ նմանություն ունի մեր կրոնին»:

Ալմաստը շարունակելու է իր գիտական գործունեությունը, նրան չի սպառնում ամուսնության պարտադրանքը, ծնողները դա թողել են իր հայեցողությանը: Մինչդեռ եզդի աղջիկ երեխաներին վաղ տարիքում են ամուսնացրել՝ անտեսելով նրա ցանկություններն ու նպատակները:
«Եղել է աղջիկների վաղ տարիքից կրթությունը թողնելու խնդիրը, որը պայմանավորված է վաղ ամուսնություններով ու մի շարք սոցիալական այլ հարցերով: Հիմա համայնքը բավականին ակտիվ է, ազգային ինքնագիտակցությունն ավելի բարձր և կարելի է ասել, որ աղջիկներն ու տղաները սովորում են, ստանում բարձրագույն կրթություն, հետո նաև աշխատանքային գործունեություն են ծավալում»:

Կրոնի առանձնահատկություններից ելնելով չի խրախուսվում եզդիների ամուսնությունն այլ ազգերի հետ: Ալմաստը եզդիականության կրոնի հնազանդ հետևորդն է ու ազգային մշակույթի կրողը:




