ԿարևորՄիջազգային

Սուրբծննդյան տոներին ընդառաջ Սիրիայի քրիստոնյաները զգուշանում են իսլամիստ նոր առաջնորդներից. Reuters

Սիրիայի քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները խորհուրդ են տալիս իրենց համայնքների անդամներին այս տարի զուսպ նշել Սուրբ ծնունդը, չնայած իսլամիստների հավաստիացումներին, որ կրոնական փոքրամասնություններն ազատ են իրենց կրոնը դավանելու հարցում:

Սիրիայի նոր իշխանությունների փաստացի ղեկավար Ահմեդ ալ Շարան քրիստոնյաներին և կրոնական այլ փոքրամասնություններին վստահեցրել է, որ կարող են իրենց ապահով զգալ Սիրիայում:

Սիրիա այցելած արևմտյան պաշտոնյաներին նա ասել է, որ չի ճնշելու որևէ կրոնական փոքրամասնության: Սակայն շատ քրիստոնյաներ դեռ պետք է համոզվեն դրանում, գրում է Reuters-ը:

Դեկտեմբերի18-ին զինված անհայտ անձինք կրակ են բացել Համա քաղաքի հունական ուղղափառ եկեղեցու վրա՝ ներխուժելով փորձել են քանդել խաչը և ջարդել գերեզմանատան տապանաքարերը:

Reuters-ի լրագրողները տեսել են, թե ինչպես են ամենագնացները, ջիհադիստական ​​երգերը շատ բարձ միացրած, ընթանում Դամասկոսի հիմնականում քրիստոնյաներով բնակեցված Բաբ Թումա թաղամասով և անհանգստացնում բնակիչներին:

Իսկ սոցցանցերում մի լուսանկար է տարածվել, որում քրիստոնեական թաղամասով շրջող զրահամեքենայի դիմապակուն գրված է՝ «Ձեր օրը գալիս է, ո՜վ խաչի երկրպագուներ»:

Ասորի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Էնդրյու Բահին Reuters-ին ասել է, որ միջադեպը շատ մտահոգիչ է: Բայց նա նաև նշել, որ երբ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ին (HTS) հայտնել են, արագ արձագանքել են՝ ստիպելով վարորդին հանել ցուցանակը և ներողություն խնդրել։

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի ներկայացուցիչը հանդիպել է Բահիի և այլ քրիստոնյա առաջնորդների հետ և ասել, որ չվախենան: «Բայց որքանո՞վ է դա ճշմարտացի և լուրջ: Մենք չգիտենք», — ասել է Բահին:

Նույնիսկ եթե վստահություն լինի «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի նկատմամբ, քրիստոնյաները վախենում են նաև իսլամիստ զինյալ այլ խմբավորումներից, գրում է Reuters-ը։

Կարդացեք նաև

Back to top button