
Հայաստանը և Կոսովոն համաձայնություն են ձեռք բերել փոխադարձաբար նախատեսել միմյանց կողմից տրամադրվող անձնագրերով մուտքի վիզայի համար դիմելու հնարավորություն, հայտնել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ նպատակը մարդկանց ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքը ապահովելն է:
Ինչ վերաբերում է երկկողմ փոխգործակցության բնույթին, ապա․ «ՀՀ-ի և Կոսովոյի միջև առկա երկխոսությունը պահպանվում է տարբեր հարթակներում, մակարդակներով երկկողմ հանդիպումների, քննարկումների միջոցով, քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային կապերը և մարդկանց միջև շփումներն աշխուժացնելու ուղղությամբ, ինչը չի նշանակում ճանաչում»:
Անի Բադալյանը նշել է, որ այս առումով Երևանն ամենևին բացառություն չէ. աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և մի շարք ԵՄ անդամ պետություններ, ճանաչում են Կոսովոյի անձնագրերը և ոլորտային համագործակցություն ունեն Կոսովոյի հետ՝ առանց ճանաչման:
Կոսովոյի անկախությունը ճանաչել է ավելի քան 100 պետություն, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Եվրամիության բազմաթիվ երկրներ։ Սակայն, մի շարք երկրներ՝ Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը։




