ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նոր փոփոխություն՝ 1 անգամ խմբագրված ու 1 անգամ հետաձգված նախագծում․ տրանսպորտի տոմսերի ապագան կորոշվի դեկտեմբերի 24-ին

Երևանի քաղաքային իշխանությունն առաջարկում է հունվարի 1-ից հետո ևս մեկ ամիս պահպանել 1 ուղևորության դիմաց 100 դրամ վճարելու հնարավորությունը։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ նախագիծ են հեղինակել, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստին։

Դրանով առաջարկում են մինչև փետրվարի 1-ը պահպանել նաև տրոլեյբուսից 50 և մետրոյից 100 դրամով օգտվելու հնարավորությունը։ Ավագանու ընդդիմադիր անդամներն էլ պնդում են՝ իշխանությունն այս քայլին է գնում, քանի որ հանրային ճնշում կա, ու համակարգն էլ պատրաստ չէ ամբողջովին էլեկտրոնային վճարման անցնել։ Ինչ կլինի 2025թ հունվարի մեկից հետո՝ պարզ կլինի ավագանու տարվա վերջին նիստին՝ դեկտեմբերի 24-ին։ Աննա Հարությունյանն է մանրամասնում։

Եվս մեկ ամիս քաղաքացին կկարողանա տրանսպորտի մեկ ուղևորության համար 100 դրամ վճարել, եթե, իհարկե, դեկտեմբերի 24-ին Երևանի ավագանին հավանություն տա այս առաջարկին։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ նախատեսում են առաջիկա նիստում քննարկել ու տոմսային նոր համակարգին ամբողջովին անցումը ևս մեկ ամսով հետաձգել։ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկած նախագծով նախատեսվում է մինչև 2025-ի փետրվարի 1-ը նոր փաթեթներին զուգահեռ պահպանել մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամ արժեքը, սակայն բացառապես էլեկտրոնային եղանակով Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։ Այլ կերպ ասած՝ հունվարի 1-ից 100 դրամանոց մետաղադրամներ ընդունող սարքեր այլևս չեն լինի։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանի կարծիքով՝ քաղաքային իշխանությունն այս քայլին է գնում, քանի որ տեխնիկապես պատրաստ չէ փոփոխությանը։

«Մենք շատ լավ տեղյակ ենք, որ ոչ քարտերի վաճառք տեղի ունեցավ, ոչ համապատասխան կայք գործարկվեց, այսինքն՝ պատրաստ չեն։ Բացի այդ՝ քաղաքապետարանն առերեսվել է իր ստեղծած համակարգի ոչ կատարյալ, փնթի լինելուն, քանի որ քաղաքացիների մեծ մասն ամեն դեպքում նախընտրում է վճարել մետաղադրամով, այլ ոչ այդ էլեկտրոնային համակարգերով ու QR կոդերով։ Դա է նաև պատճառը որ փորձում են այս մեկ շաբաթում 100 դրամանոց մետաղադրամները հանել շրջանառությունից, որ մարդիկ սովորեն էլեկտրոնային վճարումներին»,-ասում է Աբգարյանը։ 

Դեկտեմբերի առաջին 15 օրերի ընթացքում տրանսպորտից օգտվողների միայն 36, իսկ տրոլեյբուսներից օգտվողների 6 տոկոսն է նախընտրել վճարել QR տոմսով։ Անցնող շաբաթ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս վիճակագրությունը մտահոգիչ էր համարել ու նկատել՝ դեռ շատ անելիք կա նոր, բացառապես էլեկտրոնային համակարգին անցումը սահուն կազմակերպելու համար։

«Խոսքն այն մասին է, որ 6 տոկոսն է միայն էլեկտրատրանսպորտում օգտվում նոր համակարգից, իսկ 94 տոկոսը դեռևս կոպեկով է վճարում, այսինքն՝ 94 տոկոսը պետք է անցում կատարի նոր համակարգին։ Կամ 36 տոկոսն է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում օգտվում  նոր համակարգից, իսկ սա նշանակում է, որ ուղևորների 64 տոկոսը դեռ 100 դրամանոցով է վճարում կատարում։ Սրանք լուրջ թվեր են»,-ասել էր Ավինյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանի կարծիքով, քաղաքային իշխանությունը նոր նախագծով առաջարկում է ևս 1 ամիս 100 դրամով երթևեկելու հնարավորությունը պահպանել՝ հաշվի առնելով նաև հանրային ճնշումը։ Աբգարյանը հիշեցնում է՝ իրենց խմբակցությունը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ ստորագրահավաք էր սկսել, ու ավելի քան 75 հազար մարդ իր ստորագրությամբ միացել էր պահանջին, որ տոմսային համակարգին զուգահեռ գործի նաև մեկ ուղևորության 100 դրամ արժեքը։ Իրենք նաև ավագանու որոշման նախագիծ էին հեղինակել նույնատիպ առաջարկով, որը սեպտեմբերից մինչ օրս լիագումար նիստերի օրակարգում չի ընդգրկվել։ Նախկին քաղաքապետը ֆեյսբուքյան գրառմամբ էր դիմել քաղաքացիներին ու շեշտել, որ պայքարն անպայման շարունակելու են։

«Իշխանություններն այս պահին ավելացրել են այս կետը մեր բոլորիս ճնշման ներքո։ Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է թուլանանք, մենք պետք է զգոն լինենք։ Եվ եթե իրենք հանկարծ որոշեն փետրվարի 1-ից նորից թանկացնել տրանսպորտը, ապա ժողովուրդը կանի նույնը, ինչ պատրաստվում էր անել հունվարի 1-ին։ Եվ մենք անպայման կմիանանք ժողովրդի բոյկոտին՝ վճարելով տրանսպորտի համար առավելագույնը 100 դրամ»։  

Երևանի քաղաքապետարանից նաև հայտնել են, որ առաջարկում են մինչև փետրվարի 1–ը պահպանել տրոլեյբուսի ուղետոմսի 50 դրամ արժեքը։ Մետրոյի տոմսը ևս կշարունակի 100 դրամ արժենալ։ Քաղաքապետի խոսնակի փոխանցմամբ՝  արդեն հունվարից հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, կգործարկվի նոր կայք, որի միջոցով արագ և առանց դժվարությունների առցանց ձեռք կբերեն տոմսային փաթեթներ ու կդիմեն սահմանված արտոնություններով փաթեթներ ստանալու համար։ Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը կարծում է՝ հունվարից տրանսպորտային փաթեթների պահանջարկը մեծ չի լինի, մարդիկ պարզապես կշարունակեն 100 դրամանոց QR տոմսերով երթևեկել։

«Ես կարծում եմ, որ հունվարին մենք ականատես ենք լինելու հերթական քաոսային վիճակին, երբ մարդիկ՝ հիմնականում տարեցները, հասկանալու են, որ  իրենց՝ դժվարությամբ գտած 100 դրամներն այլևս ոչ մի տեղ չեն ընդունվում, և քաոսային իրավիճակ է ստեղծվելու»։

Ինչ կլինի 2025թ հունվարի մեկից հետո՝ պարզ կդառնա ավագանու՝ այս տարվա վերջին նիստին՝ դեկտեմբերի 24-ին։ Եթե նոր որոշումն ընդունվի, սա կլինի արդեն 3-րդ փոփոխություն-հետաձգումը տրանսպորտի տոմսային համակարգում։ Տարեսկզբին քաղաքային իշխանությունը տոմսային փաթեթների այլ արժեքներով այլ տարբերակներ էր առաջարկել, հետո՝ հրաժարվել այդ նախագծից։ Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորումն էլ ի սկզբանե նախատեսվում էր գործարկել 2024-ի սեպտեմբերի 1-ից, այդ ժամանակ էլ «Քաղաքային իշխանությունն» առաջարկեց 4 ամսով հետաձգել տոմսային համակարգը ու սպասել ներմուծվող նոր ավտոբուսներին։ Որոշումը նորից կխմբագրվի, եթե առաջիկա նիստին ավագանին կողմ քվեարկի։

Կարդացեք նաև

Back to top button