
Առնվազն երկու մարդ, որոնցից մեկը երեխա է, զոհվել է, իսկ 68-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց Սուրբծննդյան տոնավաճառում Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում, հայտնում է BBC-ն։
Ըստ նախնական վարկածի՝ բախումը դիտավորյալ է եղել. վարորդը բերման է ենթարկվել, նրա հարձակման դրդապատճառները հայտնի չեն։ Սաքսոնիա-Անհալթ նահանգի կառավարության ղեկավար Ռայներ Հասելոֆի խոսքով՝ վրաերթի մեջ կասկածվողը 50-ամյա տղամարդ է, Սաուդյան Արաբիայից, հոգեբույժ։
Նա 2006 թվականին եկել է Գերմանիա՝ սովորելու, իսկ հետո ճանաչվել է փախստական։ Նա երկրում մշտական բնակության թույլտվություն ունի։ Մագդեբուրգի իշխանությունների տրամադրած թարմացված տվյալների համաձայն՝ բախման հետևանքով տուժել է 68 մարդ, որից 15-ը՝ ծանր։ Ըստ AFP-ի՝ ավտոմեքենան, որը, ենթադրաբար, սև BMW մակնիշի է, մեծ արագությամբ մխրճվել է ամբոխի մեջ և սլացել մոտ 400 մետր:
Մեքենան, հավանաբար, վարձակալված է եղել։ Դեպքերի ականատեսները Reuters-ին պատմել են, որ մեծ արագության պատճառով, որով շարժվել է մեքենան, մարդկանց բառացիորեն նետել է այս ու այն կողմ։ Իրավապահները կարծում են, որ վրաերթը կանխամտածված է եղել, և կասկածյալը գործել է միայնակ։ Մեքենայում պայթուցիկ չի հայտնաբերվել։ Ելնելով դրանից՝ քննիչները կարծում են, որ կասկածյալին ձերբակալելուց հետո Մագդեբուրգի բնակիչներին այլևս վտանգ չի սպառնում, սակայն դեպքի վայրը շաբաթ վաղ առավոտյան շրջափակված է մնացել։
Հարձակման դրդապատճառը դեռևս հայտնի չէ։ dpa գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները, հայտնում է, որ կասկածյալը իսլամիստ չի եղել։




