
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը վերջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են այս տարվա հոկտեմբերի վերջին՝ ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովի շրջանակներում, բայց նրանց հեռավար բանավեճը լրատվամիջոցների միջնորդությամբ նոր է։ Ամեն ինչը սկսվել էր Ալիևի՝ ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցից, որը լի էր մի շարք մանիպուլյատիվ պնդումներով, որոնց հաջորդեց Հայաստանի վարչապետի պատասխանը։ Այժմ հանրությունը փորձում է հասկանալ՝ ինչո՞ւ և ինչին էին միտված այդ հարցազրույցները։
Բաքուն դեռ չի պատասխանել ավելի քան մեկ ամիս առաջ Երևանի ուղարկած առաջարկներին խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի վերաբերյալ։ Հայաստանն առաջարկում է, որ երրորդ երկրների ուժեր չտեղակայելու մասին դրույթը տարածվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածների վրա, որովհետև դրանցում էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվել է։
Պաշտոնական Երևանի տրամաբանությամբ՝ ամբողջական սահմանազատումից հետո Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի։ Չհամաձայնեցված երկրորդ կետը՝ միջազգային դատական ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշման պահանջը Երևանը տրամաբանական է համարում խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո։

Սակայն, այստեղ էլ կա նրբություն, «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է վարչապետ Փաշինյանը․
«Այստեղ կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձևաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի և երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը ետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատև աղբյուր դարձնելով»:
Ըստ Հայաստանի վարչապետի՝ հայկական կողմը շարունակում է կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում: Սակայն Ադրբեջանը ձգտում է բանակցային օրակարգի մաս դարձնել նաև Հայաստանի սպառազինության սահմանափակման հարցը՝ հետագա էսկալացիայից խուսափելու շահարկմամբ։ Վարչապետ Փաշինյանը այդ հարցի վերաբերյալ հայտարարել է․
«Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով: Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է»:
Փաշինյանն անդրադարձել է նաև պաշտպանական զինատեսակներ ձեռք բերելու հարցին: Վարչապետը հարցնում է՝ անգամ գերհագեցած ՀՕՊ և ՌԵՊ միջոցներ ունենալու դեպքում, ինչո՞վ պետք է պետությունը պաշտպանվի ցամաքային հարձակումներից։ Իհարկե՝ հրետանիով, իհարկե՝ հրթիռներով, իհարկե՝ խոցման այլ միջոցներով՝ արձանագրում է Նիկոլ Փաշինյանը:
Ադրբեջանն էլ ոչ պաշտպանական սպառազինություն է ձեռք բերում, նշել է վարչապետը, իր հարցազրույցի մեկ այլ հատվածում խոսելով Հայաստանի տարածքների նկատմամբ Բաքվի՝ «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումով հավակնությունների մասին։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հարցում ԱՄՆ-ի և անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ներդրած ջանքերին անդրադարձել է նաև ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք փորձում ենք կենտրոնանալ ոչ թե հիասթափությունների, այլ պարզապես աշխատանքը շարունակելու վրա: Պետքարտուղար Բլինքենը վաղուց ասել է, որ շատ ոլորտներում օրեր են պահանջվում քրտնաջան աշխատանքի համար, մինչև ամեն ինչ պտուղներ տա: Սակայն սա շարունակում է կենսական նշանակություն ունեցող ոլորտ մնալ այս վարչակազմի և պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել դրա վրա մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը»։
Իրականում, հենց Միացյալ Նահանգների վարչակազամի աշխատանքով է պայմանավորում Հարավային Կովկասում հնարավոր խաղաղությունը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նա անդրադարձել է վարչապետ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների հարցին։ Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմը գտել է լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Այդ առաջարկը գրավոր ձևով փոխանցել են Բաքվին ու սպասում են դրական արձագանքի: «Երբ այդ արձագանքը լինի, անհրաժեշտ կլինի արագ պայմանագիր ստորագրել և անցնել երկաթուղու կառուցմանը»,-ասել է Փաշինյանը։
Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ուշադրություն է հրավիրում, որ Հայաստանը դեռ մի քանի շաբաթ էր առաջարկներ փոխանցել Ադրբեջանին, և եթե առ այսօր չկա Ադրբեջանի պատասխանը, դա նշանակում է, որ այն, ինչ առաջարկել է Երևանը, Ադրբեջանի համար առավելագույնը կարող է ընդունելի լինել մասամբ, և Բաքուն թերևս Երևանին կարձագանքի այսպես ասած իր «ուղղումներով»:

«Ադրբեջանը ակնհայտորեն չունի խաղաղության պայմանագրի նպատակ, եթե այդ պայմանագիրը, իհարկե, չի արտացոլում իր բոլոր պահանջները։ Ես չափում եմ մակրո միջավայրով։ Եթե Թրամփին կհաջողվի հասնել Ուկրաինայում դադարի, և եթե այդ պայմանավորվածությունները կներառեն նաև որոշակի համաձայնություններ Կովկասի մասով, ապա այստեղ կարող են պրոցեսները իրենց տրամաբանությամբ փոխել։ Եթե չի փոխվի մակրո միջավայր, ապա ես կարծում եմ, որ Կովկասում սպասել խաղաղության համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, երբ շատ ավելի ուժեղ գործոնները շահերի բախման մեջ են, կարծում եմ՝ իրատեսական չեն»։
Վարչապետն իր հարցազրույցում անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինկսի խումբը լուծարելու Ալիևի պահանջին՝ այն համարելով կառուցողական։ Սա Հայաստանի իշխանության թերևս միակ դիրքորոշումն է, որը ինչ-որ չափով ընկալվել է ընդդիմադիր դաշտում։
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց․
«Մինսկի խմբի համանախագահություն իսկապես գոյություն ունենալ չի կարող երկու պատճառով։ Ալիևը ասի՝ չասի, դա կապ չունի։ Դա օբյեկտիվ իրականություն է, որը բխում է երկու պատճառից։ Առաջինը՝ որովհետև այդ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կա սուր հակադրություն, այսինքն՝ կոնսենսուս չի կարող նրանց միջև կայանալ։ Երկրորդ՝ չկա այն խնդիրը, ինչի համար նրանք ստեղծվել էին»։
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ Ալիևի հարցազրույցում հնչած մտքերից կարելի է պատկերացում կազմել, թե բանակցային սեղանին պահանջների ինչ ընդհանուր փաթեթ է կազմվել Հայաստանի համար։

Վտանգները չեզոքացնելու միայն մեկ տարբերակ կա, ըստ նախկին արտգործնախարարի․
«Հատկապես, հաշվի առնելով վերջին զարգացումները միջազգային թատերաբեմում ԼՂ ժողովրդի վերադարձի իրավունքի շուրջ։ Երկու օր առաջ Շվեյցարիայի խորհրդարանը բանաձև անցկացրեց, այս տարվա ընթացքում Եվրախորհրդարանը երկու որոշում է ընդունել, որ կոչ է անում Ադրբեջանին ապահովել արցախցիների վերադարձը։
Կա նաև անցյալ տարվա միջազգային դատարանի որոշումը։ Այս բոլորը պարտադրում են Ադրբեջանին խոսել դրա մասին։ Մեր առաջ լուրջ խնդիրներ կան դեռ։ Ղարաբաղի հարցը պետք է բերել օրակարգ՝ դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները՝ դիվանագիտական հավասարակշռություն կլինի, Հայաստանն իր տեղը և արժեքը կունենա բանակցությունների սեղանի շուրջ, միջանցքների խնդիրը կարող է կարգավորվել»։
Այս քաղաքականությանը վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մի քանի անգամ։ Երկու ամիս առաջ Աժ-ում նա ևս մեկ անգամ պնդեց․
«Ղարաբաղի հարցը հենց իր էության մեջ «թոկի» ձևով Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ, և փոխզիջումների անվան կամ զիջումների փաթեթները, որոնք 2016 թվականի օգոստոսից դրված են եղել բանակցությունների սեղանին, բովանդակությամբ եղել են հետևյալի մասին՝ որ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն չունենա, որովհետև այն փաթեթը, որը գոյություն է ունեցել 2016 թվականի օգոստոսի դրությամբ, հետևյալի մասին է եղել՝ որ Հայաստանի վզին գցած պարանը պետք է ավելի ձգել և մի մոտիկ տեղից կապել: Ես հենց դա նկատի ունեմ, երբ ասում եմ, որ մենք պետություն ունենալու շանս ենք ստացել»։

Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի շարունակական պնդումներին, ապա վարչապետ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում կրկին մերժել է այդ պնդումները, նշելով, որ ՀՀ Սահմանադրության բուն տեքստում որևէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի մասին ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի հիշատակում չկա:




