
Իրավական ակտերի միասնական հարթակում Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը քննարկման է դրել Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը։ Այս պահին թիրախային 4 խումբ է առանձնացված՝ մարզային քաղաքներ ներառող համայնքների բնակչությունը, չսովորող, չաշխատող երիտասարդները, 30-39 տարեկան կանայք, ընտանեկան ու սոցիալական նպաստ ստացող, առանց սահմանափակումների աշխատունակ շահառուները: 2025-ին փաստաթղթում, որպես թիրախ, կներառվեն նաև հաշմանդամություն ունեցողները։ Փաստաթղթում ներառված է նաև ժողովրդագրական իրավիճակի վերլուծությունը։
Որքա՞ն պետք է ստանա ՀՀ քաղաքացին, որ ցանկանա տանից դուրս գալ, վերապատրաստվել ու աշխատել․ ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը հստակեցնում է՝ զբաղվածության նոր ռազմավարությունում հստակ նշված է՝ բարձր արտադրողականություն։ Թվեր փոխնախարարը չի ներկայացնում․
«Նախընտրելի է, որ բոլորս ստանանք բարձր աշխատավարձ։ Պրակտիկ իմ փորձից էլ ասեմ, որ տարբեր դեպքերում քաղաքացիները ընդունելության, հանդիպումների կամ քննարկումների ժամանակ հարցը բարձրացնում են։ Ինչ-որ բանի հասնելու կամ բարձր աշխատավարձ ստանալու համար պետք է քայլեր ձեռնարկել»։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում կոնկրետ հաշվարկներ կան։ Նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը նույնպես կարևորում է ինքնակրթվելն ու մասնագիտական վերապատրստումները, մոտիվիացիան, բայց և թվեր է ներկայացնում․
«Մեր հաշվարկներով՝ 250 հազար դրամ»։
Այսօր կա նաև աշխատատեղերի պահանջարկ, որոնք չեն համալրվում․ Արհմիությունների կոնֆեդերացիայի հարցումներն են պարզել։ Պահանջարկը ոչ միայն մասնավոր, այլև պետական հատվածում է։
«Երբ որ մարդը դուրս է գալիս աշխատանքի, 120 կամ 150 հազար դրամ պայմանական աշխատավարձով։ Մեր քաղաքացիների շրջանում արված հարցումները ցույց են տալիս, որ ավելի շատ գումար է ծախսում՝ տրանսպորտի, ընդմիջման, կենցաղի, արտաքին տեսքի հարցերը լուծելու, երեխաներին տեղավորելու հետ կապված։ Իրենք սկսում են հաշվել ու հասկանում են, որ 30 հազար դրամի համար են աշխատում։ Սա հանգեցնում է նրան, որ պարզապես չեն ուզում աշխատել»։
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում քննարկման է ներկայացրել Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը։ Հայաստանում գործազրկությունը կրում է ցիկլիկ ու կառուցվածքային բնույթ: Աշխատուժի զգալի մասն անմրցունակ է և չունի գիտելիքների, մասնագիտական հմտությունների այն մակարդակը, որն անհրաժեշտ է ժամանակակից արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար: Աշխատանքային ռեսուրսների թերզբաղվածներ, գործազուրկներ և պոտենցիալ աշխատուժ ենթախմբերը միասին կազմում են աշխատանքային ռեսուրսների թերօգտագործվող հատվածը: Նախագծում նշված է, որ Հայաստանում 2022 թվականին թերօգտագործվող հատվածը կազմել է աշխատանքային ռեսուրսների 15%-ը կամ 339 հազ․ մարդ։
ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը հստակեցնում է․
«Կարևորում ենք միջին տարիքի չաշխատող կանանց ոչ ֆորմալ կարճաժամկետ մասնագիտական կրթություն ստանալը, ուստի խրախուսման մեխանիզմներ ենք ներդնում, օրինակ՝ վաուչերների տրամադրում, ինչպես նաև կապի ստեղծում աշխատաշուկայի հետ։ Բիզնեսի մասով կփորձենք խթանել նաև, որ չաշխատող կանանց մոտ զբաղվածության մակարդակն ավելանա»։
Կանանց դեպքում հստակ ամրագրված է՝ աջակցել ոչ միայն, որ նրանք աշխատեն, այլ՝ ստեղծեն իրենց բիզնեսը։ Թե ինչպես, որ ոլորտներում, սա արդեն տնտեսական ռազմավարությամբ կորոշվի։ Կանայք աշխատաշուկա վերադառնալիս խնդիրներ են ունենում հատկապես, երբ երեխայի խնամքի արձակուրդից հետո են փորձում աշխատանքի անցնել, տղամարդիկ՝ զորացրվելիս։ Այժմ պիլոտային ծագրեր են իրականցվում՝ ասում է ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, աջակցում են, որ զորացրվելուց հետո երիտասարդները բարձրագույն կրթություն ստանան։
Սա միակ նախագիծը չէ․ «Այն երիտասարդները, ովքեր, զորակոչվելիս բուհում չեն սովորել, զբաղվածության ծրագիր ենք առաջարկում՝ ոչ ֆորմալ հատվածում»։
Հայաստանի աշխատաշուկայում 2023-ից սկսած փոփոխություններ կատարվեցին, այս հարցում կարևոր դեր ունեցան ԼՂ-ից բռնի տեղահանվածները։ Տեղահանվածների շուրջ 107 հազարը աշխատանքային ռեսուրս է համարվում՝ ըստ ԱՄԿ մեթոդաբանության։ Մոտ 27 հազար տեղահանված Հայաստանի աշխատաշուկայում ինտերգրվել է․
«Ֆորմալ աշխատաշուկայում ինտերգրման մասին է խոսքը՝ այս կամ այն ձևով նրանք գրանցված են։ Կա նաև բարձր տոկոս ոչ ֆորմալ զբաղվածության, ինչը մեզ համար խնդիր է»։
Ակնկալվում է, որ մինչև 2031 թվականը զբաղվածության մակարդակը մարզային քաղաքները ներառող համայնքներում կհասնի մինչև 61.%-ի՝ 2022 թվականի շուրջ 52%-ի փոխարեն: ՀՀ 20-29 տարեկան բնակչության կազմում չսովորող, չաշխատող երիտասարդների մասնաբաժինը 2031 թվականին կկազմի մինչև 19.6%՝ 2022 թվականի 35%-ի փոխարեն: Թերօգտագործվող աշխատուժը 2031 թվականին կկազմի մինչև 166.55 հազ. մարդ՝ 2022 թվականի համեմատ նվազելով մինչև 50.8%-ով և կազմելով աշխատանքային ռեսուրսների մինչև 7%-ը՝ 2022 թվականի 15%-ի փոխարեն։




