
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նպատակը երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու լրացուցիչ երաշխիքներ ստեղծելն է, այդ թվում՝ երեխաների նկատմամբ ոտնձգություն կատարող անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու պրակտիկայի բացառման համար լրացուցիչ օրենսդրական հիմքեր ստեղծելով:
Իրավակիրառ պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 14-16 տարեկան երեխաների նկատմամբ հանցանք կատարած անձինք ազատվել են քրեական պատասխանատվությունից՝ գործուն զղջալու կամ անչափահաս տուժողի հետ հաշտվելու հիմքով։ Ներքին գործերի նախարարության Իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը վիճակագրական տվյալներն է մեջ բերում․
«2023-ի ինն ամիսներին ընտանեկան բռնության 6 դեպք է եղել, 1-ը եղել է հոգեկան ներգործության, 3-ը՝ ֆիզիկական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 1 դեպք։ Սա ընտանիքի անդամի կողմից։ Բայց մենք ունենում ենք նաև այլ դեպքեր»։
«2024-ի ինն ամսում սեքսուալ բնույթի գործողությունների երկու դեպք է գրանցվել։ ՔՕ 202 հոդվածի ՝ 22 դեպք»։
Սրանք այն դեպքերն են, որոնց հետագա ընթացքի հետ կապված տվյալներ պաշտոնապես հրապարակված չեն։ Հաշտեցման դեպքեր եղել են 2021-2022 թվականներին։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանն ընդգծում է․
«Ամեն մի դեպքը երեխայի կամ երեխաների ճակատագրեր են։ Օրինակ՝ Գավառի դեպքերը, երբ առավոտյան բոլորը տեսան, վրդովվեցին, դա միանշանակ վիճակագրության տեսանկյունից մեկ դեպք է, որի շրջանակում մեկ քրեական վարույթ եղավ, անձը քրեական պատասխանատվության է ենթարկվում։ Բայց իր ուժգնությամբ ավելի ծանր հետևանքներ է առաջացրել»։
Քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել, ինչպես նաև բացառել երեխայի նկատմամբ կատարված սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով քրեական պատասխանատվությունից ազատելու երկու հիմք կիրառելը, մասնավորապես՝ գործուն զղջալը և տուժողի հետ հաշտվելը: Նախագծով նաև շտկվում է իրավական բացը՝ մարդու թրաֆիքինգի կամ շահագործման հետ մեկտեղ երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիքինգի կամ շահագործման դեպքում՝ գործուն զղջալու կիրառումը, սահմանելով դրա կիրառման արգելքը:




